«Հայ-ռուսական պայմանագիրը պետք է վերանայվի». Արա Պապյան
«Դատելով եղած տեղեկատվությունից, այսինքն՝ կառավարության նիստում ներկայացված փաստերից, իսկապես ռուսական կողմից եղել է առարկություն, թեև հիմա ասում են, թե ճիշտ չեն մեկնաբանել, ճիշտ չեն հասկացել։ Այստեղ խնդիրն այն է, որ այն պայմանագրով, որով ռուսական զորքերը կանգնած են մեր սահմանին, նրանց տրված է ոչ միայն սահմանը պաշտպանելու գործառույթ, այլ նաև սահմանը վերահսկելու գործառույթ։ Եթե նման գործառույթ չլիներ, նրանք օդանավակայաններում չպետք է կանգնած լինեին։ Այսինքն՝ գործառույթները տրված են և, ըստ էության, իրենք վերահսկում են, դա համարում են իրենց վերահսկման տարածքը, և դրա համար էլ սպասում են համապատասխան հրահանգի, թերևս, իրենց իշխանությունից, որովհետև ըստ էության նրանք ՀՀ իշխանություններին չեն ենթարկվում, որը շատ վատ է։ Դա մեր սուվերեն իրավունքների ոտնահարում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ խոսելով Արաքս գետի 40 կմ հատվածի ափամաքրման աշխատանքների շուրջ առաջացած աղմուկի մասին։
Հիշեցնենք, որ ափամաքրման հայ-իրանական բանակցություններին մասնակցել է նաև ռուսական կողմը։ Կառավարության այսօրվա օրակարգում ներառված նախագծում նշված է, որ, քանի որ այդ հատվածն Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար, սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել, և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:
«Աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»,- հստակ գրված է նախագծում:
Մինչդեռ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը հայտարարել է, թե լրագրողները լավ չեն հասկացել, կամ էլ վրիպակ է։
Ա.Պապյանի կարծիքով՝ հայ-ռուսական պայմանագիրն ընդհանրապես սխալ է կազմված, այսինքն՝ գուցե և պետք է, որ ռուսները ՀՀ սահմանը պաշտպանեն, բայց պահպանել և վերահսկել պետք չէ։
Նրա խոսքով՝ նրանք չպետք է լինեն օդակայաններում, որտեղ անձնագրային ստուգում են իրականացնում, որովհետև դա ոչ միայն պաշտպանություն է, այլ նաև վերահսկողություն.
«Դրանով նաև հսկայական ինֆորմացիա են դրանով իրենց ձեռքը պահում, այսինքն՝ ով եկավ, ով գնաց, երբ եկավ, երբ գնաց, որը բոլորովին ցանկալի չէ, որ նրանք իմանան։ Ընդ որում, այդ վերահսկողությունը վերաբերում է նաև օտարերկրացիներին, այսինքն՝ դա հստակ մեր ինքնիշխանության ոտնահարում է, որովհետև վերահսկում են մեր հարաբերությունները դրսի հետ։
Եվ բոլորովին լավ չէ, որ նրանք մեր տարածքի վրա կարող են ինչ-որ բան թույլ տալ կամ թույլ չտալ։
Չնայած զարմանալ պետք չէ, պետք է հիշել Գյումրիի ռազմաբազան, որն ունի նույն էքստերիտորիալ իրավունքը, և իրենք են որոշում։ Շատերը մոռացան, որ ժամանակին Պուտինը եկավ Ռուսաստանից Ռուսաստան, այսինքն՝ Գյումրու ռազմաբազա, և Սերժ Սարգսյանին կանչեց իր մոտ։ Եվ Սերժ Սարգսյանը գնաց Գյումրի, որն ընդհանրապես անընդունելի էր, և դա ներկայացվեց՝ որպես այցելություն Հայաստան։ Ո՛չ, դա Հայաստանի ղեկավարի այցելությունն էր դեպի Ռուսաստան, Գյումրիի ռազմաբազա։
Այն ժամանակ մենք մեզ սխալ պահեցինք, դրա համար էլ հիմա ստանում ենք հաջորդ քայլը, հիմա էլ մեզ սխալ կպահենք, օրինակ՝ բողոքելու փոխարեն՝ ինչ-որ արդարացումներ են գտնում, վաղն ավելի կոշտ պատասխան ենք ունենալու ռուսներից։ Դա բնական ընթացք է։ Դնում են բեռը նրա վրա, ով այդ բեռը տանում է»։
Ա.Պապյանը նշեց, որ սահմանի երկայնքով գոյություն ունի սահմանային գոտի, որ տարբեր տեղերում տարբեր չափի է, և դեպի սահման գնալիս դարպասներ են դրված, ռուսական զինվոր է այնտեղ կանգնած, և նա է որոշում՝ ձեզ այդտեղ թողնե՞լ, թե՞ ոչ.
«Եվ այդ խնդիրը միշտ է եղել։ Այսինքն՝ այդտեղ կան մարդիկ, որ ունեն հողամասեր, որը մշակում են, արոտվայրեր, և իրենց աշխատանքը մշտապես պետք է համաձայնեցնեն ռուսների հետ, այդտեղ հանքեր կան, որ պետք է շահագործվեն։ Այդ ամենը գալիս է վերահսկողության սխալ լիազորությունից, որ սխալ է իրենց տրվել։
Դա ըստ էության իրենց ամբողջական իրավասության տակ է։ Այսինքն՝ այդ տարածքը ոչ թե գոնե համատեղ իրավասության տակ է, այլ՝ բացարձակ ռուսական իրավասության, և Հայաստանի ինքնիշխանություն կոչվածն այդտեղ չի գործում»։
Ա.Պապյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է պայմանագրի վերանայում. «Ռուսներին պետք է տրվի սահմանը պաշտպանելու գործառույթ, ոչ թե սահմանը վերահսկելու գործառույթ։ Այսինքն՝ նրանք չպետք է լինեն առաջին հերթին օդակայաններում, չպետք է լինեն նաև Իրանի սահմանին։ Ես այդ նպատակահարմարությունը չեմ տեսնում, որովհետև Իրանից այդ վտանգը չկա։ Բայց ամեն պարագայում խոսքը լիազորությունների սահմանափակմանն է վերաբերում, և իրենց միայն պաշտպանելու, բայց ոչ վերահսկելու լիազորություն պետք է տրվի»։