Բաժիններ՝

«Զգուշացնում ենք, որ Ազգային պատկերասրահի պահակախումբն այսուհետ զինված է լինելու». Արման Ծատուրյանն ամփոփում է անցնող տարին

Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում այսօր տեղի ունեցավ ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց 2017 թվականին կատարված և 2018-ին սպասվելիք նախագծերը:

Պատկերասրահի տնօրենը հավաստիացնում է՝ այն սանդղակը, որ դրել էին իրենք Հայաստանից դուրս հայկական մշակույթը քարոզելու ուղղությամբ, ինչ-որ չափով հաջողվել է.

«Այս տարի Ազգային պատկերասրահը ցուցադրություն է ունեցել Միլանի «Mudes» թանգարանում, Մոսկվայի Ռուսական իմպրեսիոնիզմի, Հրեական թանգարաններում, ինչպես նաև Տրետյակովյան պետական պատկերասրահում, Բելառուսի ազգային պատկերասրահում։ Անդրադառնալով տարվա ընթացքում ՀԱՊ-ում կազմակերպված միջոցառումներին, պետք է նշել՝ ունեցել ենք 12 ցուցահանդես, որոնց թվում եղել են «Արարում» ցուցահանդեսը, «Լվովի հայկական տաճարի վերածնունդը», «100 կտավ» ցուցահանդեսը, Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը, և այլն»:

Ընդհանուր առմամբ, Ազգային պատկերասրահի մասնաճյուղերում անցող տարվա ընթացքում իրականացվել է 42 միջոցառում, «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում` 14 շրջիկ ցուցահանդես։ 2017 թվականի հունվարի 3-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային պատկերասրահը և 12 մասնաճյուղերն ունեցել են շուրջ 80 հազար այցելու, որից 43, 529-ը այցելել է դիտելու Հովհաննես Այվազովսկու «Արարում» ցուցահանդեսը։ Ընթացիկ տարվա մայիս ամսից ՀԱՊ-ում գործում է հուշանվերների և թանգարանի կողմից հրատարակված գրքերի առցանց խանութ:

Անցնող տարվա ընթացքում ՀԱՊ-ում իրականացվել են նաև վերանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր առմամբ, վերանորոգվել է 850 քմ տարածք, իսկ 2018-ին կվերանորոգվի ևս 1500 քմ:

Ըստ բանախոսի՝ 2018 թվականին նախատեսվում է միջազգային մակարդակի հասցնել պատկերասրահի անվտանգությունը, տեսանկարահանող սարքերն արդեն տեղադրված են:

Անդրադառնալով անվտանգության հետ կապված հարցերի կարգավորմանը՝ Արման Ծատուրյանը տեղեկացրեց. «Զգուշացնում ենք, որ Ազգային պատկերասրահի պահակախումբն այսուհետ զինված է լինելու»:

Անդրադառնալով անցյալ տարի նույն ժամանակահատվածում պատկերասրահում առկա ջեռուցման խնդիրներին, որի արդյունքում, ըստ բանախոսի՝ վտանգված էին նաև պահոցներում պահվող արժեքավոր կտավները, ապա այս տարի խնդիրը կարելի է համարել լուծված.

«Խնդրի կարգավորման համար հատուկ ջերմային իզոլյացման միջոցով փակվել են պատուհանները: Կարելի է ասել՝ խնդիրն ամբողջովին լուծված է, որի համար ծախսվել է մոտավոր հաշվարկով 28 մլն դրամ և ոչ մի լումա պետական բյուջեից: Պարզապես կուզենայի նշել՝ ոչ մեկը կախարդական փայտիկ չունի: Երկուսուկես տարվա ընթացքում մենք բավական աշխատանքներ ենք կատարել թանգարանում՝ մաս-մաս լուծելով առկա բոլոր խնդիրները»:

Անդարառնալով Հովհաննես Այվազովսկու «Արարում» ցուցահանդեսի առաջացրած հետաքրքրությանը, ինչպես նաև այդ առիթով ռուսական Տրետյակովյան պատկերասրահի հետ չկայացած համագործակցությանը, ՀԱՊ տնօրենը նշում է՝ նկարների այն ցանկը, որ նրանք տրամադրել էին, կրկնվող էին, իսկ մեզ համար ինքնանպատակ չէր՝ այդ նկարներն այստեղ բերել»:

2018 թվականին նախատեսվում է՝ ՀԱՊ-ում կազմակերպել Լևոն Թութունջյանի գործերի ցուցադրությունը: Ըստ բանախոսի հավաստման՝ մեծ ցանկություն կա Հայաստան բերել նաև Պիկասոյի գործերի ցուցադրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս