«Կապսի ջրամբարի շինարարությունը դեռ նախագծման փուլում է». Արսեն Հարությունյան

Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18.5 մլն եվրո գումարի չափով վարկային համաձայնագրի» նախագծին։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ այդ գումարով ջրամբարին մոտեցվող ջրագծերն են կառուցվելու և ներտնտեսային ցանցը։

«Կապսի ջրամբարի շինարարությունը դեռ նախագծման փուլում է»,- ասաց նա։

Նշենք, որ ծրագրի առաջին փուլի իրականացման նպատակով դեռևս 2014թ. դեկտեմբերի 19-ին ստորագրվել են 50 մլն եվրո գումարի չափով վարկային և 2 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրերը, որոնց շրջանակներում տրամադրված միջոցները նախատեսված են Կապսի ջրամբարի վերականգնման համար, մասնավորապես, Ախուրյան գետի վրա 25 մլն խմ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու համար:

Ծրագրի երկրորդ փուլով ընդլայնվելու է Կումայրիի ոռոգման ջրատար թունելը, կառուցվելու խողովակաշարի համակարգը՝ ապահովելով մոտ 740 հեկտար տարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերումն ու տեղադրումը:

Վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ, մայր գումարը մարվելու է՝ սկսած 2023թ. մայիսի 15-ից և ավարտվելով 2033թ. նոյեմբերի 15-ին, տոկոսադրույքը՝ լողացող (6-ամսյա EURIBOR + ֆիքսված սպրեդ), պարտավճարը՝ 0.25%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ` սկսած վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվից 12 ամիս անց, կառավարման վճարը՝ վարկի գումարի 1%-ի չափով միանվագ վճար:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս