ՀՀ փոխվարչապետը՝ գնաճի մասին

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով գնաճի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին՝ ասաց, որ ՀՀ բյուջեի 2017թ. համար հաստատված թիրախը 4 տոկոսանոց գնաճն է.

«Դեկտեմբերի 6-ին հրապարակված ցուցանիշով՝ 12 ամսվա գնաճը 2.2 տոկոս է, միջինացված 1 տոկոսից պակաս։ Ազատական տնտեսություն ունեցող տնտեսական համակարգերում մենք երբևէ կոնկրետ ապրանքների գին չենք ամրագրում, այլ կառավարում ենք ընդհանուր գնային ֆոնը, որը տվյալ դեպքում չափվում է սպառողական գների համաթվով։ Եթե դուք բերում եք փաստարկ, որ գնաճը բերում է տնտեսական աճի, ապա պետք է ասեմ, որ անգամ այս պարագայում տնտեսական աճի համար նախատեսված 4 տոկոսն առայժմ հասանելի չէ, որը համահունչ կլիներ։ Եվ դրանով ենթադրել, որ գնաճի միտումով փորձ է արվում կառավարելու տնտեսական աճը, հզոր փաստարկ չէ»։

Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը, փոխվարչապետն ասաց, որ կարելի է դրանց մեջ նշել ձավարեղենը, որի գինը, ըստ նրա՝ իջել է. «ՀՀ-ում այնպես չէ, որ գներն անընդհատ անկում են ապրում՝ միջազգային գներից ելնելով։ 2015-16թթ. ՀՀ-ում տեղի է ունեցել գնանկում, որը տնտեսական աճի համար լավագույն գործոնը չէր։

Եթե խոսում ենք մսամթերքի և այլ արտադրանքների մասին, ապա հիմնականում պայմանավորված է այն խնդրով, որ մեր արտահանման տեմպերն ավելին են, քան մեր արտադրողների հնարավոր հզորությունների ավելացումը, ինչը խոսում է տնտեսական այլ զարգացումների մասին։ Կարագի գինն աճել է բոլոր երկրներում։ Եվ եթե կաթի փոշու գնի նվազումը բերեր այն փաստին, որ լիներ կարագի գնի նվազում, ապա այդ երևույթը նկատելի կլիներ ոչ միայն ՀՀ-ում, այլև այլ երկրներում։ Որևէ երկրում կարագի գնի նվազում չկա»։

Ի պատասխան՝ Շաքե Իսայանն ասաց, որ ինչպես կառավարության յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ Գաբրիելյանը ևս ամեն կերպ շրջանցում է հարցը. «Անդընդհատ բերում եք միջինացված ցուցանիշները։ Դեռևս ամռանից պարզ էր, որ նորզելանդական կարագի թանկացում է սպասվում, և կառավարությունը տեղյակ էր։ Որևէ քայլ կատարվե՞լ է՝ տեղական արտադրանքի ծավալները մեծացնելու, հայ գյուղացու հետ ինչ-որ աշխատանքներ կատարվե՞լ են, թե՞ ոչ։ Այս ամենը փաստում է մի պարզ ճշմարտություն, որ այս գնաճը սխալ քաղաքականության հետևանք է։ Փորձագետները պնդում են, որ այս գնաճը ձեռնտու է միայն կառավարությանը»։

Վաչե Գաբրիելյանն էլ ասաց, որ փորձագետների տվյալ դատողությունը փորձագիտական առումով սնանկ է. «Ինչ վերաբերում է առանձին ապրանքների խնդրին, ապա, երբ լինում են ստրատեգիական ապրանքներ, որոնք փոխարինման հնարավորություն չունեն, այդ դեպքում կարելի է նման քաղաքականություն իրականացնել, օրինակ՝ փամփուշտների, վառելիքի, հացի գծով, որպեսզի ունենանք առնվազն պաշարներ։ ՀՀ-ում արտադրվող «Կաթնառատ» կարագն ունի շատ ավելի ցածր գին, քան ներմուծվող կարագը»։

Տեսանյութեր

Լրահոս