Ի՞նչ է սպասվում տուր-օպերատորներին և հանրային սննդի վայրերին Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո

ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Հարկային օրենսգրքում կատարվող հիմնական փոփոխությունները։

«Այսօրվա ԱԱՀ-ի մասին օրենքի 34-րդ հոդվածով՝ ՀՀ տուր-օպերատորների կողմից Հայաստանում կազմակերպվող տուրիստական ծառայություններն ազատված են ԱԱՀ-ից։ Քանի որ Հարկային օրենսգիրքը մշակելիս՝ կառավարությունը որդեգրել էր հարկային արտոնությունների կրճատման և հարկման բազաների ընդլայնման քաղաքականություն, այդ քաղաքականության շրջանակներում այս արտոնությունը վերացվել էր։

Մենք որոշեցինք վերականգնել ԱԱՀ արտոնությունը՝ ներգնա տուրիզմի ոլորտում, այնուամենայնիվ, 3 տարի հետո վերադառնալով ԱԱՀ ազատման նորմը վերացնելու հանգամանքին, այսինքն՝ 3 տարի հնարավորություն կընձեռենք տուր-օպերատորներին՝ գործելու արտոնության շրջանակներում»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ այսպիսով տուրիզմը գերակա ճյուղ հայտարարած կառավարությունը փորձում է մեկ անգամ ևս նպաստել տուրիզմի զարգացմանը, վերականգնել հարկային արտոնությունը, 3 տարի հետո վերադառնալ դրա գործողության արդյունքներին և հետագայում կայացնել որոշում՝ արտոնությունը պահե՞լ, թե՞ ոչ։

Մյուս փոփոխությունը հանրային սննդի վայրերին է վերաբերում։ Փոխնախարարի խոսքով՝ գործող օրենսգրքով՝ 600 քմ սահմանաչափն իջեցվել է 100 քմ սահմանաչափին, և մինչև օրենսգրքի ուժի մեջ մտնելը գործում է այսօրվա օրենսդրությունը, որով արտոնագրային վճար են վճարում այն հանրային սննդի կազմակերպիչները, որոնց սրահի քառակուսի մետրը չի գերազանցում 600 քմ-ն.

«Մինչև 600 քմ մակերես ունեցող հանրային սննդի վայրերը գտնվում են արտոնագրային վճարի հարկման դաշտում, 600 քմ-ից բարձրները՝ սովորական հարկման դաշտում։

Օրենսգրքով 600 քմ-ն իջեցվել է 100 քմ-ի։ Այսինքն՝ մինչև 100 քմ տարածքների դեպքում գործելու է արտոնագրային հարկը, իսկ 100 քմ-ից բարձրի՝ հարկման ընդհանուր դաշտը։ Այս մեկ տարվա ընթացքում հանրային սննդի կազմակերպիչներից ունեցանք բազմաթիվ առաջարկներ և մտահոգություններ այն առումով, որ իրենք հարկման ընդհանուր դաշտում գործելու հնարավորություն այնքան էլ չեն տեսնում, որովհետև ոլորտի առանձնահատկություններից ելնելով՝ գործարքների փաստաթղթավորումը շատ դեպքերում անհնարին է, օրինակ՝ երբ հանրային սննդի կազմակերպիչները ձեռքբերում են կատարում անմիջապես գյուղացուց կամ գյուղացիական տնտեսություններից, այդ դեպքում փաստաթղթավորումը բավականին դժվար է, հետևաբար՝ հարկման ընդհանուր դաշտում գործելու դեպքում իրենք կարող են ունենալ անհամեմատ ավելի մեծ հարկային պարտավորությունների աճ։

Միևնույն ժամանակ, ոլորտի կազմակերպիչներն արդարացիորեն ասում էին, որ այսօրվա հարկման ռեժիմը՝ արտոնագրային վճարով հարկման ռեժիմը, բավականին մեղմ հարկման ռեժիմ է, հետևաբար՝ հենց դրա արդյունքում է, որ հանրային սննդի ոլորտը կայացել է։ Հետևաբար՝ իրենք էլ են համարում, որ՝ այո, հարկային բեռն անհրաժեշտ է ոլորտի նկատմամբ բարձրացնել, բայց այնպես, որ ինքը հանրային սննդի գների վրա որևէ ազդեցություն չունենա, որովհետև ոլորտն անմիջականորեն կապված է գյուղատնտեսության և տուրիզմի հետ»։

Բազմաթիվ քննարկումներից հետո կառավարությունն առաջարկում է հետևյալ փոփոխությունը.

«Մենք այսօրվա գործող օրենսդրությունը տանում ենք մինչև 2018թ. հուլիսի 1-ը և վերականգնում ենք 600 քմ-ն, բայց 2018թ. հուլիսի 1-ից առաջարկում ենք, որ ոլորտն ամբողջությամբ մտնի շրջանառության հարկի դաշտ, և այդտեղ մտնելով՝ իր վրա չգործի թե շրջանառության հարկի շեմը, թե որևէ ծավալային շեմ, այսինքն՝ 100 կամ 600 քմ չլինի։ Մենք առաջարկում ենք, որ շրջանառության հարկի դրույքաչափը ոլորտի համար սահմանվի 10 տոկոս շրջանառությունից, միևնույն ժամանակ՝ հնարավորություն ընձեռելով տնտեսվարող սուբյեկտներին՝ հանել պարտավորությունից փաստաթղթավորված ծախսերի 6 տոկոսը, բայց ոչ պակաս, քան շրջանառության 4 տոկոսը։

Ենթադրենք՝ կազմակերպությունը եռամսյակի ընթացքում ունեցել է 10 միլիոնի շրջանառություն, 10 միլիոնի 10 տոկոսը, այսինքն՝ 1 մլն դրամը, կլինի շրջանառության հարկի իր պարտավորությունը, բայց եթե նա գործում է 25 տոկոս շահութաբերությամբ, այսինքն՝ 7.5 մլն իր ծախսերն են, և հնարավորություն է ունեցել ամբողջությամբ իր ծախսերը փաստաթղթավորել, ապա 7.5 մլն-ի 6 տոկոսը, որը մոտավորապես կազմում է 450 հազար, հնարավորություն կունենա 1 միլիոնից նվազեցնելու։ Ըստ էության, տվյալ տնտեսվարողի համար պարտավորության իրական չափը կազմեց շրջանառությունից 5.5 տոկոս»։

Փոխնախարարը պարզաբանեց, թե ինչու է սահմանվում՝ նվազագույնը 4 տոկոս. «Մենք ունեինք 2 ճանապարհ․ կամ պետք է շրջանառության հարկի ոլորտ բերելով հանրային սննդին՝ շահութահարկի հաշվարկման մեխանիզմ առաջարկեինք, այսինքն՝ լիներ հասույթ, և համամասնորեն հանեինք հասույթին վերաբերող ծախսերը, կամ ավելի պարզ ճանապարհ պետք է առաջարկեինք՝ ունենալ հասույթ և ժամանակաշրջանում ուղղակի ձեռքբերումներ կամ փաստաթղթավորված ծախսեր։ Ընդ որում՝ ձեռքբերումները կարող են չվերաբերել  եռամսյակի ընթացքում աշխատած եկամուտին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս