«Ազատ վիզային ռեժիմը ԵՄ-ի հետ ոչ միայն հնարավորություն է, այլև մարտահրավեր». Ռիչարդ Չարնեցկի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս տված իր հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին բանակցությունները կարող են ավարտվել 2-3 տարվա ընթացքում: ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունները կմեկնարկեն 2018 թվականի առաջին կեսին: Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ նշել էր, որ երկու տարուց վաղ երկխոսությունը չի կարող ավարտվել: Ըստ նրա՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար կան որոշակի պայմաններ։ Դրանք պետք է բավարարվեն նաև Հայաստանի կողմից: Խնդիրը քաղաքական կամքի մեջ է:

«Ես նրանց չեմ մեղադրում։ Տեսեք, թե ինչ է կատարվել Ուկրաինայի ու Վրաստանի հետ: Հազարավոր քաղաքացիներ խախտել են այդ համաձայնագիրը»,- ասել էր Աշոտյանը:
Նա վստահեցնում է` Հայաստանի իշխանություններն ուզում են սկսել գործընթացը, ամեն կերպ պնդում են, որ վիզաների ազատականացման երկխոսությունն օր առաջ մեկնարկի։ Նրա խոսքով` եվրոպական երկրները դեռևս քաղաքական որոշում չեն կայացրել։

«168 Ժամի» հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին նշեց, որ ՀՀ նախագահն արդարացված ժամկետներ է նշել, ավելին՝ փոքր-ինչ զուսպ է գտնվել և ավելի փոքր ժամկետ է նշել: Ըստ Չարնեցկիի՝ վիզային ռեժիմի ազատականացման հարցը մի քանի ասպեկտում պետք է դիտարկել:

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ առաջին ասպեկտը քաղաքական է և քաղաքակրթական է, վիզային ռեժիմի ազատականացումն ընդունված է ձևակերպել՝ որպես տվյալ երկրի եվրաինտեգրման գործընթացի տեսանելի արդյունք, այսինքն` երկիրը պետք է ընթանա եվրաինտեգրման ճանապարահով, Հայաստանի դեպքում այդ հարցը բաց է, անհասկանալի է:

«Արդյո՞ք Հայաստանն ընթանում է այդ ուղիով: Այստեղ կասկածներ կան, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, այս միությունն իր ժողովուրդներին առաջարկում է այլ կյանք, քան Եվրոպական միությունը, կան էական տարբերություններ այս երկու միությունների միջև: Հայաստանը ԵՏՄ անդամ է, զուգահեռաբար զարգացնում է քաղաքական կապեր Եվրամիության հետ, բայց արդյո՞ք դա կարելի է որակել՝ որպես եվրաինտեգրացիա: ԵՏՄ երկրներում արտագաղթի ցուցանիշը շատ բարձր է, ինչը նշանակում է, որ կայուն կյանքի համար տարրական պայմանները չեն ապահովվում ԵՏՄ անդամ երկրների կողմից»,- նկատեց Չարնեցկին:

Նրա խոսքով՝ երկրորդ ասպեկտը տեխնիկական է, եթե երկիրը վստահեցնում է, որ ընթանում է եվրաինտեգրման ճանապարհով: Նա նշեց, որ եվրաինտեգրման ուղին բռնած Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը նույնիսկ բավական մեծ տեխնիկական դժվարություններ հաղթահարեցին ռեժիմի ազատականացման համար, քանի որ սա երկկողմանի լուրջ և անկեղծ պարտավորություն է:

«Մեկ բան է, որ Հայաստանն ունենա համաձայնագիր Եվրոպական միության հետ, Եվրամիության հետ բոլոր երկրներն ունեն համաձայնագրեր, որոնք ունեն հարաբերություններ, այո՛, Հայաստանն այլ է, քանի որ Արևելյան գործընկերության անդամ է և Եվրամիությանն ընդառաջ որոշակի քայլեր է իրականացրել, բայց վիզային ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկը լուրջ հանգրվան է:

Ավելի լուրջ է այն ընթացակարգը, այն խողովակները, որոնցով անցկացնելուց հետո միայն Եվրոպական հանձնաժողովը համապատասխան որոշում է կայացնում:

Սակայն առաջին տեղում քաղաքական կամքն է՝ և՛ Հայաստանի, և՛ Եվրոպական միության: Արդյո՞ք Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման ուղին, արդյո՞ք ապահովելու է իր ժողովրդին այնպիսի կյանքով, որը մարդիկ չեն լքի վիզային ռեժիմի ազատականացման դեպքում, ինչպես եղավ Վրաստանի դեպքում, ինչը նշանակում է, որ իշխանությունները ժողովրդի համար չեն ստեղծել բավարար պայմաններ, այնպիսի կյանք, որը նրանք չեն լքի: Այսինքն` վիզային ռեժիմի ազատականացումը ոչ միայն մեծ հնարավորություն է, այլև մեծ մարտահրավեր, որին երկիրը պետք է պատրաստ լինի քաղաքականապես և տնտեսապես»,- նման կարծիք հայտնեց Ռիչարդ Չարնեցկին:

Նա նշեց, որ Հարավային Կովկասում առաջին վիզային ռեժիմի ազատականացում ստացած երկիրը` Վրաստանը, բավականին երկար փուլ անցավ ազատականացման հասնելու համար:

«Ինչ խոչընդոտներ կային, որ հետաձգվում էր այս որոշման կայացումը: Նախ՝ նշեմ, որ Վրաստանի դեպքում բանակցությունները սկսվել էին դեռևս 2012 թվականից, իսկ ազատ վիզային ռեժիմը հաստատվեց 2017 թվականի սկզբին, այսինքն` երկխոսությունը տևեց շուրջ 5 տարի:

Վրաստանը շատ ավելի վաղուց էր կատարել անհրաժեշտ բարեփոխումները՝ այդ որոշումը ԵՄ-ից ստանալու համար: Սակայն ԵՄ-ն ուսումնասիրում էր Վրաստանի բնակչությանը, օտարերկրյա ապաստան խնդրելու Վրաստանի բնակիչների վերջին տարիների հայտերը, որը, ինչպես կրկին ասացի, նշանակում էր, որ Վրաստանը չէր ստեղծել ապրելու տարրական բարենպաստ պայմանները, այդ երկրում չկար համապատասխան մթնոլորտ, դա վախեցնում էր ԵՄ-ին՝ հաշվի առնելով նաև միգրացիոն ճգնաժամի փորձը:

Այդ տվյալներն ուսումնասիրելուց հետո ԵՄ-ն որոշեց ստեղծել մի մեխանիզմ, որը կարող է գործի դնել անհրաժեշտության դեպքում: Այսինքն` այդ մեխանիզմի առկայության պարագայում ԵՄ-ն ցանկացած պահի կարող է կասեցնել ազատ վիզային ռեժիմը Վրաստանի հետ, եթե Հայաստանի հետ գործը հասնի ազատ վիզային, ապա եվրոպական կողմը միանշանակ կմշակի նման մեխանիզմ, սա Եվրոպայի համար ետ գնալու հնարավորություն է, որը հեշտացնում է ազատ վիզային ռեժիմի տրամադրումը, ստեղծում է լծակ Վրաստանի նկատմամբ, ինչը Եվրոպայի ձեռքում հնարավորություն է՝ անհրաժեշտության դեպքում կասեցնել ազատ վիզային ռեժիմը: Իհարկե, որոշումը ձգձգվեց մի քանի ամսով հենց միգրացիոն ճգնաժամի պատճառով:

Սակայն, ի վերջո, Եվրոպական խորհուրդն ու Եվրոպական խորհրդարանը կայացրին համապատասխան որոշումը, որն այսօր Վրաստանի իշխանությունների համար խնդիր է, քանի որ աճել են արտագաղթի տեմպերը, շատ են նաև ապօրինի Եվրոպա ներթափանցման փորձերը»,- ասաց Չարնեցկին` հավելելով, որ սրան Հայաստանում պետք է ավելի պատրաստ լինել, քան Վրաստանում, որովհետև Վրաստանը շատ ավելի մեծ աշխատանք էր իրականացրել՝ հաշվի առնելով Ասոցացման համաձայնագիրն ու ԽՀԱԱԳ պայմանագիրը:

Վերադառնալով Հայաստան-ԵՄ վիզային ազատականացման երկխոսության հարցին՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահն ասաց, որ կան որոշակի պայմաններ, որոնց ապահովումից հետո եվրոպական կողմը սկսում է նման հարցով երկխոսությունը:

«Դա ընդհանուր առմամբ վստահեցումն է տվյալ երկրի կողմից, որ եվրաինտեգրման ուղին հաստատ է և անկեղծ: Դրա համար Հայաստանի դեպքում, իմ կարծիքով, պայմանը կլինի նոր ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Առանց վստահեցման, որ համաձայնագիրը կվավերացվի՝ երկխոսություն չի սկսվի: Երկխոսության ընթացքում Հայաստանը մի քանի տասնյակ օրենքներ պետք է մշակի թրաֆիկինգի, կոռուպցիայի դեմ պայքարի և այլնի մասին:

Այս ամենի իրականացումից հետո ևս, կարծում եմ, ինչպես Վրաստանի դեպքում, սա բոլորովին ազատ վիզային ռեժիմ չի կարող դիտարկվել, քանի որ բացառությունները շատ են լինելու: Բոլորին չի կարող տրամադրվել ազատ մուտքի իրավունք: Կարծում եմ` Հայաստանի դեպքում երկխոսությունն ավելի արդյունավետ կընթանա, քանի որ ԵՄ-ն ունի Վրաստանի փորձը, դա ԱլԳ երկրներից ամենածանր ազատ վիզային ռեժիմ ստացած երկիրն է, ԵՄ-ն կօգտագործի իր փորձը, ինչը կօգնի հասկանալ Հայաստանից սպասվող վտանգները ԵՄ-ի համար»,- ասաց Չարնեցկին:

Նրա կարծիքով՝ մյուս տարի երկխոսությունը կարող է սկսվել:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ կա նաև Ռուսաստանը և Ռուսաստանի դիրքորոշումը: «Որքանով սա կհետաքրքրի Ռուսաստանին, այս հարցը ևս պետք է դիտարկել»,- ասաց Չարնեցկին:

Տեսանյութեր

Լրահոս