«Սերժ Սարգսյանին ուղղակի աղաչում են, որ ստանձնի այդ պատասխանատու, ծանր պաշտոնը». Էդգար Վարդանյան
Քաղաքագետ Էդգար Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով տարին՝ նշեց, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները հերթական մեխանիզմ էին իշխանությունների վերարտադրության համար։
«Այդ մեխանիզմի մեխն այն է, որ ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում, տեղի է ունենում որոշակի միջոցառում, որն ապահովում է իշխանությունների վերարտադրությունը։ Չեն ապահովվում հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար, ակնհայտ կողմնապահություն կա համապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունների կողմից՝ ի օգուտ իշխանությունների։ Որպեսզի ընտրությունները լինեն ազատ և արդար, անհրաժեշտ է, որ մինչև ընտրական փուլը լինեն հավասար հնարավորություններ բոլորի համար, ինչը չի արվում։ Մյուս կարևոր բանը վարչական ռեսուրսի օգտագործումն է, բայց պետք է նշել, որ Հայաստանի նման երկրներում վարչական ռեսուրսի օգտագործումն ունի իր յուրահատկությունները․ շահարկվում, օգտագործվում է մարդկանց կախվածությունը տարբեր ուժային կենտրոններից, տարբեր ուժեղ խաղացողներից։ Դրանք օլիգարխներն են, թաղային հեղինակությունները, բարձրաստիճան չինովնիկները և տարատեսակ իշխանություն ունեցող սուբյեկտները։ Այդ կախվածության հիման վրա ընտրակաշառք առաջարկելով, տարբեր ճնշումներ բանեցնելով՝ կարողանում են ապահովել հանրության մասնակցությունն այն առումով, որ հանրության զգալի հատվածը գնում և իրականում քվեարկում է ի օգուտ իշխանությունների»,- ընդգծեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ չի կարելի ասել, թե ինչ-որ նորարարություն կար, բայց բոլորն էլ նշում են, որ իշխանությունները փորձում էին խնդիրն ընտրատեղամասից դուրս լուծել.
«Այսինքն՝ այնպես անել, որ ակնառու, բռի խախտումներ չլինեն ընտրատեղամասերում։ Երկու հանգամանք կա, որ ստիպում է իշխանություններին՝ նման գործելակերպ որդեգրել։ Առաջինն այն է, որ կա որոշակի ակտիվ քաղաքացիական հատված, որը բավականին լուրջ փորձ ունի պայքարի, հստակ ձևակերպել է իր պահանջները, իրականացնում է մոնիտորինգ, որոշակի ճնշում, անընդհատ հետևում, բարձրացնում է այս հարցը։ Փաստացի, դա զսպիչ աշխատանք է իշխանությունների համար։ Այսինքն՝ իշխանությունները փորձում են հնարավորինս այնպես անել, որ լարվածություն չառաջանա»։
Երկրորդ հանգամանքը, ըստ նրա՝ Արևմուտքի ազդեցությունն է. «Իշխանությունները կախված են Արևմուտքից, Կրեմլը չի կարողանում ամբողջությամբ բավարարել ներկայիս իշխանությունների պահանջները, և ստիպված իշխանություններն Արևմուտքից որոշակի ռեսուրսներ ստանալու համար պետք է զիջումներ անեն»։
2017 թվականը, քաղաքագետի խոսքով՝ ծնեց նոր ընդդիմադիր սուբյեկտ՝ ի դեմս «Ելքի». «Այսօր ընդդիմադիր դաշտում համար 1 դիրքերը գրավում է «Ելք» դաշինքը»։
Ինչ վերաբերում է 2018թ. ապրիլին, նա ասաց, որ հնարավոր չէ 100 տոկոսով ասել, թե Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ. «Բայց ամենահավանական տարբերակը հենց դա է, որովհետև նախ՝ համակարգն ինքնին ինչ-որ տեղ այլընտրանք չի թողնում այն մարդուն, որն ավարտում է իր պաշտոնավարումը և պետք է գտնի տարբերակ պահպանելու իր ռեսուրսները, մանավանդ՝ հանգամանքը, որ այդ մարդը գրեթե միշտ եղել է շատ բարձր պաշտոնների, ունեցել է լուրջ լծակներ, և նույնիսկ այն ժամանակ, երբ չի եղել վարչապետ կամ նախագահ, եղել է սուպերնախարար, այդպես էին ասում ժամանակին։ Այսինքն՝ մարդ, որը ոչ թե պարզապես զուտ պաշտոնյա է, այլ ունի լուրջ լծակներ, լուրջ ռեսուրսներ, լուրջ հեղինակություն՝ որոշակի շրջանակներում»։
Սահմանադրության փոփոխությունը ևս, ըստ նրա՝ հիմք է տալիս ենթադրելու, որ դա արվել է երրորդ անգամ երկրի ղեկավար դառնալու խոչընդոտը հաղթահարելու համար։
«Իշխանության ներսում գտնվող տարբեր գործիչների հայտարարությունները, որ այլընտրանք չկա Սերժ Սարգսյանին, և, որ հարկ եղած դեպքում իրենք խնդրելու են Սերժ Սարգսյանին, որ նա լինի վարչապետ, և, ըստ էության, սկսվել է Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնելու կամպանիան։ Այդ կամպանիայի մեխն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը չի առաջարկում իր թեկնածությունը, այլ նրան ուղղակի աղաչում են, որ ստանձնի այդ պատասխանատու, ծանր պաշտոնը»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ի օգուտ այդ թեզի է խոսում այն, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը շատ ակտիվ հրապարակային PR կամպանիա է իրականացնում՝ պոպուլիզմով հագեցած։
«Նաև ի օգուտ այդ թեզի է խոսում այն, որ Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները միշտ են խոսել, որ նա ընտանիքի հայրն է, որ ընտանիքի հորը չեն փոխում, որ Սերժ Սարգսյանն անվտանգության պաշտպանն է մեր երկրի, և այդ խնդիրներով պետք է զբաղվի։ Այս բոլոր հանգամանքները խոսում են դրա մասին։ Իհարկե, կարող են լինել ֆորսմաժորներ, տարբեր գործընթացներ տեղի ունենան։ Կարեն Կարապետյանի PR-ն էլ է ինչ-որ տեղ շարունակում արվել։
Մենք հիշում ենք, որ ողջ նախընտրական կամպանիան հիմնված էր հենց Կարեն Կարապետյան անձի վրա, և չեմ կարծում, որ դա ընդամենը մի քանի ամսվա համար էր արվում։ Հավանաբար Կարեն Կարապետյանն էլ մնալու է իշխանության ներսում, միգուցե՝ փոխվարչապետի պաշտոնում։ Պուտին-Մեդվեդև տանդեմի հայաստանյան մոդիֆիկացիան է հնարավոր, որ ունենանք»։
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»