ՀՀ ԱԻ նախարարը DCAF-ի պաշտոնյայի հետ քննարկել է արտակարգ իրավիճակներում կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման գործում համագործակցությունը
Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց (DCAF) Անվտանգության զարգացման և օրենքի գերակայության Ժնևի կենտրոնի տնօրենի օգնական Ֆիլիպ Ֆլուրիին, ով պատասխանատու է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու կառույցների միջև համագործակցության ուղիները աղետների ռիսկի նվազեցման, աղետների կառավարման գործընթացում և արտակարգ իրավիճակներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և չեզոքացման, բնակչության պաշտպանվածության և պատրաստվածության գործում:
Անդրադառնալով Հայաստանի հանրապետությունում սպասվող կառավարման ձևի անցմանը դեպի խորհրդարանական՝ ԱԻ նախարարն ընդգծեց, որ խորհրդարանի դերը աղետների ռիսկի նվազեցման գործընթացում աճում է, և Ժնևի կենտրոնի փորձագիտական աջակցությունն այս ոլորտում կարող է շատ օգտակար լինել, ինչպես նաև՝ քննարկվեց աղետների ռիսկի նվազեցման ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմանը աջակցելու հնարավորությունը:
Կողմերը քննարկեցին նաև երկրի համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման հիմնախնդիրները՝ հատկապես ԱՌՆ-ի բաղադրիչի ներառումը համայնքային բյուջետային ծրագրերում:
Համագործակցության շահառուների դաշտն ընդլայնելու նպատակով կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռքբերեցին համատեղ աշխատանքի գործընթացում ներառել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը, որի միջոցով կապահովվի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: