Մեսսիի վատ գիշերը, դարպասաձողերից 6 անդրադարձերը. Բարսելոնա-Դեպորտիվո՝ 4:0
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Դեպորտիվոյին», որի դարպասը 4 անպատասխան գնդակ ուղարկեց:
arsport.am-ի փոխանցմամբ՝ հանդիպման 29-րդ րոպեին Անդրես Ինիեստան հիանալի փոխանցում կատարեց Մեսսիին, ով փոխանցեց ավելի հարմար դիրքում գտնվող Սուարեսին. վերջինս գնդակն ուղարկեց դարպասը:
41-րդ րոպեին Մեսսիի հարվածից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձողից, իսկ Պաուլինյոն այն ուղարկեց դարպասը:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սուարեսը մոտ տարածությունից «Ռաբոնա» ոճի հարված կատարեց. դարպասապահը գծից ներս հետ մղեց գնդակը, բայց մրցավար Մատեո Լաոսը չհաշվեց գոլը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 2 րոպե անց Սուարեսը հաշիվը դարձրեց 3:0:
70-րդ րոպեին ուրուգվայցին 11 մետրանոց վաստակեց. Մեսսիի հարվածից հետո Լա Կորունիայի թիմի դարպասապահ Ռուբենը հետ մղեց գնդակը: Օրն անհաջող էր Մեսսիի համար. նրա 4 հարվածներից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողերից:
Խաղի 75-րդ րոպեին Ալբայի հարվածից հետո դարպասաձողից հետ մղված գնդակը դարպասն ուղարկեց Պաուլինյոն՝ ձևակերպելով դուբլ:
85-րդ րոպեին Սուարեսի հարվածից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձողից: Հատկանշական է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները 6 անգամ հարվածեցին դարպասաձողերին՝ Մեսսի (4), Ալբա, Սուարես (1-ական):
«Բարսելոնան» վաստակեց 42 միավոր՝ ամրապնդվելով 1-ին հորիզոնականում: