«Այժմ բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ ուղիղ չվերթներ ունենալու հարցի շուրջ»
2017 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է 27 տոկոսով:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին նվիրված քննարկման շրջանակում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը:
«Աճ գրանցվել է ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման տեսանկյունից: Մասնավորապես, արտահանման ծավալն աճել է 18.8 տոկոսով՝ կազմելով մոտ 100 մլն դոլար: Մենք պետք է անպայման մտածենք արտահանման դիվերսիֆիկացիայի մասին, որովհետեւ հիմնականում հանքարդյունաբերական հումք, պղինձ, ոսկի, թանկարժեք քարեր, մետաղներ ենք արտահանում, իսկ ներմուծում ենք տարբեր ապրանքներ՝ սկսած կենցաղային ապրանքներից մինչեւ կահույք եւ այլն»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը՝ ընդգծելով, որ կոնյակի, գինու արտահանման հետ կապված որեւէ խոչընդոտ չկա, ինչի մասին վկայում են նաեւ այս ուղղությամբ արտահանման աճը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանը վերսկսելու է մեղրի արտահանումը, որը դադարեցվել էր որոշակի սահմանափակումների պատճառով:
«2015 թվականին արտահանում էինք, թեեւ փոքր ծավալով՝ շուրջ 90 հազար դոլար: Եվ չինական համապատասխան կառույցների հետ աշխատանք տանելուց հետո նախաստորագրվեց համաձայնագիր այս մասով»,- նշեց նա՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, 2017 թվականին Չինաստանից ներդրումների ծավալը բավականին փոքր է եղել՝ կազմելով շուրջ 1 մլն դոլար:
Ռոբերտ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ այժմ բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ ուղիղ չվերթներ ունենալու հարցի վերաբերյալ:
«Դա, իհարկե, աշխատանք է պահանջում, քանի որ մեկ օրում հնարավոր չի կազմակերպել, բացի դրանից պետք է հաստատվի այս հարցի տնտեսական շահավետությունը»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը՝ հավելելով, թե լիահույս է, որ արդեն գալիք տարի Հայաստանի եւ Չինաստանի միջեւ չվերթները ավելի հեշտ կիրականացվեն: