Բաժիններ՝

Հարկազատում, որ իրականում հարկազատում չէ. Ի՞նչ խնդիրներ է բերում ՓՄՁ-ին Հարկային նոր օրենսգիրքը

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի Հարկային նոր օրենսգիրքը: Թեև կառավարությունը վստահեցնում է, թե այն բարենպաստ պայմաններ է սահմանում բիզնեսի համար, սակայն փոքր ու միջին ձեռնարկությունների համար լուրջ խնդիր կա, որը Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը չեն պատրաստվում վերացնել: Խնդիրը շահաբաժինների հարցն է, օրինակ` ընտանեկան բիզնեսի և շրջանառության հարկի դեպքում:

Տնտեսագետ Գևորգ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ խնդիրը մի փոքր հեռաձգվել է, բայց լուծում չի ստացել.

«Այս ռեժիմները սահմանվել էին, որպեսզի փոքր բիզնեսը կարողանա զարգանալ, այսինքն` ընտանեկան բիզնեսն ազատվել էր հարկերից, քանի որ այն սոցիալական խնդիր է լուծում, նաև մինչև 18 մլն շրջանառությունը շատ փոքր բիզնես է, և դրանք ընդհանրապես չէին հարկվում, իսկ շրջհարկն էլ պարզեցվել էր, որպեսզի փոքր բիզնեսին հեռու պահեն վարչարարությունից, բարդ հաշվապահական հաշվառումից:

Այժմ շահաբաժինների հարկումը նշանակում է, որ իրենք պետք է պարտադիր ունենան հաշվապահական հաշվառում, տարեկան շահույթի բաշխման պրոցես անցկացնեն, դրանից էլ լրացուցիչ հարկ վճարեն ընտանեկան բիզնեսի դեպքում:

Այսինքն` ստացվում է՝ այդ հարկազատումն իրականում հարկազատում չէ, որովհետև միևնույն է՝ շահաբաժնից պետք է 5% հարկ վճարի, իսկ շրջանառության 5% կամ 3.5% հարկ պետք է վճարի տարեկան, բայց նաև իր շահույթից, որ առանձնացնում է ծախսերն անելուց հետո, նորից 5% պետք է վճարի: Այսինքն` փոքր բիզնեսի համար սա լուրջ խնդիր է, որովհետև շահաբաժնի հարկը հիմնականում խոշոր կորպորացիաների համար է, որտեղ կան բաժնետերեր, որոնք բիզնեսի հետ կապ չունեն, ունեն միայն իրենց բաժինը և տարեկան շահույթ են ստանում: Եվ հասկանալի է, որ տարեկան եկամուտները պետք է հարկվեն:

Փոքր բիզնեսի դեպքում, երբ հիմնականում սեփականատերը նույն մարդն է, ով բիզնեսն է անում, այսինքն` ինքն է հարկերը վճարում, իսկ հետո մնացած գումարը, որ պետք է տանի տուն, դրանից նաև շահութաբաժնի հարկ է տալիս: Սա իրականում լուրջ խնդիր է»:

Ըստ նրա` այն տեղափոխվել է 2019 թ., քանի որ 2018-ից հետո գեներացված շահույթի վրա է ազդելու միայն, բայց միևնույն է, մնում է խնդիր. «ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը չեն ուզում տարանջատել՝ ընտանեկան բիզնես, շրջհարկ վճարող կամ խոշոր կազմակերպություն, որովհետև այս հարկը վերաբերում է բաժնետերերին, ուղղակի մոռանում են, որ փոքրի դեպքում բաժնետերը նույն բիզնես անողն է: Սա ամենագլոբալ խնդիրն է փոքր բիզնեսի համար, որ դեռ մնացել է»:

Նա նշեց, որ բանակցությունների տեղ միշտ կա, վարչապետին կից ՓՄՁ խորհրդում հարցը պետք է ներկայացվի, և հույս կա, որ ինչ-որ արդյունք կլինի:

Գ.Պողոսյանի խոսքով` շրջհարկ վճարողի շեմի փոփոխությունը ևս բավականին սթրեսային է լինելու, քանի որ 115 մլն շեմը նորից դառնում է 58.35 մլն: Այս խնդիրը վերաբերում է հիմնականում առևտրի ոլորտին:

«Այսինքն` 58.35 մլն-ից մինչև 115մլն սահմանում գտնվող շրջհարկ վճարողները պետք է անցնեն ԱԱՀ ռեժիմի, որը բավականին սթրեսային անցում է: Գուցե դա ընդհանուր մակրոտնտեսական առումով ճիշտ որոշում է, բայց բիզնեսի համար սթրես է լինելու, քանի որ դա նորից փաստաթղթերի, հաշվապահության հետ աշխատանք է, ԱԱՀ-ի հաշվանցումներ պետք է անել: Դա ուղղակի սթրեսային անցում է լինելու, բայց դա ևս 2019 թվից է լինելու»:

Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններով, ըստ տնտեսագետի, 2 խնդիր դրական լուծվեց` ՀԴՄ կտրոնը նորից թույլատրվելու է որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ օգտագործել, եթե վրան գնորդի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կա, դա ՓՄՁ խորհրդի միջոցով լուծվեց, և մյուսը`  հանրային սննդի հարցի լուծումը, որ ԱԱՀ դաշտում իրենք նորից չէին կարողանա աշխատել, և սահմանվեց շրջհարկի հատուկ ռեժիմ, առանց շրջանառության սահմանափակման: Սա ևս բավականին կարևոր էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս