
Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհու համար 25 տարվա բանտարկություն են պահանջել

Դատախազությունը դատարանից պահանջել է 25 տարվա բանտարկության դատապարտել Չխվե Սուն Սիլին՝ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ընկերուհուն:
Այդ մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը: Նաեւ դատախազությունը պահանջել է, որ Չխվե Սուն Սիլը որպես տուգանք վճարի 118,5 մլրդ կորեական վոն (109 մլն դոլար) եւ 7,7 մլրդ վոն (7 մլն դոլար): Չխվե Սուն Սիլը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերին, նրան մեղադրանք են ներկայացրել 18 կետերով, այդ թվում՝ իշխանության չարաշահման, կաշառակերության եւ անօրինականորեն հարկադրանքի ենթարկելու: Դատաքննությունը տեւել է 13 ամիս:
Չխվե Սուն Սիլի հետ կապված է Հարավային Կորեայի խոշոր կոռուպցիոն սկանդալը: Հետաքննությունը գտնում է, որ նա, օգտվելով պետության ղեկավարի վստահությունից եւ քողարկվելով նրա անվամբ, փորձել է միջամտել պետական գործերին եւ հարավկորեական խոշոր ընկերություններից փողեր է կորզել հարստանալու նպատակով: Արդյունքում Պակ Կըն Հեին հեռացրել են նախագահական պաշտոնից եւ 2017 թվականի մարտին՝ ձերբակալել կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: