
«Մեր կողմից բարձրաձայնված մտահոգությունները գրեթե ոչ մի կերպ արտացոլված չեն այս օրինագծում». Փաստաբան

«Մեր կողմից բարձրաձայնված մտահոգությունները գրեթե ոչ մի կերպ արտացոլված չեն այս օրինագծում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանը՝ խոսելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագծի մասին:
Նրա խոսքով՝ օրինագիծը հիմնականում կրել է կոսմետիկ փոփոխություններ, և կոնցեպտուալ առումով այն որևէ նշանակալից փոփոխության չի ենթարկվել.
«Այն բոլոր խութերը և վիճելի դրույթները, որոնք գոյություն ունեին, այսօր էլ այդ դրույթները պահպանվում են: Ինչ վերաբերում է այս օրենքի անհրաժեշտությանը, մենք կրկին մնում ենք այն տեսակետին, որ այս օրենքի սոցիալական անհրաժեշտությունն այս կոնցեպտուալ շրջանակներում և այս իրավադրույթների պայմաններում որևէ կերպ արդարացված չէ:
Այս հապշտապությունը, երբ օրինագիծն անհետաձգելի է ճանաչվում կառավարության կողմից, երբ որոշակի ժամանակամիջոցը չի օգտագործվում, որ ԱԺ-ում տեղի ունենա համապատասխան քննարկում, երբ Արդարադատության նախարարությունն օրինագծի վերջնական տարբերակն «e-draft»-ում չի տեղադրում, այս ամբողջը միայն մեկ եզրահանգման տեղիք է տալիս, որ գոյություն ունեն միջազգային որոշակի պարտավորություններ:
Եթե նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության ավելի քան քառորդդարյա այս ժամանակահատվածում ՀՀ-ն մի կերպ գոյատևել է՝ առանց այս օրինագծի, որևէ անհրաժեշտություն չկա մեկ ամսվա ընթացքում, 12 օրվա ընթացքում, պատգամավորների արտահայտվելու սահմանափակմամբ՝ ընդունել այդ օրենքը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: