«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարթակն ավելի ազդեցիկ ու բարձր պետք է լինի»

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը կշարունակվի հաջորդ տարի: Վիեննայում շաբաթներ առաջ կայացած նախարարական հանդիպումը վերջինն էր այս տարվա ընթացքում: Հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա հունվար ամսին:

Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ գոյություն ունի պայմանավորվածություն 2018 թվականի հունվարի կեսերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու շուրջ: Այս մասին Մամեդյարովը խոսել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Հանդիպման ժամկետը կհայտարարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Կա պայմանավորվածություն գալիք տարվա հունվարի կեսերին հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- հայտնել էր Մամեդյարովը: Նա տեղեկացրել էր, որ հանդիպումը տեղի կունենա Եվրոպայի երկրներից մեկում:

«Վիեննայում մենք մտքեր փոխանակեցինք: Համանախագահները կգնահատեն քննարկումներն ու որոշում կկայացնեն: Ես անգամ ասացի, որ համաձայն եմ բանակցություններ վարել երկու օր: Կարևորն արդյունք ունենալն է»,- ասել է Մամեդյարովը:

Նշենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը կայացել է Վիեննայում դեկտեմբերի 6-ին: Հաջորդ օրը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի աշխատանքի արդյունքներով ԼՂ հիմնահարցի առնչությամբ հայտարարություն էին ընդունել Մինսկի խմբում համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարները, որոնք կարևորել էին ակտիվ շփումները կողմերի միջև, կոչ անելով շարունակել խաղաղ կարգավորման բանակցությունները` հիմնվելով նախորդ տարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների վրա:

«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ամփոփելով տարին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համար, ասաց, որ՝ չնայած համանախագահների ջանքերին, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ: Ռարի գնահատմամբ, կարգավորման տեսլական չի ուրվագծվում մոտ ապագայում: Ուստի, ըստ նրա, պետք է նոր գաղափարներ առաջ քաշել, նոր հարթակներ ձևավորել խնդրի համապարփակ կարգավորման համար, քանի որ ներկայիս ձևաչափն էական արդյունքների չի հանգեցնում: Ալեքսանդր Ռարը նշեց, որ հակամարտության շուտափույթ կարգավորմանը խոչընդոտել են նաև մի շարք տեխնիկական բնույթի հանգամանքներ:

«Սա շատ հին հակամարտություն է, միջնորդները, այսինքն` դիվանագետները, փոխվում են, նոր դիվանագետներին երկար ժամանակ է անհրաժեշտ լինում այս կոնֆլիկտին ծանոթանալու, դրա տրամաբանությունը հասկանալու համար, բավականին մեծ ժամանակ է ծախսվում, ժամանակը վատնվում է, գալիս է նոր դիվանագետը, նրանք այն սերնդի ներկայացուցիչներն են, որոնք այս հակամարտության ձևավորման ժամանակ նույնիսկ դիվանագետի կոչում չեն ունեցել:

Ես սա այս դժվար հակամարտության չկարգավորման հիմնական խնդիրներից մեկն եմ համարում: Գիտակցելով, որ այն լուրջ է, չկա առաջընթաց, ավելին, ժամանակ առ ժամանակ՝ լարվածություն, նույնիսկ պատերազմական գործողություններ, պետք է նոր ավելի լուրջ հարթակներ ձևավորել այս հակամարտության կարգավորման համար, որը լուրջ ազդեցություն և հեղինակություն կունենա:

Ես կողմ եմ, որպեսզի հակամարտության կարգավորմանը մասնակցեն միջազգային մասշտաբային կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ ունեն լծակներ, լուրջ ազդեցություն կողմերի նկատմամբ, ինչպիսին ԵՏՄ-ն է, ԵՄ-ն, ՄԱԿ-ը: Սրանք բոլորը քաղաքական լուրջ կառույցներ են, մեկը Հայաստանի նկատմամբ կարող է արդյունավետ լինել, մյուսը՝ Ադրբեջանի, բայց այս կառույցները կարգավորման աշխատանքներին միանալուց հետո պետք է սերտ համագործակցեն, ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

Որքան բարձր է մակարդակը, և լայն՝ կարգավորման հարթակը, այնքան ավելի մեծ են հնարավորություններն արդյունքի հասնելու հարցում: Ես կցանկանայի, որպեսզի կարգավորմանը մասնակցեին ԵՄ-ն, որն արդեն գործում է, որպես քաղաքական ուժ, և ԵՏՄ-ն»,- ասաց Ռարը:

Նրա կարծիքով, այս ուժերի միջամտությամբ հնարավոր կլինի կայուն պահել տարածաշրջանային խաղաղությունը: Այս առումով, գերմանացի քաղաքագետի խոսքով, ողջունելի է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում իր տեղն ունի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի մոտեցումը:

«Բայց այստեղ ԵՄ-ն հանդես է գալիս՝ որպես չեզոք գործոն, ողջ պատասխանատվությունը դնելով միայն ԵԱՀԿ ՄԽ-ի վրա, այնինչ ԵՄ-ն կարող է այլ պարտավորություն ստանձնել, բացի կողմերի մերձեցմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումից: Ժամանակի ընթացքում այս անհրաժեշտությունը, կարծում եմ, կհասկանան նաև այս կենտրոնները, քանի որ ներկայումս այս կենտրոնները սևեռված են այլ հարցերի վրա»,- նկատեց Ալեքսանդր Ռարը:

Նա նշեց, որ Եվրոպան և Արևմուտքն այսօր չեն կարող զբաղվել Հարավային Կովկասով, քանի որ կա կատալոնական հարցը, ԱՄՆ-Ռուսաստան հակասությունները, ԵՄ-ի ներսում տարաձայնությունները, Եվրոպա-ԱՄՆ բարդ հարաբերությունները Թրամփի քաղաքականության արդյունքում, Թրամփի նոր քաղաքականությունը: Սրանք, նրա կարծիքով, մարտահրավերներ են, որոնց հաղթահարման ուղղությամբ էլ աշխատում են գերտերությունները ներկայումս:

«Սակայն չպետք է մոռանալ, որ կան օջախներ, որոնք անուշադրության դեպքում կարող են էլ ավելի վտանգավոր լինել, քան ներկայիս մարտահրավերները: Դրանում համոզվեցինք ապրիլյան պատերազմից հետո: Չէ՞ որ դա ոչ մեկը չէր կանխատեսել, բայց դա տեղի ունեցավ»,- ասաց Ռարը:

Գերմանացի քաղաքագետի խոսքով, հակամարտության չկարգավորման խթաններից մեկը նաև Արևմուտք-Ռուսաստան հակասությունների հետևանքով միջազգային իրավունքի երկակի մեկնաբանություններն են: Այնինչ, քաղաքագետի վստահեցմամբ, միջազգային իրավունքը երկու մեկնաբանություն ունենալ չի կարող: Նրա խոսքով, դա կնշանակի փակուղի, ինչի ականատեսն ենք նաև ԼՂ հակամարտության դեպքում:

«Այն երկրների համար, որոնց տարածքային ամբողջականությունը խախտվել է, կարևոր է տարածքային ամբողջականությունը, մյուսի համար կարևոր է ինքնորոշման իրավունքը, երրորդի համար կարևոր չէ ոչ առաջինը, ոչ երկրորդը: Օրինակները տարբեր են` Կոսովո, Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսիա: Տարբեր է մոտեցումը, որը խոչընդոտում է՝ առկա հակամարտությունները կարգավորել միջազգային իրավունքի համաձայն, մեկնաբանությունները պետք է լինեն նույնը: ՄԱԿ-ը պետք է դիրքորոշումները մոտեցնի և բացառի այս հարցում տարաձայնությունները, այլապես ծայրաստիճան բարդ կլինի այս հակամարտության կարգավորումը»,- ասաց նա:

Խոսելով բուն կարգավորումից` Ռարն ասաց, որ ստատուս-քվոն ձեռնտու է հայկական կողմին, քանի որ կարգավորման դեպքում հայկական կողմի գլխավոր զիջումը լինելու է տարածքային:

«Կարգավորման տարբեր առաջարկներ են եղել, դրանցից որոշները` հայկական, որոշները` ադրբեջանական կողմը չի ընդունել: Հայկական կողմը, իմ տեղեկություններով, կարգավորման իրեն հարմար տարբերակի դեպքում համաձայն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղի շուրջ գտնվող որոշ տարածքներ, առանց Հայաստանի՝ այս քայլի կարգավորում չի կարող լինել, բայց Ադրբեջանից ևս կարևոր քայլեր են ակնկալվում, որոնք հիմնականում վերաբերում են անվտանգությանը: Կարծում եմ՝ նշածս հարթակի շրջանակում բանակցությունները կարող են կողմերից կորզել այս անհրաժեշտ զիջումները՝ հանուն կայուն խաղաղության: Այլապես առանձին դիվանագետներն այլևս չունեն այն ազդեցությունը, որն անհրաժեշտ է այս հակամարտության վերջնական կարգավորման համար»,- մեկնաբանեց գերմանացի քաղաքագետը:

Ալեքսանդր Ռարի խոսքով, հունվարին սպասվելիք նախարարական հանդիպումը, ինչպես նաև գալիք տարիներին տեղի ունենալիք բանակցությունները դուրս չեն գալու փակուղուց կամ չեն հանգեցնելու արդյունքների, քանի դեռ չկա կարգավորման շատ ավելի լուրջ և ազդեցիկ հարթակ:

Տեսանյութեր

Լրահոս