Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հանդիպում է ունեցել ուսումնական այդ հաստատությունում դասավանդող ակադեմիական, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:

ՀՀԿ քաղաքական դպրոց հիմնելու մասին Հանրապետական կուսակցության հայտարարությունից մոտ մեկուկես տարի հետո կայացած հանդիպման ժամանակ Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք են ներդնում, իրենց ժամանակը տրամադրում սեփական փորձն ու գիտելիքները դպրոցի սաներին փոխանցելու կարևոր գործին: 

Նշելով, որ մինչ այս պարբերաբար հանդիպումներ է ունեցել քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ, Հանրապետության Նախագահը կարևորել է առանձին հանդիպումը նաև նրանց գիտելիք փոխանցողների` քաղաքական դպրոցում դասավանդողների հետ, ովքեր, ինչպես դպրոցի ունկնդիրները, ամենատարբեր մասնագիտությունների տեր անձինք են, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ:

Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցներին առաջարկել է իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի արդյունավետության, հետագա գործունեության և զարգացման հեռանկարի վերաբերյալ` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով պատասխանելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերին, լսելու հանրության ակադեմիական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների տեսակետները և մոտեցումները: 

Քաղաքական դպրոցի դասախոսները կարևորել են կրթական այս հարթակի առկայությունը և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս շարունակելու դպրոցի ունկնդիրների հետ կիսվել իրենց գիտելիքներով, փորձով ու հմտություններով, նպաստել դպրոցի զարգացմանը: Նրանք նման հանդիպումներն ու անկաշկանդ մթնոլորտում արդիական և կարևոր հարցերի շուրջ քննարկումները երկուստեք օգտակար են համարել:

Հանդիպման մասնակիցները Նախագահ Սարգսյանից հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին վերաբերող հարցերի, տարածաշրջանի զարգացումների, հարևան պետությունների հետ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ Նախագահի տեսակետների, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլի, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի և մի շարք այլ հարցերի մասին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս