«Ապրիլի 2-ին ընտրողին դարձրին հպատակ». Ավետիք Իշխանյան
Այսօր կազմակերպված «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ պայմանականորեն պետությունները լինում են 2 տիպի՝ միապետական և ժողովրդավարական.
«Միապետականի դեպքում հարաբերությունները հետևյալն են՝ իշխանություն-հպատակներ: Խորհրդային տարիներին Սահմանադրությամբ ամրագրված էր, որ իշխանությունները ժողովրդի մասին մտածում են, ասվում էր՝ դու ոչինչ մի արա, քաղաքականությամբ մի զբաղվիր: Սա պետության մի տեսակն է:
Եվ կա մյուսը՝ ժողովրդավարական-իրավական պետություն, որտեղ քաղաքացի՝ նշանակում է, որ նա ունի իր իրավունքները, այդ թվում՝ և քաղաքական հարցերով: Ամենապասիվ մասը քաղաքականությամբ զբաղվում է ընտրություններին մասնակցելով: Առավել ակտիվ մասը ստեղծում է կուսակցություններ, զբաղվում տարբեր հարցերով»։
Ինչ վերաբերում է Հայաստանին, նա ասաց, որ ժողովուրդը չի մասնակցում քաղաքականությանը. «Սահմանադրության հռչակագրային մասում մեզ տրվում է քաղաքականությանը մասնակից լինելու հնարավորությունը, բայց իրականությունն այլ է, քանի որ այս տարիների ընթացքում, կախված կառավարման համակարգից, մեզ մոտ հետևողականորեն փորձում են քաղաքացուն դարձնել հպատակ։
Մի կողմից՝ կարծես թե կա ընտրություններին մասնակցելու իրավունքը, բայց իրականում թողնված է քվեարկելու իրավունքը, որը դառնում է հպատակի պարտականություն։ Քվեարկությունը քաղաքական իրավունք չէ, հպատակի պարտականություն է, ընտրելն է քաղաքական իրավունք։ Հայաստանում կամաց-կամաց ընտրողին դարձրին քվեարկող։ Դրա վառ ապացույցն այս տարվա ապրիլի 2-ին տեղի ունեցած իբր ընտրություններն էին, որի անունը ես դնում եմ քվեարկություն»:
Իշխանյանն ասաց, որ ապրիլի 2-ին ընտրողին դարձրին հպատակ. «Քաղաքական ուժերն էլ դարձան վերահսկելի և կառավարվող։ Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ քաղաքականությամբ, բայց ոչ քաղաքական գործունեությամբ զբաղվողների վրա հարձակումներ սկսվեցին։ Ես դա չեմ համարում պատահական։ Իշխանության հարցն է՝ այդ քաղաքականությամբ զբաղվող մյուս կետերի նկատմամբ ճնշումներ գործադրելը։ Իսկ մեր նպատակն է՝ ժողովրդին դարձնել քաղաքական ժողովուրդ, նրան վերադարձնել իր ընտրելու իրավունքը»։