«Հայաստանը պետք է զգուշավորություն ցուցաբերի». Պավել Ֆելգենգաուեր
Երևանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթի» շրջանակում ՀՀ-ում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերը, ով հանդիպեց ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, հետաքրքրական ուղերձներ փոխանցեց ՀՀ իշխանություններին:
Իր երևանյան այցի ընթացքում տված հարցազրույցներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, թե Երևանից է կախված ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների որակը, արագությունը, ինտենսիվությունը: «Թեև կցանկանայինք աշխատել Հայաստանի հետ նաև այլ ոլորտներում, սակայն, եթե Հայաստանը պատրաստ չէ կամ նպատակահարմար չի գտնում, ապա մենք երբեք ոչինչ չենք թելադրում:
Հայաստանը պետք է ինքնուրույն առանձնացնի իր առաջնահերթությունները, նպատակներն ու անելիքները, ինչից հետո մենք կաշխատենք Երևանի հետ, որպեսզի ամբողջացնենք այն, ինչ մենք անվանում ենք Գործողությունների ծրագիր:
Այժմ մենք գործարկում ենք Անհատական գործընկերության գործողություների նոր ծրագիր Հայաստանի համար: ՆԱՏՕ-ն միշտ ասում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է կառուցի իր հարաբերությունները անվտանգության ոլորտում: Մենք որևէ հակասություն չենք տեսնում Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու մեջ»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն արձանագրեց` առաջին անգամն է, որ ՆԱՏՕ-ի պաշտոնյան նման մակարդակով Հայաստանին ավելի ընդարձակ համագործակցության առաջարկ և ակնարկ է անում: Ըստ նրա՝ այդ առաջարկը շատ պարզ է:
«Նախկինում ասվում էր, որ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները լավ մակարդակի վրա են, նորմալ զարգանում են, այսօր ասվում է, որ ՆԱՏՕ-ն շատ ավելիին է պատրաստ, քան այսօր Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն են ներառում, այսինքն` ՆԱՏՕ-ին նույնիսկ չի բավարարում հարաբերությունների ներկայիս դինամիկան: Գուցե հայկական կողմին ինչ-որ առաջարկ է արվել, որից Հայաստանը հրաժարվել է, կամ ինչ-որ առաջարկ է պատրաստվում: Ինձ համար պարզ չէ, թե ավելին ինչ է ենթադրում, քանի որ նման խոսակցությունները կուլիսներում են ծավալվում:
Ակնհայտ է, որ ավելիին Հայաստանը ոչ լիարժեքորեն է պատրաստ լինելու` հաշվի առնելով Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը, թեև այդ անդամակցությունը ոչ այնքան ռազմական կառույցի, որքան Ռուսաստան-Հայաստան երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների մասին է, ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները, բնականաբար, ունեն սահման, և այդ սահմանն ընդարձակվելու մեծ հնարավորություն չունի, քանի որ Ռուսաստանն ԱՄՆ-ի, հետևաբար՝ ՆԱՏՕ-ի հետ լուրջ առճակատման փուլում է: Սիրիայում ՌԴ նախագահ Պուտինը սկսեց հայտնի օպերացիան ոչ թե՝ հանուն Ասադի, այլ ընդդեմ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, դա էր գլխավոր նպատակը, որի մասին Սերգեյ Շոյգուն բացահայտ հայտարարել էր:
Այդ առճակատումը, թեև ՌԴ նախագահը հայտարարել է, որ ավարտում է օպերացիան Սիրիայում, շարունակվում է, նշանակում է` շարունակվելու է նաև ռուսական ներկայությունը Սիրիայում:
Պարզապես Պուտինը մի քանի անգամ տարբեր առիթներով հայտարարել է, որ ռուսական առաքելությունն ավարտված է, քանի որ ռուսական ուժերը հաղթանակ են տարել, բայց ռուսական ներկայությունը շարունակվել է, այս անգամ ևս այդպես է լինելու, քանի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ առճակատումը շարունակվում է, այն ավելի է աճում, Ռուսաստանը մեծ միջոցներ է կենտրոնացնում իր ռազմական ներուժն ամրապնդելու վրա, կողմերի միջև ռազմական համաձայնագրերը, որոնք, ըստ էության, իրենցից լծակներ են ներկայացնում, կասեցվում են, շատ փորձագետներ են խոսում, որ Երկրորդ Սառը պատերազմը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև սկսվել է, այն իսկապես արդեն սկսվել է և իր դրսևորումներն ունի երկու կենտրոնների ռազմական պահվածքի վրա:
Թրամփի օրոք ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների ջերմացում ակնկալողները չէին հաշվարկել այն խնդիրները, որոնք հետագայում էին առաջանալու, խոսքը ներկայիս իրավիճակի մասին է, զարգացումները գուցե ավելի կտրուկ լինեն, քան ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք, քանի որ Թրամփի նկատմամբ ճնշումը մեծացավ՝ հաշվի առնելով նրա տրամադրվածությունը Ռուսաստանի նկատմամբ»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը:
Վերջինիս խոսքով՝ այս պարագայում երրորդ կողմերը պետք է զգուշավորություն ցուցաբերեն՝ սխալ չընկալվելու նպատակով: Ըստ ռուս ռազմական փորձագետի՝ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ը ռազմական կառույց է, որը որոշ սահմանափակումներ է դնում, բայց չի արգելում համագործակցություն այլ նմանատիպ կառույցների հետ:
«Սահմանափակումները, բնականաբար, վերաբերում են հնարավոր խորը համագործակցությանը կամ անդամակցությանը, որի հեռանկարը չկա, բայց ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները կլինեն Ռուսաստանի ուշադրության կենտրոնում, և կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարձագանքի: Տեղի է ունենում հետևյալը` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները փորձ է արվում բարձրացնել ԵՄ-ՀՀ հարաբերությունների մակարդակին:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ և՛ ԵՄ-ն, և՛ ՀՀ-ն պատրանքներ ունեին, ուկրաինական ճգնաժամից հետո ամեն բան կարգավորվեց, կարծում եմ` ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների դեպքում այդ սխալը չի կրկնվի, Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Հայաստանն իր անվտանգության ոլորտը հանձնի Արևմուտքին, դրա փորձը եղավ 2013 թվականին, կանխվեց, կարծում եմ` նույնը չի կրկնվի»,- ասաց Ֆելգենգաուերը:
Ըստ ռուս ռազմական փորձագետի՝ ԶԱՌ ուսումնական կենտրոնը, որն ԱՄՆ օժանդակությամբ կառուցվում է Հայաստանում, դրական նախաձեռնություն է, որտեղ խաղաղապահներ կպատրաստվեն, վերապատրաստում կանցնեն: Դա, նրա գնահատմամբ, կբարձրացնի Հայաստանի կարևորությունն այս ոլորտում՝ որպես սուբյեկտ, ինչը կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի չկարգավորված հակամարտությունն Ադրբեջանի հետ:
Դա, Ֆելգենգաուերի խոսքով, իրենից որևէ խնդիր չի ներկայացնում ՀԱՊԿ-ի համար: «Չեմ կարծում, թե ՀԱՊԿ-ը կամ ռուսական կողմն այս հարցին կանդրադառնան, թեև, իմ կարծիքով՝ այս ուսումնական կենտրոնի կառուցումը Հայաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի այս գլոբալ քաղաքականության մի բաղադրիչն է»,- ընդգծեց ռուս վերլուծաբանը: Հիշեցնենք, որ հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակում Հայաստանում խաղաղապահների բացառիկ ուսումնական կենտրոն կստեղծվի:
ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը տեղեկացրել էր, որ կենտրոնի կառուցումն իրականացվում է հայ-ամերիկյան ծրագրերի շրջանակներում՝ երկու երկրների ներդրման արդյունքում, որի նպատակն է՝ ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն:
Նրա խոսքով, կա հեռահար նպատակ՝ ունենալ խաղաղապահ գործողությունների վարժանքի կարողություններ:
Ֆելգենգաուերի կարծիքով՝ Հայաստանն անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությանն այլընտրանք չունի, քանի որ մի շարք ոլորտներում, ինչպիսին զենքի առևտուրն է, ԼՂ հակամարտությունը, ՆԱՏՕ-ն չի կարող Հայաստանին այնպես աջակցել, ինչպես Ռուսաստանը:
«ՆԱՏՕ-ն ապավինում է Մինսկի խմբի ջանքերին, Հայաստանը Ռուսաստանից էժան սպառազինություն է ստանում, թեև դժգոհ է, որ Ռուսաստանը նաև զենք է վաճառում Ադրբեջանին, սա խնդիր է Հայաստանի համար, բայց հավասարակշռությունը Ռուսաստանը փորձում է պահպանել և թույլ չտալ նոր լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղում, իսկ արևմտյան ներկայությունն այդ տարածաշրջանում բավարար չէ այս նպատակն իրագործելու համար:
Եվ երկրորդ` Ռուսաստանն այս գոտին դիտարկում է իր հետաքրքրությունների գոտի, հենց այդ պատճառով էլ նման քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում, զենքի առևտուրը դրա մի մասն է: Բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանին պետք է ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը»,- ասաց Ֆելգենգաուերը: