«Սա ֆանտաստիկ ճամփորդություն է լինելու». Սաջադ Քարիմ
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքներով այսօր ընդունվեց համատեղ ամփոփիչ փաստաթուղթ, որը շոշափում է համագործակցության ամբողջական օրակարգը, անվտանգության և տարածաշրջանային խնդիրները:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանձնաժողովի համանախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ քննարկել են ՀՀ ժողովրդավարացման հետ կապված առաջընթացը, սահմանադրական բարեփոխումները, ընտրությունները, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ԼՂ հակամարտությունը, հայ-թուրքական հարաբերությունները և այլն: Ըստ նրա` եզրափակիչ փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն ներկային, այլև տալիս է զարգացման առաջնահերությունները:
Ա.Աշոտյանը նիստը պատմական որակեց, քանի որ այն գումարվել է ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո և թույլ տվեց քննարկել հասարակության ներառման, խորհրդարանական վերահսկողության գործիքները՝ կապված այս համաձայնագրի հետ:
«Մեզ հաջողվեց CEPA-ին տալ միս ու արյուն: Կարծում եմ` մենք հաջողեցինք CEPA-ի առաջին կիրարկումն ապահովել հենց այս դահլիճում»,- ասաց Ա.Աշոտյանը:
Հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի խոսքով` հարաբերությունները կատարելագործվել և զարգացել են ոչ միայն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև, այլև խորհրդարանների միջև, և երկուսն էլ կենսական դեր ունեն հարաբերությունների հետագա խորացման համար.
«CEPA-ն պատմական հանգրվան է մեր հարաբերությունների մեջ: Այն կնպաստի ներդրումներին, կրթական կապերին, աջակցությանը: CEPA-ն ինքնին նվաճումը չէ, այն ճանապարհի մեկնարկն է: Մենք լիահույս սպասում ենք վավերացման գործընթացին, որ սահուն կանցնի և կվավերացվի համաձայնագիրը:
Այս խորհրդարանը դեռ զգալի ծավալի աշխատանք պետք է կատարի, որպեսզի CEPA համաձայնագիրը կատարվի: CEPA-ն իր մեջ պարունակում է շատ լավ հիմք ֆինանսական օժանդակության ցուցաբերման համար ևս, օժանդակություն հատուկ ծրագրերին:
Մենք ավանդաբար աշխատել ենք «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքով, որ իր հետ որոշակի պայմաններ է բերում և ՀՀ-ին անհրաժեշտ է ցույց տալ, որ իրական առաջընթաց ունի:
Բոլոր ոլորտների հիմքում ընկած է ՀՀ և հայերի ցանկությունրը առ սեփական զարգացման վեկտորը` որպես ինքնիշխան պետություն: Սա ֆանտաստիկ ճամփորդություն է լինելու, որով երկիրը առաջ է շարժվելուև և դառնալու է այնպիսին, իչնչիսին ուզում է»:
Ս.Քարիմը նշեց, որ իրենց նպատակը շոշափելիորեն բոլոր քաղաքացիների կյանքի բարելավումն է, և իրենք կոչ են արել ՀՀ իշխանություններին շատ հստակորեն հանրությանը ներկայացնել երկկողմ հարաբերությունների հիմքը, թե ինչի են ձգտում հասնել և ինչպես են ձգտում դա անել:
Նրա խոսքով` զգալի ապատեղեկատվություն կա, որ տարածվում է ԵՄ դերի վերաբերյալ. «Դա չի նպաստում, որ ճիշտ պատկերացում ձևավորվի մեր իրական դերի վերաբերյալ»:
Ս.Քարիմը կարևորեց ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունումը, որն, ըստ նրա՝ կապահովի տուժածների պաշտպանությունը: Նա նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է ամեն կերպ օժանադակություն ցուցաբերել, այդ թվում` փորձագիտական: Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը դիմել է, որ դեպքի վայր արձագանքողների համար հատուկ ուսուցում կազմակերպվի, և ԵՄ-ն ուրախությամբ կաջակցի: