Բաժիններ՝

Սոցիալական աշխատողին կարող է դիմել ցանկացած ոք` անկախ խնդրի մասշտաբից

Որտեղ կան մարդ-մարդ հարաբերություններ, այդտեղ կարող է լինել նաև սոցաշխատողի անհրաժեշտությունը, այլ կերպ ասած` սոցաշխատողը հարաբերություների իսկական մասնագետ է, որին կարող է դիմել ցանկացած տարիք և սոցիալական կարգավիճակ ունեցող անձ, երբ ուզում է իրացնել իր սոցիալական իրավունքը: Այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը՝ անդրադառնալով երկրում սոցիալական աշխատողի դերակատարությանը:

– Վերջերս անընդհատ լսում ենք սոցիալական աշխատող, սոցիալական աշխատանք հասկացությունները, մանրամասնեք, խնդրում եմ, ինչպե՞ս ճիշտ հասկանալ՝ ինչի՞ հետ գործ ունենք:

– Այսօր մեր պետության մասնավոր և պետական օղակներում աշխատում է հազարից ավելի սոցիալական աշխատող, որոնք իրենց գործառույթներն իրականացնում են ամենատարբեր ոլորտներում` առողջապահական, դատական համակարգում, սոցիալական պաշտպանության ոլորտում, և այլն:

Պետությունը գնում է սոցիալական աշխատողի ինստիտուտը կայացնելու ճանապարհով. օրենսդիրի քննարկմանը շուտով կներկայացվի ոլորտը կարգավորող օրենսդրական նախագիծ: Ներկայում այն շրջանառության մեջ է դրված` գերատեսչական հիմնարկների, շահագրգիռ հ/կ-ների կարծիքների հավաքման համար: Սոցիալական աշխատանքն անձի կամ երկրի սոցիալական խնդրի լուծման տեսանկյունից՝ այն հիմնական գործիքն է, որին դիմում է սոցիալական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմինը` իր գործառույթներն իրականացնելու համար:

Կարդացեք նաև

Բոլոր այն ոլորտներում, որտեղ ցանկացած ծառայություն մատուցելու համար մարդ-մարդ հարաբերությունը պարտադիր է, ուրեմն սոցիալական աշխատողն իր անելիքներն ունի: Երբ ասում ենք՝ սոցիալական խնդիր, բնակչությունը միանգամից աղքատություն ու դրամական աջակցություն է ընկալում: Ո՛չ… Պետք է հասկանալ, որ սոցիալական խնդիրները շատ ավելի ընդգրկուն մասշտաբներ կարող են ունենալ` սկսած կրթական, առողջապահական ցենզից՝ մինչև ԶԱԳՍ-եր, որտեղ ամուսնալուծության դեպքերն են գրանցվում:

Այս բոլոր ոլորտներում մարդու կարգավիճակը սոցիալական խնդիրներն են որոշում, հետևապես՝ սոցիալական աշխատողի դերակատարումը մեծ է բոլոր դեպքերում: Այսօր սոցիալական աշխատանքի հիմնական ֆրոնտը մեզ մոտ, ցավոք սրտի, աղքատությունն է` պայմանավորված երկրի սոցիալ-տնտեսական վիճակով: Մենք հատկապես 2008-ի ճգնաժամից հետո գնացինք հատկապես դրամական աջակցություններ տրամադրելու ճանապարհով, բայց սա, թերևս, սոցաշխատողի միակ գործառույթը չէ, ներկայում սոցաշխատողներ կան և գործում են մի քանի քաղաքներում և սոցիալական աջակցության տարածքային կենտրոններում, որոնց մի մասը պատվիրակված լիազորություն են իրականացնում ՏԻՄ-երում, մի մասը՝ մարզպետարանի աշխատակիցներ են, ովքեր աշխատում են համայնքներում տեղի բնակչության հետ:

Սոցիալական աշխատողները սերտորեն համագործակցում են ՏԻՄ-երի հետ, որպեսզի քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրելուց առաջ կարողանան նպաստառու ընտանիքների սոցիալական կարգավիճակն ըստ էության գնահատել: Դեռևս 1993-ից սոցիալական աջակցության տարածքային մարմինները, որ նախկինում կոչվում էին սոցիալական ծառայություններ, իրականացրել են սոցաշխատողի գործառույթներ, պարզապես մի շրջան դրանք իրականացրել են մարդասիրական օգնություն՝ բաշխել ընտանեկան նպաստ կամ այլ դրամական միջոցներ, իսկ այսօր արդեն ներդրվող նոր համակարգի շնորհիվ՝ նախարարությունը փորձում է ի մի բերել այս բոլոր գործառույթները` մատուցելու մեկ անձի միջոցով:

Սոցիալական պաշտպանության ոլորտում 2012-ից ներդրվում է Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը (ԻՍԾՀ), ինչը ենթադրում է համալիր ծառայությունների մատուցում:

– Տիկին Մինասյան, որո՞նք են նոր համակարգի առավելություները:

– ԻՍԾՀ-ն սոցիալական ծառայությունների մատուցման մի նոր մոդել է, որի օրինակը վերցված է զարգացած երկրներից ու հարմարեցված մեր օրենսդրությանը, մեր երկրի սոցիալական միջավայրին: Այս նոր համակարգը մեկ վայրում է ինտեգրում սոցիալական տարբեր ծառայություններ մատուցող տարածքային մարմինները` սոցիալական ապահովության ծառայություն, զբաղվածություն, բժշկասոցիալական փորձաքննություն, սոցիալական աջակցություն, որպեսզի ավելի օպերատիվ կերպով, առանց ավելորդ փաստաթղթերի` քաղաքացուն մեկ պատուհանից ծառայություններ մատուցվի` միանգամից վեր հանելով և վերլուծելով անձի բոլոր խնդիրները: Այսինքն՝ քաղաքացին այսուհետ իր ցանկացած խնդրով տարածքային միայն մեկ վայր պիտի այցելի:

Ընդ որում, արդեն կարևոր էլ չէ, թե քաղաքացին ինչ հարցով է դիմել մեզ, ինչ խնդիր է նշել գրավոր դիմումում, ընթացք տրվող դիմումին մինչև 15 օրերի ընթացքում սոցաշխատողը պարտավոր է տալ միանգամից համալիր լուծում` ըստ գնահատված կարիքի: Իսկ անձի ու նրա ընտանիքի առանձին անդամների իրական կարիքները գնահատելու համար սոցաշխատողը պարտավոր է դիմումի հետքերով նրա տուն այցելել, տունայցից զատ՝ համագործակցել, նոր տեղեկություններ հավաքել ՏԻՄ-ի հետ համագործակցության միջոցով, իսկ ամենակարևոր տեղեկատվությունը, որի վրա հիմնվելով՝ համակարգը պիտի որոշում կայացնի, զետեղված է նախարարության սոցիալական ապահովության ծառայության տեղեկատվական բազայում:

Նոր համակարգի ներդրմամբ լուծվում է նաև սոցիալական դաշտում մեկ ընդհանուր տեղեկատվական բազա ունենալու խնդիրը, այն օգնում է սոցծառայողին արագ ընթացք տալ քաղաքացու դիմումին և, գնահատելով նրա իրական կարիքները` դրանց հիման վրա նշանակել և տրամադրել համապատասխան սոցաջակցություն:

– Ներկայում ինտեգրված սոցծառայություններ մատուցող մեկ պատուհանը գործո՞ւմ է, թե՞ պետք է սպասել՝ մինչև համակարգն ամբողջովին կներդրվի:

– Ոչ, համակարգն արդեն իսկ արդյունավետորեն ծառայում է քաղաքացիներին հանրապետության մի շարք համայնքներում: Հազարավոր քաղաքացիների բոլորովին նոր որակի ծառայություններ տրամադրվում են նորակառույց 19 տարածքային կենտրոններում, խիստ հարմարավետ շենքային պայմաններում` կահավորված նորագույն տեխնիկայով, իսկ դրանց թիվն առաջիկա տարիներին պիտի հասնի մինչև 56-ի: Ծրագիրը նախարարությանն է, մոդելը ներդրվում է Համաշխարհային բանկի վարկավորման ծրագրով:

– Սոցիալական ոլորտում ծառայությունների տրամադրման նորագույն պայմաններն ու հնարավորությունները ենթադրո՞ւմ են արդյոք սոցծառայողների նոր որակավորում:

– Համակարգը գործարկելու համար ժամանակ առ ժամանակ աշխատակիցների համար դասընթացներ են կազմակերպվում, սեմինարներ են անցկացվում նաև սոցաշխատողների համար: Ի դեպ, սոցաշխատողների համար վերապատրաստման դասընթացներն իրականացվում են նույն ոլորտում գործող մի քանի միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:

Պետք է ընդգծեմ, որ ԻՍԾՀ-ի ներդրմամբ համակարգում բոլորովին նոր որակ է ստանում սոցաշխատողի ինստիտուտը, բոլորովին նոր գործառույթներ են դրվում նրա վրա, և նա դառնում է համակարգում անձին սպասարկող առաջին ձեռքը:

Նա պարտավոր է, իրեն դիմած քաղաքացիների ճակատագրով զբաղվելուց զատ՝ նաև բացահայտել այն քաղաքացիներին ու ընտանիքներին, որոնք ամենատարբեր հանգամանքներում դուրս են մնացել սոցիալական պաշտպանության միջավայրից: Նա պարտավոր է օգնել, ուղղորդել այս ընտանիքներին՝ գտնել իրենց տեղն ու դերը, օգտվել իրենց համար սահմանված իրավունքներից և արտոնություններից, ինքնուրույնաբար որոշումներ ընդունել և լինել պաշտպանված:

– Իսկ քաղաքացու իրավունքն իրացնելու համար սոցաշխատողները բոլորն ունե՞ն բավարար գիտելիքներ, օրենքների իմացություն, որպեսզի անխոչընդոտ թակեն, օրինակ, առողջապահական որևէ հիմնարկի դուռը, հոսպիտալի կամ, ասենք, ցանկացած հաստատության, որը չի գործում ձեր նախարարության ենթակայությամբ:

– Մենք գնում ենք սոցաշխատողի ինստիտուտը կայացնելու ճանապարհով, և մեր խնդիրն այն է, որ ԻՍԾՀ-ի ներդրմամբ միջգերատեսչական համագործակցությունը բերենք բարձր մակարդակի, որպեսզի սոցաշխատողն անխոչընդոտ ուղղորդի քաղաքացուն՝ իրացնել սեփական իրավունքը ցանկացած ոլորտում: Ներկայիս մասնագետները բավականին հմուտ են և պարբերաբար վերապատրաստվում են մեր ոլորտում փոփոխվող օրենսդրությանն ու ենթաօրենսդրական ակտերին տիրապետելու համար:

Ի դեպ, նախարարությունը 2018-ից կբարելավի նաև նրանց աշխատանքային պայմանները, նրանց տրամադրվող հատուկ հեռախոսների շնորհիվ կփոխհատուցվեն նրանց հեռախոսավարձերը, իսկ բաժանվող նորագույն տեխնիկական միջոցները՝ թաբերը, կվերացնեն ավելորդ թղթատարությունը, կօգնեն, որպեսզի նրանք ցանկացած վայրից արագ միանան տեղեկատվական ընդհանուր բազային և սպասարկեն քաղաքացուն՝ առանց ժամանակ կորցնելու:

ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս