«Շփման գիծն ապրում է իր կյանքով». Վաղարշակ Հարությունյան
«Այն սարքավորումները, որ տեղադրվել են սահմանին ապրիլյան պատերազմից հետո, թույլ չեն տալիս, որ հակառակորդն անսպասելի մտնի շփման գիծ, կանխում է դիվերսիաները, և դա փաստ է։ Այժմ սահմանի պաշտպանությունն էլ ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ է տեխնիկական ապահովում և զգոնություն։ Պետք է իրականացվեն կոմպլեքս միջոցառումներ, այն, ինչ ապրիլյան գործողությունից հետո արվեց և ինչը մեծ չափով նվազեցրել է դիվերսիաները։
Իհարկե, դրանք ամբողջությամբ բացառել հնարավոր չէ, բայց փաստ է, որ նվազել են, և մենք չունենք այնպիսի դեպքեր, որ նրանք կարողանան անսպասելի ներխուժել, օրինակ, մեր խրամատները, կամ մոտենալ շփման գծին։ Հիշենք, որ նման մի փորձ տեղի ունեցավ, և ամբողջ այդ խումբը ոչնչացվեց։ Այդ համալիր միջոցառումները պետք է շարունակել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայացված տեսլականին։
Ըստ Վ.Հարությունյանի՝ մեկ այլ խնդիր կա՝ շփման գիծն ապրում է իր կյանքով, և, եթե հայկական կողմը մի գործողություն է իրականացնում, բացահայտում առկա բացթողումները, ապա ադրբեջանական կողմն ուսումնասիրում է ստեղծված իրավիճակն ու նոր ձևեր է փնտրում. «Այնպես որ, սա լրջագույն գործընթաց է, պետք է հետևել հակառակորդի գործողություններին, նրա տակտիկական նոր հնարքներին, և կանխել դրանք։ Սա մշտական գործ է, որ արվում է»։
Մարդաորսի լիակատար զրոյացումը, Վ.Հարությունյանի կարծիքով, շատ դժվար է, և դիպուկահարների կրակոցները 100%-ով հնարավոր չէ բացառել, բայց նվազեցնել միանշանակ կարելի է։ Նա նշեց, որ 1994 թվականից մինչ օրս հայկական կողմի կորուստները տարբեր միջոցառումներով լրջագույնս նվազեցվել են։
Նախկին նախարարի խոսքով՝ իհարկե, պետք է ավելի խորքային փոփոխություններ իրականացնել.
«Շփման գիծը պետք է վերահսկվի, և, եթե տեխնիկան ավելի հզորացվի, ավելի վստահելի լինի, ապա կարելի է մարդկային գործոնը պակասեցնել։ Եվ դա կբերի նրան, որ հակառակորդը չի ունենա այդպիսի հնարավորություն ու չի իրականացնի իր մարտավարությունը։ Բայց դա բացառել ամբողջովին հնարավոր չէ, որովհետև տեխնիկան կարող է շարքից դուրս գալ, տեխնիկային կարելի է նաև խաբել։
Դրա համար մարդկային գործոնն ամբողջությամբ բացառել հնարավոր չէ։ Իսկ ադրբեջանական կողմի մարտավարությունն այն է, որ նման գործողություններով նա վախի մթնոլորտ է ձևավորում։
Իր նպատակը դա է, այլապես ինչո՞ւ է նա հրաժարվում 1995 թ. և դրանից հետո բազմիցս հնչած առաջարկից՝ հետ քաշել դիպուկահարներին։ Ադրբեջանը համաձայնում է, բայց չի կատարում։ 1995թ. ԵԱՀԿ-ն առաջարկեց դա, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ևս հայկական կողմը կտրուկ պայման դրեց, որ տեղադրվեն հրադադարի խախտման հետաքննության միջոցներ, Ադրբեջանը համաձայնեց, հետո հրաժարվեց, որովհետև այդ դեպքում նա չի կարող իրականացնել իր մարտավարությունը՝ ստեղծել վախի մթնոլորտ, որի արդյունքում լինելու է ճնշում մեր ռազմաքաղաքական իշխանության վրա, որպեսզի գնան զիջումների Ղարաբաղի հարցում»։
Հիշեցնենք, որ հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել է, որ շփման գծում պետք է հանդարտություն տիրի, զոհերը պետք է բացառվեն: «Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ ու փոխվստահություն: Որտեղի՞ց է գալիս փոխվստահությունը, փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության որդը սկսում է կրծել: Հաջորդ-հաջորդ-հաջորդ, և այսպես գոյանում է անվստահության մթնոլորտ: Սա պետք է վերացնել, որ դրանից հետո հանդարտ մթնոլորտում բանակցությունները շարունակվեն»,- ասել է Ս. Սարգսյանը: