«Առողջապահության ոլորտում 5 միլիարդ կրճատել ենք, 4 միլիարդ ավելացրել ենք, արդյունքում՝ 1 միլիարդ ենք կրճատել. սա ուղղակի փակուղի է». Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունը 2018 թվականի բյուջեի նախագծում փոփոխություններ է կատարել, ըստ որոնց՝ առողջապահության ոլորտին տրվող գումարները 4 միլիարդով ավելացել են: Բյուջեի նախագծով՝ ընդհանուր ծախսերն ավելացել են 15 միլիարդ դրամով՝ կապված փոխարժեքի փոփոխությունների հետ:
ԱԺ նիստի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե ինչի՞ հաշվին են ավելացել այդ գումարները:
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ բոլոր այդ ծախսերը ֆինանսավորվելու են ոչ նյութական ակտիվների օտարման հաշվին. «Դրանք հիմնականում գույքային օտարումներն են»:
«Մարդիկ, որոնց հասնում է պետպատվերով վիրահատություն, ուղեգիրը ձեռքներին՝ գնում և ընկնում են հիվանդանոցներից դռնեդուռ, և նրանց ոչ մեկը չի վիրահատում: Երբ հիվանդանոցներից հետաքրքրվում ենք, թե ի՞նչն է նման մոտեցման պատճառը, ասում են՝ «պետպատվերով մեզ տրվել են 5 միլիոն կամ 30 միլիոն դրամ, մենք արդեն օգոստոսի վերջին այդ ծառայությունները մատուցել ենք, հլը մի բան էլ մեր հաշվին ենք արել»: Քանի դեռ ապահովագրության համակարգի չենք անցել, այդ քաղաքացիներն ուղեգրերը ձեռքը՝ ոչ մի տեղ չեն կարողանում վիրահատվել: Հիմա մենք 5 միլիարդ կրճատել ենք, 4 միլիարդ ավելացրել ենք, արդյունքում՝ 1 միլիարդ ենք կրճատել, և այս խնդիրն առնվազն այս և մյուս տարի չի լուծվելու, ու սա ուղղակի փակուղի է»,- դիմելով նախարարին՝ հայտարարեց Ն. Փաշինյանը:
Ի պատասխան՝ նախարարը նկատեց, որ կա նման խնդիր. «Նման խնդիր կար, երբ մենք վերանայեցինք ապահովագրությունը: Այն հեղինակավոր հիմնարկներն ունենում էին դիմումների մեծ հոսք, բայց մերժումների քանակը մեծանում էր, որովհետև իրենց տրված էր 10 միավորի գումար, բայց նրանց պահանջը, ենթադրենք, 20 միավոր է, և այս փոփոխությունով մենք իրականում այդ խնդիրը լուծում ենք:
Նոր համակարգը, որ մենք դրել ենք, ամբողջությամբ լուծում է այդ խնդիրը, ընդ որում, թափանցիկ ձևով է լուծում այդ հարցը: Սա առաջին քայլն է, բայց Առողջապահության նախարարը նաև ներկայացրել է այն բարեփոխումների շարքը, որով մենք գնալու ենք: Այն մոտեցումը, որը դրվել է 90 հազար շահառուների համար, որոնք սոցփաթեթների շրջանակներում օգտվում են, ավելացվելու է նույնատիպ մոտեցումը շուրջ 600 հազար շահառուների համար: Մենք 2-3 տարվա ընթացքում անելու ենք դա»: