Ի՞նչ պետք է անի Հայաստանի ժուռնալիստների միությունը
Դեկտեմբերի 28-ին կայանալու է Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը, որն ընտրելու է միության վարչության նոր կազմ և ղեկավար։ Հայաստանի լրագրողական հանրությունից հետաքրքրվեցինք, թե այսօրվա մարտահրավերների պայմաններում ի՞նչ անելիքներ ունի Ժուռնալիստների միությունը, ո՞րն է նրա դերը։
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր և «NewMag» ամսագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ժուռնալիստների միությունը պետք է փոխի իր՝ դիակի կարգավիճակը, և դառնա ապրող օրգանիզմ.
«Պետք է նպաստի ազատ և անկողմնակալ ժուռնալիստիկայի զարգացմանը Հայաստանում։ Ժուռնալիստների միության անդամ դառնալը չպետք է ֆիկտիվ լինի, պետք է վերանայվեն Ժուռնալիստների միության անդամության նպատակները և հետևանքները ժուռնալիստների համար։ Ժուռնալիստների միությունը պետք է կարողանա նաև պաշտպանել ժուռնալիստների իրավունքներն ու շահերը»։
Lragir.am-ի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ընդհանրապես այն կարծիքին է, որ նմանատիպ միություններն անցյալի ինստիտուտներ են, զարգացած հասարակություններում դրանց անհրաժեշտությունը չպետք է լիներ.
«Եթե կան նման կառույցներ, և մենք դեռ այն փուլում չենք, որ դրանց անհրաժեշտությունն այլևս չի լինի, շատ կարևոր է, որ գոնե կատարեն իրենց գործառույթը՝ բուն իմաստով, այսինքն՝ չլինեն իշխանության ձեռքին գործիք, այլ լինեն այն հանրույթների ձեռքին գործիք, որը ներկայացնում են մասնագիտական և քաղաքացիական տեսանկյունից։ Այս տեսանկյունից, իհարկե, շատ կարևոր է, որ Ժուռնալիստների միությունը ներկայացնի լրագրողական հանրույթի լայն շրջանակների և իսկապես սպասարկի այն խնդիրները, որ կան այդ հանրույթի առաջ՝ տնտեսականից մինչև անմիջականորեն նեղ մասնագիտական, իրավական և այլ խնդիրներ»։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ Ժուռնալիստների միությունն առաջին հերթին՝ պետք է կարողանա լուծել ինքնակարգավորման հարցերը, այսինքն՝ այն հարցերը, որոնք կարելի է լուծել՝ իրավական դաշտ չմտնելով.
«Երկրորդը ժուռնալիստական էթիկայի հետ կապված խնդիրներն են, երրորդը լոբբինգային գործունեությունն է, այսինքն՝ իրավական ինչ-որ փոփոխություններ, որոնք համայնքը կարող է պահանջել։ Մյուսը՝ լրագրողների պաշտպանության և խոսքի ազատության հարցերն են։ Այնպես որ, իրականում Ժուռնալիստների միության գործունեությունը կարող է շատ ծավալվել, էլ չեմ ասում, որ կարող է փորձել ձևավորել նաև արհմիություն, որը կարևոր թեմա է, Հայաստանում գոյություն չունի, և որը կպաշտպանի լրագրողների աշխատանքային իրավունքները»։
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի ղեկավար Արտակ Ալեքսանյանի կարծիքով՝ Ժուռնալիստների միությունը մի քանի խնդիր ունի իր առջև դրված.
«Առաջինը լրագրողների իրավունքների պաշտպանությունն է ինչպես՝ լրագրողների դեմ ներկայացվող հայցերի ժամանակ, այնպես էլ՝ լրագրողների իրավունքների պաշտպանությունն աշխատավայրերում: Ժուռնալիստների միության առաքելություններից է՝ որոշակի արհմիութենական ֆունկցիա իր վրա վերցնելը, օրինակ՝ պաշտպանել լրագրողների՝ նվազագույն աշխատավարձ, նվազագույն հոնորար ստանալու իրավունքը, զրուցել գործատուների հետ, և այլն: Երկրորդը՝ լրագրողների կարողությունների ամրապնդումը կամ կարողությունների հզորացումն է. կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, կոնֆերանսներ, վեր հանել դաշտի խնդիրները, փորձել օգտակար լինել՝ նոր տեխնոլոգիաները խմբագրություններում ինտեգրելու հարցում: Ժուռնալիստների միության երրորդ առաքելությունը նաև խրախուսելն է՝ կազմակերպել տարբեր տեսակի մրցույթներ, սահմանել մրցանակներ, որոշել տարվա լավագույններին»։
Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության դասախոս Կարինե Քալանթարյանը ևս նկատեց, որ միությունն առաջին հերթին՝ պետք է լրագրողների շահերը պաշտպանի.
«Պետք է օրենսդրության հետ կապված խնդիրներ բարձրացնի, որոնք պետք է ապահովեն խոսքի ազատությունը: Այսինքն՝ նրա առաջնային խնդիրներից են լրագրողների իրավունքների պաշտպանությունը և խոսքի ազատության ապահովումը»:
Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի կարծիքով՝ սերնդափոխությունն անհրաժեշտություն է Հայաստանի ժուռնալիստների միությունում.
«Միայն հայտարարություններին միանալը և արձագանքելը բավարար չէ, Ժուռնալիստների միությունում նոր հայացք է պետք։ Ժուռնալիստների միությունը պետք է առավել ակտիվ դերակատարում ունենա այն բոլոր գործընթացներում, որոնք վերաբերում են լրագրողական խնդիրներին, մամուլի առջև ծառացած մարտահրավերներին՝ նախաձեռնելով քննարկումներ, փորձելով առաջադրել օրենսդրական լուծումներ, փորձել անել այն, ինչ մինչ այժմ ավելի շատ արվել է լրագրողական տարբեր կառույցների կամ խմբագիրների միջոցով։
Բավականին վատ նշան է, որ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող լրագրողների զգալի մասը ներկայացված չէ այդ միությունում։ Ես հույս ունեմ, որ փոփոխություններ կլինեն վերոնշյալ բոլոր խնդիրներում»։
Անի Քեշիշյան
Ռազմիկ Մարտիրոսյան