Պատերազմի վտանգը պայմանավորող հիմնարար գործոնը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Վիեննայի հանդիպումից հետո հնչում են հռետորական կամ լրագրողական հարցադրումներ, և թե արդյո՞ք հանդիպումը արդարացրեց սպասելիքը, կամ ի՞նչ սպասել այդ հանդիպումից: Միևնույն ժամանակ, հանդիպումից հետո արձանագրվեց, որ այն անպտուղ էր, հետևաբար անարդյունավետ և դրանով իսկ վտանգավոր՝ ռազմական էսկալացիայի տեսանկյունից:
Հայաստանի հանրային, քաղաքական շրջանակներում գործնականում տեղի չի ունենում կարևորագույն մի հանգամանքի՝ ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ հայեցակարգային, ռազմավարական վերանայումների գործընթաց: Ապրիլյան պատերազմից հետո անգամ իրավիճակը շարունակում է մնալ դիտարկումների և չափումների նույն պրիզմայում, ինչ կար մինչև Ապրիլյան պատերազմը: Դրա տխուր դրսևորումն էր, օրինակ, այն, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությունն անցավ առանց ղարաբաղյան խնդրի օրակարգայնացման:
Եվ մոլորություն է այն, թե դա այդ խնդրում միասնականության դրսևորում կամ վկայություն է, երբ չկա տարաձայնություն: Իրականում դա ոչ թե միասնականության, այլ պարզապես մոտեցում, ռազմավարություն, խորքային հայեցակարգ չունենալու հետևանք է:
Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում Ապրիլյան պատերազմից հետո լավագույն դեպքում շրջանառվել է, այսպես ասած, ռազմահայրենասիրական հռչակագրերին քաղաքական փաթեթավորում տալով, և վերջ:
Արդյունքում՝ թե՛ ղարաբաղյան խնդրում, թե՛ տարածաշրջանի անվտանգության համակարգի և ռազմաքաղաքական իրավիճակի համատեքստում, թե’ անգամ աշխարհաքաղաքական որոշակի համատեքստում հիմնարար փոփոխություններ բերած Ապրիլյան քառօրյան հայաստանյան հասարակական-քաղաքական ընկալումներում քայլ առ քայլ իջեցվել է, այսպես ասած, սովորական հրադադարի խախտման մակարդակի՝ դրան հաջորդած քաղաքական իրողությունների համեմատությամբ և համադրությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: