Իրանը ԼՂ հարցում իրեն դիրքավորում է որպես խաղաղասեր խաղացող` ի տարբերություն Թուրքիայի և Ռուսաստանի

Վերջին շրջանում իրանական մամուլն ուշագրավ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի և Արցախի նկատմամբ` ավելի ու ավելի հաճախ իրանական հասարակությանը ներկայացնելով հայ-իրանական հարաբերությունները, ԼՂ հակամարտությունը, կարգավորման գործընթացը, Արցախի տրամադրվածությունն ու քաղաքականությունն Իրանի նկատմամբ:

Ի թիվս մի շարք այլ հոդվածների, որոնք պարբերաբար տեղ են գտնում իրանական մամուլի էջերում, մեծ իրարանցում առաջացրեց իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթում, «Իսլամական Հանրապետության լրատվական գործակալություն» պաշտոնական տեղեկատվական գործակալության կայքէջում, ինչպես նաև իրանական մի շարք այլ լրատվամիջոցներում իրանցի քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի ընդարձակ հարցազրույցը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։

Հարցազրույցում արծարծված հարցերի միջոցով լրագրողն ըստ էության առաջին անգամ նման խորությամբ ցույց է տալիս, թե ինչպիսին է ԼՂ քաղաքականությունը, տրամադրվածությունն Իրանի նկատմամբ, ինչպես է Արցախը կառուցում իր հարաբերություններն այլ երկրների հետ, կփոխվի՞ արդյոք Արցախ-Իրան սահմանը խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում, հնարավոր հարձակման դեպքում ո՞ր կետերը կլինեն Ադրբեջանի թիրախում, և հայկական ուժերը ո՞ր հատվածներում են կենտրոնացած, թուրքական ուժերը մասնակցե՞լ են արդյոք ապրիլյան պատերազմին՝ աջակցելով ադրբեջանական կողմին:

Իրանցի վերլուծաբանի ուշադրությունից չի վրիպել նաև Ռուսաստանի հատուկ դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Նա Մասիս Մայիլյանին հարց է ուղղել նաև զենքի վաճառքի, Բաքվի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի մասին:

«Ընդհանրապես մենք դրական վերաբերմունք ունենք Իրանի հանդեպ: Մենք գնահատում ենք ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է և հիմնականում չեզոք բնույթ է կրում: Հատկանշական է, որ Իրանը 1992 թվականի առաջին կեսին այս հակամարտության կարգավորման հարցում հանդես է եկել՝ որպես միջնորդ, որը խոսում է այն մասին, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում:

Այդ մասին է վկայում նաև այն, որ այսօր պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է Մայիլյանը՝ նշելով, որ արցախյան կողմը շահագրգռված է գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։

«168 Ժամի» հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ իրանցի քաղաքագետի հարցազրույցն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ ամենևին պատահականություն չէր: Այն, նրա բնորոշմամբ՝ կարելի է տեղավորել Իրանի արտաքին քաղաքականության շրջանում: Ըստ Սալամիի, Իրանն իր ներքին լսարանի համար փորձում է նաև պարզաբանել սեփական քաղաքականությունը, քանի որ Հայաստանի և Իրանի, Արցախի և Իրանի շահերը մեծամասամբ համընկնում են:

«Ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ իրանական ԶԼՄ-ներն այս հարցազրույցից հետո մեկ այլ հարցազրույց չեն նախաձեռնել ադրբեջանական, հայկական կողմերի հետ, այլ հենց Արցախի, ներկայացնելով հենց Արցախի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում, դրանով իսկ ցույց տալով այն ընդհանրությունները, որոնք քաղաքականության մեջ ունեն Իրանն ու Արցախը: Իրանի իշխանությանն անհրաժեշտ էր, որպեսզի Արցախի դիրքորոշումը հնչեր պաշտոնական մակարդակով հենց իրանական մամուլում:

Սրանով Իրանը նաև իր ձեռքը պահում է ղարաբաղյան զարկերակի վրա, Իրանն ամենևին էլ անտարբեր չէ այն հարցի առնչությամբ, թե ինչպես կկարգավորվի ԼՂ հակամարտությունը: Այդ մասին ԻԻՀ նախագահը բազմիցս է խոսում, ներկայացնում իրանական դիրքորոշումը, որն ըստ էության համընկնում է Արցախի դիրքորոշման հետ: Փորձ է արվում Արցախը դրական շղարշի ներքո ներկայացնել:

Վերջին շրջանում սա Արցախի մասին, թերևս, երկրորդ հրապարակումն էր, իսկ առաջինն ավելի մշակութային բնույթ էր կրում, ներկայացվում էր, թե ինչպես է Արցախը նորոգում շիայական մշակութային հուշարձանները, ինչ քայլեր են ձեռնարկվում, ինչը չափազանց կարևոր է շիա հասարակության համար, սա մեր նկատմամբ իսկապես հարգանքի և լավ քաղաքականության բարձր դրսևորում է»,- ասաց Սալամին՝ նշելով, որ Մայիլյանի հարցազրույցը քաղաքական անհրաժեշտություն էր Իրանի համար:

Նրա խոսքով՝ պաշտոնական մակարդակում լինելով չեզոք, Իրանն Արցախյան հարցում հայկական քաղաքականության կողմնակիցն է, Իրանը չի դիտարկում սահմանների փոփոխություն Արցախում, որի հետևանքով հենց Իրանի սահմանը կփոխվի, ինչն անթույլատրելի է Իրանի համար՝ հաշվի առնելով իրանաադրբեջանական կոնֆլիկտները:

Նրա խոսքով՝ հայկական թեմաների վերաբերյալ հետաքրքրության երկրորդ պատճառը վերաբերում է հենց հասարակություններին:

«Այսօր ավելի ու ավելի շատ իրանցիներ են բացահայտում Հայաստանն ու հայերին, Հայաստանի հնարավորությունները, Արցախը, նոր պրոյեկտները շատ են, մենք ճանաչողության պակաս ունենք, սակայն պատժամիջոցների տարիների ընթացքում կապերը Հայաստանի և Իրանի միջև խորացել են, այս տարիների ընթացքում շփվել են քաղաքագետները, գիտնականները, կապեր են ստեղծվել, խորացել, բայց կան որոշ բացեր, ինչն էլ հիմա փորձում են ուղղել ԻԻՀ իշխանությունները:

Իրանը չի կարող հաշվի չառնել նաև բավականին ազդեցիկ ներկայություն ունեցող հայ համայնքին, նրա խնդիրները: Այս թեմաները չեն կարող շրջանցվել, ինչո՞ւ շրջանցել, եթե շահերն ու ընդհանրություններն այդքան շատ են, անհրաժեշտություն կա դրանք լայնորեն ներկայացնել մեր մամուլում»,- ասաց Սալամին:

Ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի իշխանությունները չափազանց հաճախ են անդրադառնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և իրենց դիրքորոշմանը:

«Դրա համար մի քանի պատճառ կա: Առաջինը` ապրիլյան պատերազմը և սահմանների փոփոխության վտանգը, երկրորդը՝ Իրան-Իսրայել շարունակական հակասությունները և Իսրայել-Ադրբեջան սերտ համագործակցությունը: Ադրբեջանից ստացվող ազդակներն Իրանին ստիպում են կարծրացնել դիրքորոշումը որոշ հարցերում, և ԼՂ հակամարտությունն այդ հարցերից մեկն է դառնում ամենայն հավանականությամբ, դա նաև լծակ է, թեև Իրանն այստեղ դերակատարություն չունի, բայց Հայաստանին տրվող աջակցությունը լուրջ գործոն է տարածաշրջանում»,- ասաց Մալաշենկոն: Նրա կարծիքով, այս ամենը հաշվի առնելով՝ բնական է նաև նման հարցազրույցի առկայությունն իրանական մամուլում:

«Բայց այս ամենի հետ մեկտեղ՝ Իրանը որոշ աշխատանքներ նաև Ադրբեջանի հետ է տանում, այդ հարաբերությունները ներկայումս իրենց ամենավատ փուլում չեն: Իրանը ցանկանում է իր բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալ՝ առաջ մղելով իր շահերը: Իրանը չի ցանկանում, որպեսզի տուժեն Իրան-Ադրբեջան հարաբերությունները ևս՝ ԼՂ և Հայաստանի հարցում Իրանի քաղաքականության պատճառով»,- ասաց ռուս քաղաքագետը:

Հարցին, թե ո՞վ է այս հարցազրույցի հասցեատերը, Մալաշենկոն պատասխանեց, որ հարցերն ու պատասխաններն այնպիսին են, որ կարելի է ասել՝ հասցեատերերն են Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանի հասարակությունը:

«Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետևում է իրավիճակին, նկատում է ամեն բան և աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահակա՞ն է, իհարկե ոչ:

Իրանը փորձում է նաև ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում՝ բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, դա որքանով է ճիշտ, իրեն դիրքավորելով՝ որպես ազնիվ և խաղաղասեր խաղացող տարածաշրջանում»,- ասաց Մալաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս