Ով է Հայկազ Բաղմանյանը. Հայտարարագրերից կարելի է եզրակացնել, որ Բաղմանյան ընտանիքն «աղքատության» մեջ է ապրում՝ չոր աշխատավարձի հույսին. «Հրապարակ»
«ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այլևս նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների համատեքստում պաշտոնանկ անելու մասին լուրեր պարբերաբար են շրջանառվել (վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ ապրիլյան պատերազմից հետո, առավել հաճախ):
Ինքը՝ Բաղմանյանը, նման լուրերը մշտապես որակում էր լրագրողների կողմից հորինված, ՊՆ-ում իրականացված կադրային փոխատեղումներն ու փոփոխություններն էլ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, մշտապես շրջանցում էին գեներալ-լեյտենանտին:
Ավելին՝ նախագահի հրամանագրով նրա զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվեց 5 տարով, ինչը հուշում է, որ նրա ծառայությունը ՀՀ զինված ուժերում անփոխարինելի էր համարվում:
Բաղմանյանը, ըստ այդմ, պետք է պաշտոնավարեր մինչև 2018-ը, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ Պնախարար Վիգեն Սարգսյանը, վկայակոչելով «պարտականությունները չկատարելն ու թերացումները», որոշեց մի քանի ամիս շուտ հորդորել զորացրվելու մասին զեկուցագիր գրել: Սերժ Սարգսյանը մեկ այլ հրամանագիր ստորագրեց, այս անգամ արդեն Բաղմանյանին պաշտոնից ազատելու մասին:
ՊՆ-ի պաշտոնական կայքից անմիջապես ջնջվեց Բաղմանյանի կենսագրությունը, ՊՆ համապատասխան ծառայության կողմից այդպես էլ որևէ հոդաբաշխ պատասխան չտրվեց, թե այդ ինչ թերացումների պատճառով է, որ «անփոխարինելին», Սերժ Սարգսյանի մարտական ընկերը հեռացվեց պաշտոնից: Հանրությանն ու լրագրողներին այսքանից հետո մնում է ենթադրությունների դաշտ մտնել՝ վկայակոչելով տարբեր պատճառներ ու վարկածներ:
«Ինչո՞ւ ազատվեց Հայկազ Բաղմանյանը» վերնագրով վերջին օրերին տասնյակ հրապարակումներ եղան, որոնցում տարբեր, հաճախ անհեթեթ վերլուծություններ, հիպոթետիկ պատճառներ են նշվում ցեմենտի յուրացումից, նոյեմբերի 21-ին զորամասերից մեկում ականի պայթյունից մինչև բանակի արդիականացման նպատակով արված քայլ:
Խնդիրն այն է, որ Բաղմանյանն ինչ-որ ՊՈԱԿ-ի շարքային աշխատակից չէ, այլ բարձրաստիճան զինվորական, որի ծառայությանը վերաբերող ցանկացած միջամտություն՝ պաշտոնավարման ժամկետի երկարացումից մինչև պաշտոնավարման դադարեցում, օբյեկտիվ, փաստարկված և հանրության համար ընկալելի հիմնավորման կարիք ունի:
Մինչդեռ այն կոնսպիրացիան, որն առկա է ՊՆ-ում, վնասում է համակարգի հանդեպ վստահությանը: Բաղմանյանը ՊՆ համակարգում է շուրջ 18 տարի:
Նա 1999 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ նախագահի 2009 թ. հրամանագրով՝ ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ:
Հարց է ծագում, թե ինչու հենց հիմա պետք է պաշտոնանկ արվեր, եթե դա կարող էր տեղի ունենալ շատ ավելի վաղ՝ հղում արվելով ծառայության հետ անհամատեղելի գործունեությամբ զբաղվելուն:
Բաղմանյանն այն բարձրաստիճան զինվորականներից է, ում անունը մամուլում պարբերաբար շրջանառվել է բանակի հաշվին հարստացած պաշտոնյաների ցանկում, մեկը, ով առասպելական հարստություն է դիզել, սակայն այսքան տարի նրան հանդուրժել են նման զգայուն համակարգում:
Նրան, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում են մի շարք բիզնեսներ՝ գազալցակայաններ, զորամասերի թեյարաններ, բիլիարդի սրահներ, ՀՀ-ից խեցգետնի արտահանում և այլն:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերից կարելի է եզրակացնել, որ Բաղմանյան ընտանիքը, ի տարբերություն շատ այլ բարձրաստիճան զինվորականների, «աղքատության» մեջ է ապրում՝ չոր աշխատավարձի հույսին: Բաղմանյանը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձինք՝ կինն ու որդին, հանձնաժողով են ներկայացրել միայն վերջին 3 տարիների՝ 2014, 2015, 2016 թ. հայտարարագրերը:
2014-ի հայտարարագրում Բաղմանյանը որպես եկամուտ հայտարարագրել է 7 միլիոն 716 հազար դրամ և ոչ մի շարժական կամ անշարժ գույք: 2015-ի հայտարարագրում Բաղմանյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 856 հազար դրամ, որոնք հարկային տարվա վերջում աճել են՝ կազմելով 10 մլն. 272 հազար դրամ: Որպես եկամուտ՝ այդ տարի Բաղմանյանը հայտարարագրել է 7 մլն. 620 հազար դրամ: 2016-ին որևէ դրամական միջոց նա չի հայտարարագրել, ընդամենը, որպես եկամուտ՝ աշխատավարձը՝ 7 մլն. 620 հազար դրամ:
Նրա զավակը՝ Հարություն Բաղմանյանը (ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ է, եղել է 2015 թվականի հուլիսի 29-ին մահացած ծննդկան Մերի Մարզարանի գործով քննիչը), երեք տարի անընդմեջ հայտարարագրել է 5 միլիոն 70 հազար դրամ՝ որպես աշխատավարձից գոյացած եկամուտ:
Հայկազ Բաղմանյանի կինը՝ Նարինե Արամյանը ևս 3 տարի անընդմեջ հայտարարագրել է ընդամենը 1 միլիոն 625 հազար դրամ՝ որպես եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարից: Արդյոք այս հայտարարագրերը Բաղմանյանների ունեցվածքի մասին իրականությունն են արտացոլում, պետք է պատասխանեն պատկան մարմինները:
Հ. Գ. Ընդամենը երեք ամիս առաջ՝ սեպտեմբերի 18-ին, 1in.am-ի հետ զրույցում հարցին, թե եթե իրեն էլ աշխատանքից ազատեն, ապա դա ՊՆ- ում իրականացվող փոփոխությունների համատեքստո՞ւմ պետք է դիտարկել, Բաղմանյանը պատասխանել էր. «Միանշանակ, մենք հո ընդմիշտ չպտի՞ ծառայենք մի պաշտոնում»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: