Երկրաշա՞րժ, թե՞ պայթյուն. գիտական հիմնավորումներ
Վերջին տարիներին հայաստանյան սոցիալական ցանցերում քննարկվում է ուկրաինական onpress.info կայքում հրապարակված «Ինչպե՞ս 1988-ին պայթեցրին Սպիտակը» հոդվածը (հոդվածի հեղինակ՝ Լեոն Մանեւիցկի): Այս մասին գրում է asparez.am-ը։
Հեղինակը մասնավորապես գրել է. «1988թ. դեկտեմբեր 7-ին աշխարհը ցնցվեց. Հայաստանի հյուսիսային շրջանում փորձարկված գեոֆիզիկական ռումբը, որն առաջացրել էր արհեստական երկրաշարժ, 350.000 հայ խաղաղ բնակչի մահվան պատճառ դարձավ։ Այն ժամանակների ղեկավարությունը ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի եւ պաշտպանության նախարար Յազովի գլխավորությամբ փորձում էին գաղտնի պահել իրականությունը՝ այն ներկայացնելով որպես սովորական երկրաշարժ։
1988-ի նոյեմբերին Երեւանում լուրեր էին պտտվում, թե Հայաստանին ծանր փորձություն է սպասվում, սակայն «փորձություն»-ը բոլորն ընկալում էին բառի փոխաբերական, այլ ոչ ուղիղ իմաստով։
Այդ ամսին մի ռուս գեներալի կին, որը հանգստանում էր Արզնիի առողջարանում, ակադեմիկոս Երեմյանի կնոջը՝ Ռուզան Երեմյանին փսփսացել էր, որ դեկտեմբերի սկզբին Հայաստանին «սարսափելի աղետ է» սպասվում՝ խորհուրդ տալով վերջինիս՝ լքել Հայաստանը։
Նոյեմբերին նման մի զանգ է ստացել նաեւ հայտնի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը. նրան զանգահարել է ծանոթներից մեկը Լենինգրադից (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) եւ խորհուրդ տվել, որ լենինականցիները շուտ դուրս գան Լենինականից։
1988-ի նոյեմբերի վերջին Հրազդան քաղաքի հեռախոսավարուհին լսել է ռուս գեներալի խոսակցությունը Մոսկվայի հետ, որտեղ վերջինս իր կնոջը հայտնել է հետեւյալը. «Ուշանում եմ, կգամ փորձարկումներից հետո»։
Դեկտեմբերի 4, 5 եւ 6-ին Սպիտակ-Կիրովական շրջանում որոտացին հզոր պայթյուններ՝ առաջացնելով 3-4 բալանոց երկրաշարժեր, դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10.30-ին թուրք բանվորները, որոնք աշխատում էին Արփա գետի աջ ափին, որը մոտ է Լենինականին, թողեցին իրենց աշխատանքը եւ հեռացան տարածքից։
1988-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11-ին Սպիտակի մոտ տեղակայված ռազմաբազայի զինվորներից մեկը դաշտում կաղամբ հավաքող գյուղացիներին ասել էր. «Արագ գնացեք, շուտով սկսվելու են փորձարկումները»։
Ժամը 11.41-ին Սպիտակ քաղաքի եւ Նալբանդ գյուղի շրջակայքում 10-15 վայրկյան տարբերությամբ որոտաց երկու հզոր պայթյուն, որից Նալբանդի գյուղացիներից մեկը վեր էր շպրտվել էլեկտրասյան բարձրության։ Գետինը տեղաշարժվել էր, գետնի տակից 100 մետրանոց կրակի ու ծխի սյուն էր բարձրանում։
Լենինականում փլուզվել էր շենքերի 75 տոկոսը. դրանց մի մասը առաջին պայթյունից հետո պտտվել էր իրենց առանցքի շուրջը, երկրորդից հետո` ետ պտտվել, այնուհետեւ «նստել»՝ գետնի տակն անցնելով 2-3 հարկի բարձրությամբ…»։
Հայ մասնագետները հերքում են այս տեղեկությունները եւ միանշանակ նշում, որ 1988 թվականի աղետը երկրաշարժ էր, որին հասարակությունը պատրաստ չէր:
Երկրաշարժից մոտ 3 տասնյակ տարի անց էլ բնակչության գերակշռող մասը, անհասկանալի պատճառներով, չի հավատում, որ 1988-ին տեղի ունեցածը բնական աղետ էր` երկրաշարժ:
Դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը եւս հերքում է պայթյունի մասին այս լուրերը եւ հաստատում.
«Մասնագետի համար ակնհայտ է, որ տեղի ունեցածը բնական երկրաշարժ էր, ոչ մի պայթեցումով հնարավոր չէր այդպիսի արդյունք առաջացնել»:
Մասնագետը թվարկում է գիտական հիմնավորումներ:
1.Սովետական միությունն այդ տարիներին չի ունեցել ատոմային ռումբ, այս առումով հերքվում են ատոմային ռումբի գործածության մասին ասեկոսները:
2.Խորության հարցը. ատոմային ռումբն օդի մեջ է պայթում կամ երկրի մակերեսին, մինչդեռ 88-ի ավերիչ երկրաշարժն ունեցել է մինչեւ 10 կիլոմետր խորություն:
3.Պայթյունի տեւողությունը. պայթյունը տեւում է կարճ` մի քանի վայրկյան, իսկ երկրաշարժը մի քանի տասնյակ վայրկյան է տեւել:
«Ամենակարեւորը` ոչ մի պայթեցումով երկրի մակերեսին բեկվածք հնարավոր չէ առաջացնել, իսկ Սպիտակի երկրաշարժի ժամանակ առաջացավ ընդհանուր մոտ 38 կմ երկարությամբ բեկվածք` տեկտոնական, երկու մետր ու կես ուղղաձիգ ամպլիտուտով եւ մեկ մետրի չափ` հորիզոնական: Վանաձորի դիմաց թուրքաբնակ գյուղ կար, այդտեղ 10 կմ երկարության բեկվածքը շատ լավ երեւում էր»,-պատմում է Ս.Նազարեթյանը:
1988-ին բնակչությունն անբավարար գիտելիքներ ուներ աղետների ժամանակ պաշտպանվելու մասին
Մասնագիտական գրականությունում փորձագետները հաստատում են, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերը համեմատաբար քիչ կլինեին, եթե բնակչությունը պատրաստ լիներ աղետի դիմակայմանը, բարձր լիներ վերջիններիս` իրազեկվածության մակարդակը:
Սերգեյ Նազեթյանը վերհիշում է, որ 88-ի երկրաշարժից հետո Լենինականի թիվ 1 դպրոցի նկուղից հանել են 16 երեխայի դիակ. երեխաները զոհվել են փոշուց խեղդվելու հետեւանքով, նրանցից ոչ մեկը չի ունեցել մարմնական քերծվածք:
«Երկրաշարժի ընթացքում փոշուց պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում թաշկինակով կամ շորով փակել շնչուղիները, երեխաներին բացատրող չի եղել: Եթե իրենք օգտագործեին շորը` որպես դիմակ փոշուց պաշտպանվելու, չէին զոհվի»,-ասում է Ս.Նազարեթյանը:
Պրոֆեսորը նշում է, որ 88-ի երկրաշարժից հետո բնակչության պատրաստվածության ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սեյսմիկ ծառայության տարաքային կազմակերպություններում կան բնակչության հետ աշխատանք անող բաժիններ, որոնք հատկապես դպրոցներում, բուհերում, արտադրական հիմնարկներում զեկույցներ են կարդում, հիմնական թեման սեյսմիկ պաշտպանական անհատական վարքականոններն են` ինչ անել մինչեւ երկրաշարժը, երկրաշարժի պահին եւ հետո:
Երկրաշարժի էպիկենտրոնային գոտու գրունտներում առաջացած ճաքերը, մնացորդային դեֆորմացիաները
Կան վկայություններ, որ սովետական Հայաստանում ընթացել է անորակ շինարարություն, մարդկային գործոնը նույնպես ազդեցություն է ունեցել:
«Երբ մենք ուսումնասիրեցինք Գյումրու փլուզված 147 բնակելի շենքերի պատճառները, պարզվեց, որ քարե շենքերի 10 տոկոսի փլուզման պատճառը բնակչության գործոնն է եղել: Մարդիկ, առանց մասնագետների համաձայնության, քանդել էին իրենց բնակարանների միջնապատերը, հիմնատակից խորը նկուղներ էին փորել, պատերի մեջ պահարանների տեղեր էին բացել, սյուների մեջ հաշվիչ էլեկտրական տեղադրելու համար խոռոչ էին բացել»,-թվարկում է Ս.Նազարեթյանը եւ նշում, որ այսօր էլ այս ոլորտը նորից անվերահսկելի է, իշխանությունը մասնավոր կառույցներում ազատ մուտքի հնարավորություն չունի:
Սեյսմիկ պաշտպանությունը մինչ 1988 թվականն ու երկրաշարժից հետո
Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը նշում է, որ երկրաշարժի ընթացքում Հայաստանը չի ունեցել հատուկ փրկարարներ, սեյսմիկ ռիսկի գնահատում, սեյսմակայուն շիանարարության նորմեր: Խորհրդային միությունում շինարարության նորմերն ընդհանուր են եղել եւ հաշվի չեն առնվել Հայաստանի երկրաբանական սեյսմիկ առանձնահատկությունները:
Բժիշկներն անգամ անպատրաստ են եղել երկրաշարժի դեպքում բարձր մակարդակի օգնություն ցույց տալ տուժածներին, իսկ բնակչության պատրաստվածության ընդհանուր մակարդակը ցածր է եղել: «Խորհրդային տարիներին կար քաղաքացիական պաշտպանություն հասկացողություն, որը հիմնականում ատոմային զենքի դեմ պայքարի մեթոդներ էր ուսուցանում»,-ասում է Ս.Նազարեթյանը:
88-ից հետո ի՞նչ է արվել սեյսմիկ պաշտպանության ուղղությամբ
1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, ըստ Ս.Նազարեթյանի, եղան կտրուկ տեղաշարժեր, հատկապես, երբ ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծվեց սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:
Առաջին կարեւոր քայլերից էր սեյսմիկ պաշտպանության համակարգը, նաեւ օրենքները եւ ենթաօրենսդրական փաստաթղերը, որոնք կարգավորում են ոլորտը:
Երկրաշարժից հետո ՀՀ տարածքում եւ հատկապես Երեւանում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական երկարաժամկետ ծրագիր մշակվեց:
«Դժբախտաբար ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում եւ սեյսմիկ տեսակետից Երեւանի շենքերը շատ խոցելի են` մասնավորապես խորհրդային տարիներին կառուցված 3500-ից ավել բազմաբնակարան շենքերը: Այս շենքերը կառուցված են 7-8 բալի սեյսմակայունության հաշվարկով եւ շինարարության որակը շատ ցածր է, նաեւ ընթացքում եղել են բնակչության ապօրինի ձեւափոխություններ, որոնք բերել են սեյսմակայունության նվազեցմանը»,-ասում է Ս.Նազարեթյանը:
Հաջորդ կարեւոր քայլը, ըստ Ս.Նազարեթյանի, ՀՀ-ում սեյսմակայուն շինարարության նորմեր ունենալն էր:
ՀՀ-ը ԱՊՀ երկրներից առաջինն էր, որը 1994 թվականին ստեղծեց իր նորմերը, իսկ 2006 թվականին վերանայվեցին այդ նորմերը:
Ս.Նազարեթյանի խոսքով` 88-ի երկրաշարժից հետո փրկարար ծառայությունների ուղղություններով եւս տարվել են աշխատանքներ: Փոքր հանրապետությունը չի կարող ունենալ այնքան փրկարար, որ սեյսմիկ աղետի դեպքում կարողանա դիմակայել, բայց գոյություն ունի միջազգային օգնություն, երբ տարբեր երկրների փրկարարներ են օգնության հասնում: Մինչ գնահատվում է աղետի իրավիճակը, երկրները օգնություն են խնդրում, փրկարարները հասնում են աղետից մի քանի օր անց: «Ունենք տխուր վիճակագրություն, որ փլատակների տակ մնացած մարդկանց 60 տոկոսից ավելին զոհվում է առաջին 3 օրը, այսինքն` մարդկանց փրկելու հնարավորություններն ավելի մեծ են առաջին 3 օրը, այստեղ մինչեւ դրսի օգնության գալը, բնակչությունն ինքը պետք է պատրաստված լինի օգնություն ցուցաբերել ինքն իրեն եւ կարողան խուճապի չմատնվել»,-ասում է Ս.Նազարեթյանը:
Սերգեյ Նազարեթյանն ասում է նաեւ, որ 88-ի երկրաշարժից հետո կարեւոր քայլերից մեկը շինարարության որակի բարձրացումն էր:
«Հիմա շիանարության որակն անհամեմատելի լավ է, քան խորհրդային տարիներին, հատկապես, մեծ օրինակ էր Լինսի հիմնադրամով ընթացող շինարարությունը, որի ընթացքում 5.500-ից ավելի բնակարան կառուցվեց աղետի գոտում եւ դրանց որակը խիստ բարձր է: Գյումրեցի հայտնի շինարարներից մեկի խոսքը հիշեմ. ասաց. «Շնորհիվ Լինսի հիմնադրամի` մենք սովորեցինք շենք կառուցել», նկատի ուներ որակը»,-ասում է նա:
Անի Մկրտչյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։