Բաժիններ՝

ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է Եվրոպալատի խորհրդի անդամների 2018թ. կազմում. ի՞նչ կտա այն Հայաստանին

2017թ. սեպտեմբերին Մոսկվայում, ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի անմիջական աջակցությամբ տեղի ունեցավ Եվրոպալատի Փոխկապակցված և Թղթակից անդամ երկրների հանդիպումը, ինչի շրջանակներում, ըստ կանոնակարգի, կայացավ նաև Եվրոպալատի խորհրդի անդամների 2018թ.ընտրությունների նախընտրական փուլը:

Վերոնշալ ընտրություններին հրավիրված էին մասնակցելու Եվրոպալատի բոլոր Փոխկապակցված և Թղթակից անդամները, այդ թվում՝ նաև ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը: Նշենք, որ Եվրոպալատի խորհրդի անդամները, բացի Նախագահից և Փոխնախագահներից, ընտրվում են 1 տարի ժամկետով՝ վերընտրման իրավունքով:

Այս տարի 2018թ. նոր Խորհրդի ձևավորման ընտրություններին Եվրոպալատի Փոխկապակցված և Թղթակից անդամ 20 երկրներից (Փոխկապակցված անդամ են համարվում Եվրոպական այն երկրների համապատասխան իրավաբանական մարմինները, որոնք Եվրամիության կազմում չեն, իսկ Թղթակից անդամներն են՝ Ոչ-Եվրոպական երկրների իրավաբանական անձինք) մասնակցության հայտ էին ներկայացրել և իրենց թեկնածուներին առաջարկել 11 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Սերբիան, Բոսնիա-Հերցոգովինան, Բելառուսը, և այլն՝ ըստ կանոնակարգի՝ Փոխկապակցված և Թղթակից անդամ երկրների համար նախատեսված 4 տեղի համար: Արդյունքում, հաղթահարելով մրցակցությունը, Հայաստանի թեկնածուն՝ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) փոխնախագահ Հարություն Հայրապետյանն ընտրվեց՝ որպես Եվրոպալատի խորհրդի անդամ և, ըստ այդմ, Հայաստանը՝ ի դեմս ՀՀ ԱԱՊ-ի, իր տեղը զբաղեցրեց վերը նշված 4 երկրների ցանկում, ինչը հաստատվեց հոկտեմբերի 27-ին՝ Բրյուսելում կայացած տարեկան ժողովի ժամանակ՝ վերջնական ընտրությունների ընթացքում:

Ըստ տարիներ վիճակագրության՝ կարևոր է փաստել, որ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատն իր հիմնադրման՝ 2002թ.-ից ի վեր, Եվրոպալատի ընտրություններում հաղթելու նախադեպը չի ունեցել և ՀՀ ներկայացրած թեկնածուի՝ Պալատի փոխնախագահ Հարություն Հայրապետյանի ընտրությունը Եվրոպալատի խորհրդի կազմում նշանակալից իրադարձություն է այն առումով, որ գալիք տարում նա կներկայացնի ՀՀ Առևտրաարդյունաբերական խալատի, ինչպես նաև՝ Հայաստանի տնտեսական շահերը Եվրոպալատի ամենաբարձր հարթակներում՝ Պալատի համար ապահովելով հավասար իրավունքներ այնպիսի զարգացած երկրների կողքին, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Նիդեռլանդները, Ռուսաստանի Դաշնությունը և այլն:

Եվրոպալատի խորհրդի կազմում ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչի ներգրավումը կընձեռի նոր հնարավորություններ ավելի սերտորեն համագործակցելու Եվրոպալատի անդամ երկրների հետ, Եվրոպալատի հետ մեր արդեն իսկ կայացած համագործակցությունը տեղափոխելու նոր՝ ավելի բարձր մակարդակ՝ գործարար գիտելիքների և փորձի փոխանակման, առևտրատնտեսական նոր կապերի ստեղծման և ընդլայնման առումով, ինչպես նաև ակտիվորեն մասնակցելու և անմիջականորեն ներգրավված լինելու Հայաստանի տնտեսական զարգացման համար մեծ կարևորություն և խթանիչ ներուժ հանդիսացող Եվրամիության նոր ծրագրերին և նախագծերին:

Այդ առումով, թևպետև ընտրություններից շատ կարճ ժամանակ է անցել, սակայն Եվրոպալատի հետ մեր համագործակցության մեջ արդեն իսկ նկատվում է մեծ աշխուժություն՝ տեղեկատվության փոխանակման տեսանկյունից, և այդ առումով արդեն իսկ ստացել ենք Եվրամիության տարբեր նախաձեռնություններին և ծրագրերին մասնակցելու բազմաթիվ առաջարկներ, որոնք վերաբերում են ձեռնարկատիրության, կրթության և գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը:

Ծրագրերը բազմազան են. դրանց մեջ առկա են ձեռնարկատիրության զարգացմանը և ստարտափներին խթանող ֆինանսական աջակցության ծրագրեր, ուսումնական թրեյնինգներ և սեմինարներ կազմակերպելուն աջակցող ծրագրեր, փորձի փոխանակման ծրագրեր, և այլն: Նշված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը դեռևս ուսումնասիրվում է, իսկ դրանցից երկուսին մասնակցության վերաբերյալ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատն արդեն իսկ հայտ է ներկայացրել, ինչն ընդունվել է, և գործընթացը ներկայումս գտնվում է նախնական փուլում: Խոսքը Եվրամիության երկու նախագծերի մասին է՝ «Եվրոպական միգրանտների ձեռներեցության ցանց» և «Ձեռնարկատիրական կրթություն և Կին ձեռնարկատերեր» թեմաներով:

Վերոնշյալ երկու նախաձեռնություններն էլ անմիջական կապ ունեն ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գործունեության հիմնական առաքելության և որդեգրած սկզբունքների հետ և նշված ծրագրերին մասնակցելը լավ հնարավորություն է բարելավելու մեր մատուցած ծառայությունների որակը` Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության խթանման և զարգացման առումով, ինչպես նաև միգրանտների տնտեսական ինտեգրման հետ կապված գլոբալ խնդիրների լուծմանն օժանդակելու հարցում մեր Պալատի ակտիվ մասնակցությունն ու դերակատարումն ունենալու համար:

«Եվրոպական միգրանտների ձեռներեցության ցանց» նախաձեռնությունը միգրանտ ձեռնարկատերերի տնտեսական և սոցիալական ինտեգրմանն ուղղված ծրագիր է, ինչը ներկայումս շատ արդիական է Հայաստանում իրականացնելու համար, քանի որ սիրիական հակամարտության առաջին իսկ օրվանից մինչ օրս ավելի քան 17 հազար սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան և վերաբնակվել իրենց հայրենիքում: Գլոբալ հետազոտությունների համաձայն, Հայաստանը համարվում է իր բնակչության ընդհանուր թվաքանակի համամասնությամբ թվով երրորդ՝ սիրիական հակամարտությունից տուժած ամենաշատ փախստականներին ընդունած երկիր:

Ներկայումս Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովի հետ համատեղ ստեղծել է միկրո-վարկային ծրագրեր՝ փախստականների ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու նպատակով: Այդ առումով, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը, ՀՀ տնտեսական զարգացմանը խթանող կառույցներից մեկը հանդիսանալով, նման նախաձեռնություններին մասնակցելով, ինչպիսին է «Եվրոպական միգրանտների ձեռներեցության ցանցը», հնարավորություն կունենա առաջարկելու և ներկայացնելու Հայաստանում սիրիահայ միգրանտների զբաղվածությունն ապահովելու նոր մեխանիզմներ: Ինչ վերաբերում է վերջիններիս ինտեգրման թեմային, հարկ է նկատել, որ այս առումով Հայաստանը, որպես միգրանտներին ընդունող երկիր, ունի առավելություն Եվրոպայի հանդեպ. մեզ մոտ առկա է միայն տնտեսական ինտեգրման խնդիրը, քանի որ Հայաստանը սիրիահայերի հայրենիքն է, և այստեղ նրանք հասարակության մեջ ինտեգրման խնդիր չունեն, քանի որ պահպանել են իրենց մայրենի լեզուն և հայկական ավանդույթները և, հետևաբար՝ հայկական սոցիալական միջավայրում ինտեգրվելու ոչ մի խնդիր չունեն, իսկ Եվրոպան այս պարագայում կանգնած է սիրիահայ միգրանտների երկուստեք՝ տնտեսական և սոցիալական ինտեգրացիայի խնդրի առջև: Եթե Հայաստանը սիրիահայերին ընձեռի նոր հնարավորություններ և աջակցություն՝ ապրելու և գործելու իրենց հայրենիքում, ապա վերջիններիս հոսքը դեպի Եվրոպա զգալիորեն կնվազի, ավելին, Եվրոպա մեկնած միգրանտները կվերադառնան և իրենց հայրենի հողի վրա կստեղծեն իրենց նոր համայնքները:

Ինչ վերաբերում է «Ձեռնարկատիրական կրթություն և Կին ձեռնարկատերեր» նախաձեռնությանը, այս թեման ևս շատ մոտ է մեր Պալատի հետաքրքրություններին: Այս առումով կարևոր է փաստել, որ ներկայումս Հայաստանում կանանց ձեռներեցությունը զարգացման արագ աճ է գրանցում, քանի որ Հայաստանի կառավարությունն ինքն է կարևորում կանանց նշանակալից դերը Հայաստանի տնտեսական զարգացման գործում՝ հատկապես ՓՄՁ ոլորտում, և աջակցության բազմազան ծրագրեր է առաջարկում: Ցավոք, կին ձեռնարկատերերը հաճախ իրենց գործունեության ճանապարհին խոչընդոտների են բախվում` բիզնեսը ճիշտ վարելու վերաբերյալ գիտելիքների պակասի և աջակցության բացակայության պատճառով:

Այս առումով «Ձեռնարկատիրական կրթություն և Կին ձեռնարկատերեր» նախաձեռնության մասնակցությունը մեզ հնարավորություն կընձեռի կազմակերպելու ձեռնարկատիրական հմտությունների վերաբերյալ ուսուցողական սեմինարներ/թրեյնինգներ, որոնք էապես կօգնեն կին ձեռներեցներին՝ իրենց բիզնեսը վարելու ճիշտ ռազմավարության մշակման, առկա հաջողված փորձն ուսումնասիրելու և այն իրենց գործունեության մեջ օգտագործելու առումով, և այլն:

Ինչպես արդեն նշեցինք, առկա են նաև մասնակցության համար առաջարկված բազմազան այլ ծրագրեր, որոնք դեռևս ուսումնասիրման փուլում են:

Անդրադառնալով Եվրոպալատի խորհրդի անդամների 2018թ. կազմում ՀՀ ներկայացուցչի ընտրությանը՝ նշենք որ այս իրադարձությունը կարևորվում է նաև նրանով, որ մեր Պալատը Եվրոպալատի առաջիկա 1 տարվա բոլոր կարևոր որոշումների ընդունման գործընթացում ունի իր ձայնի իրավունքը, ինչը կարող է որոշիչ լինել այդ որոշումների ընդունման կամ չեղարկման գործում, ինչպես նաև՝ հնարավորություն ունի ներկայացնելու և քվեարկության դնելու նոր առաջարկներ, մասնակցելու տարբեր աշխատանքային խմբերի և հանձնաժողովների աշխատանքներին, և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս