Արարատի մարզում կատարված դանակահարության գործով նախաքննությունն ավարտվել է և գործն արդեն դատարանում է:

Երկու տղամարդկանց միջև վիճաբանության և դանակահարության պատճառ է հանդիսացել այն, որ տղամարդկանցից մեկը մյուսի դստեր նկատմամբ անտարբեր չի եղել և այդ մասին հայտնել է նրան:

Մեղադրանքի համաձայն՝ Կամո Պողոսյանը 2017 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Արարատի մարզի Արգավանդ համայնքում նույն համայնքի բնակիչ Արմեն Մարգարյանի կողմից իր աղջկա՝ Ա.Պ.-ի նկատմամբ անտարբեր չլինելու և հեռախոսով իրեն հայտնած «աղջիկդ դառնալու է իմ կինը, իսկ թոռդ ինձ պապա է ասելու» արտահայտածի վերաբերյալ վիճաբանել է վերջինիս հետ:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Պողոսյանը դիտավորությամբ մեկ անգամ ապտակել է Արմեն Մարգարյանին, այնուհետև իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել /առնվազն յոթ հարված/ Մարգարյանի մարմնի տարբեր մասերին:

Տուժողը դանակի հարվածներ է ստացել միջկողային հատվածում, պարանոցի, կրծքավանդակի, նախաբազուկների շրջաններում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մարգարյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Կամո Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: