Բաժիններ՝

Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը կարող է խառնաշփոթ ստեղծել եկեղեցապատկան կալվածքների իրավունքների դաշտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ մեծ անհանգստություն առաջացրեց թե միջազգային, թե կրոնական հանրության շրջանում: Այդ առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն ու անհանգստությունն արտահայտեց, նույն արեցին Երուսաղեմի քույր եկեղեցիների հոգևոր առաջնորդները, ովքեր առանձին գրությամբ դիմեցին ԱՄՆ նախագահ Թրամփին, որ ետ կոչի կայացված որոշումը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, հիմնական անհանգստությունը կապված է այդ փխրուն կայունության ապակայունացման հետ, որովհետև այն հղի է նոր բախումներով:

«Վտանգ ենք տեսնում, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ: Բացի այդ, Երուսաղեմը շատ բարդ քաղաք է, և գիտեք, որ բազմաթիվ վիճարկումներ են եղել քաղաքի պատկանելության հետ կապված, ընդհուպ մինչև ժամանակին ՄԱԿ-ի որոշում կայացնելը, որով Երուսաղեմը չեզոք գոտի սահմանվեց»,-ասաց նա:

Բացի այն, որ հակամարտության ակտիվացման խնդիր կա, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, թե բազում խնդիրներ կան կալվածքների իրավունքների հետ կապված: Քրիստոնյաները, մահմեդականները, հրեաներն ունեն իրավունքներ իրենց կալվածքների հետ կապված:

«Կարգավիճակի փոփոխությունը կարող է ենթադրել խառնաշփոթ այդ դաշտում, քանի դեռ որոշումներ կայացված չեն կողմերի միջև, նման քայլի դիմելը մեծ վտանգ է պարունակում, հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն իսրայելցիների և պաղեստինցիների համար, այլև այնտեղ ապրող, մշտապես իրենց իրավունքների համար մարտնչող եկեղեցիների համար: Գիտեք, դարերով ձևավորվել են այդ կալվածքների գործածության իրավունքները, կանոնակարգերը: Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը կարող է մեզ կանգնեցնել նոր իրողությունների առջև», -ասաց նա:

Լրագրողների այն հարցին, թե Երուսաղեմի հայերը մտահոգություն ունե՞ն Իսրայելի քաղաքականության հետ կապված, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ Իսրայելի վարած քաղաքականությանը գնահատական տալ չի կարող, սակայն ընդգծեց, որ տարբեր օրինակներ կան, երբ տարբեր հաստատություններ փորձել են ինչ-ինչ քայլեր ձեռնարկել կալվածքների ուղղությամբ:

«Եվ գիտեք, քանի դեռ կալվածքները կան, իսկ դրանք փոքրաթիվ չեն, միշտ էլ տարբեր կառույցների կողմից հետաքրքրություն դրսևորվում է: Մեր պարտականությունն է ունեցած ժառանգությունը պաշտպանելը»,- հավելեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս