«Շուկա ենք բաց թողնում 49-50 դրամանոց ձու». Ամանորին ձուն չի թանկանա
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2017թ. 10 ամսվա արդյունքում թռչնամթերքի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազում չի ունեցել։
«Թռչնամսի արտադրության մեջ 10 ամսվա ընթացքում ունենք առաջանցում, իսկ նախատոնական առևտրի հետ կապված՝ այդ առաջանցումն ավելի մեծ կլինի։
Նույնը չեմ կարող ասել ձվի արտադրության մասին, որովհետև այս տարվա նոյեմբերին չկարողացանք նախատեսված արտադրությունը կազմակերպել։ Իհարկե, օբյեկտիվ պատճառաբանություն կար՝ փետրվար-մարտ ամիսներին թռչնագրիպի տարածքային կարանտինի պատճառով չկարողացանք ածան հավերին ժամանակին կոմպլեկտավորել, և, բնականաբար, նոյեմբեր ամսվա ռոտացիան ձգձգվեց։
Հիմա նոր մենք ձվի արտադրության ծավալները կարողանում ենք ստանալ։ Դեկտեմբեր ամիսն ամբողջությամբ ձվի ավելցուկով ենք արտադրելու, կձգտենք նաև փակել նոյեմբերի ճեղքվածքը։ Որպեսզի սպառողների դժգոհությունը չլիներ՝ մենք դիմեցինք ներկրմանը։ Ներկրումը կատարվեց հիմնականում արտադրողների միջոցով»,- պարզաբանեց նա։
Նա ասաց, որ նախօրեի դրությամբ հանրապետություն ներկրվել է 5.2 մլն ձու, որն արտահանվել է տեղական շուկա. «Նոր տարվա նախատոնական ամբողջ առևտուրն առանց պակասորդի կարող ենք իրականացնել»։
Ինչ վերաբերում է ձվի գնին, Ստեփանյանն ասաց, որ ձվի գնի փոփոխություն եղել է հոկտեմբերի վերջին. «Վերջին շրջանում գնի փոփոխություն տեղի չի ունեցել։ Գնի բարձրացում եղել է՝ տուփերի հետ կապված, իսկ փչակների արտադրության մեջ գնի բարձրացում չի եղել, գինը եղել է 62-65 դրամ։ Դեկտեմբերին վառեկների նոր շարքի ածը սկսվել է, և շուկա ենք բաց թողնում 49-50 դրամանոց ձու։ Արդեն մեր սուպերմարկետներն աստիճանաբար համալրվում են 01 կարգի թվով։ Գնային առումով արհեստական դեֆիցիտի ստեղծման միտում կար շուկայում, և այդ փորձն ունենալով՝ փորձում էինք դա արգելել։
Դրա համար գնացինք նրան, որ արտադրող կազմակերպություններն ուղղակիորեն առանց միջնորդի ձու տան խոշոր վաճառքի կենտրոններին, որտեղ միջնորդ հասկացությունը դուրս է գալիս։ Կար նաև այլ պրոբլեմ՝ մենք ապահովում էինք խոշոր մարկետների օրվա պահանջարկը, բայց 2-3 ժամ հետո տեսնում էինք, որ 01 կարգ չկար, քանի որ արտադրություն կազմակերպողները գնում էին, ու սպառողներին չէր մնում։ Դրա լուծումն էլ տվեցինք՝ սննդի օբյեկտների պահանջարկը լրացնելով»։
Նա ասաց, որ սեփական ներդրումների հաշվին բրոյլեր հավերի խնդիրն են լուծել, իսկ կառավարությանը դիմել են ածան հավերի խնդիրը լուծելու առաջարկով. «2 տնտեսության համար անհրաժեշտ է մոտ 22 մլն դոլարի ներդրում։ Դրանից հետո ձվի շուկայում տատանումներ չեն լինի։ Կառավարությունում մի քանի ամիս առաջ բարձրացվել է խնդիրը, ասում են, որ մեր առաջարկը լավն է, բայց գումար չունեն, սպասում են ներդրումներին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում