«Իրականում կարագը պետք է 500-1000 դրամ էժան լիներ, քան հիմա է». Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին թանկացումներին՝ նշեց, որ դրանք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։

«Կարագի թանկացումն ավելի շատ պայմանավորված էր դոլարի և եվրոյի թանկացումով, որոնք ամիսներ շարունակ թանկացել էին, և ներմուծողները հաշվի չէին առել, բայց վերջում արդեն սկսեցին կիրառել։ Բայց կարագի գնի թանկացման մեջ կա նաև սպեկուլյատիվ թանկացման մաս․ ես հաշվարկել եմ՝ 500-1000 դրամով ավելի թանկ են վաճառում։ Չգիտեմ՝ ներկրողնե՞րն են այդքան թանկացրել, թե՞ խանութն է օգտվում առիթից, բայց իրականում կարագը պետք է 500-1000 դրամ էժան լիներ, քան հիմա է»,- ասաց տնտեսագետը։

Ինչ վերաբերում է ընդեղենին, ապա, Մակարյանի խոսքով՝ միշտ տոներից առաջ դա թանկացել է. «Նույնիսկ խորհրդային ժամանակներում, որովհետև գյուղացին էր բերում և իր ուզած գինն էր դնում։ Իսկ այս շրջանում ընդեղենի պահանջարկը միշտ մեծանում է։ Ընդեղենի մի մասն էլ դրսից  է բերվում, որովհետև Հայաստանը հիմնականում ընկույզ ունի, իսկ մյուս բաները ներկրվում են, նաև դրանով է պայմանավորված թանկացումը»։

Իսկ ձուն, մեր զրուցակցի խոսքով՝ չպետք է թանկանար. «Դրան կարելի է ուշադրություն դարձնել, որովհետև պատճառ չկա թանկացնելու։ Տեղական արտադրողները ելույթներում խոստացել էին, որ ձուն չի թանկանա։ Գուցե փորձ արեցին թանկացնելու, և մի քանի օրից նորից գինն իջնի։ Գուցե օգտվում են առիթից։

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ներկայացրել էին, որ մոտ 20 հազար ապրանք ներմուծում է ընդամենը 7 կազմակերպություն։ Դա ցույց է տալիս, որ այդ համակարգը մոնոպոլիզացված է։ Այդ 7 ընկերությունը կարող է գների առումով թելադրող լինել։ Մրցակցային հանձնաժողովն այստեղ ունի անելիքներ։ Կարող է՝ իրար մեջ պայմանավորվում են ու թանկացնում։ Այդ 7-ից մեկը կամ երկուսը, կարող է, ավելի շատ են բերում ինչ-որ ապրանք, օրինակ՝ կարագը, և իրենք են գին թելադրում»։

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ըստ Գագիկ Մակարյանի՝ պետք է վաղուց սկսած լիներ հաշվարկները.

«Վերջիվերջո, հայտնի է, թե այս շրջանում պահանջարկն ինչքան է ավելանում։ Ամեն ամիս կա ինչ-որ մթերքների պահանջարկ, բայց Նոր տարվա շեմին մթերքների պահանջարկն ավելի է մեծանում։

Իսկ հունվարին օգտագործում են Նոր տարվա մթերքները, մարդիկ կան, որ նույնիսկ մեկ ամիս այդ կիսաֆաբրիկատներն են օգտագործում, և պահանջարկը նվազում է։ Քանի որ դեկտեմբերին պիկ է լինում, դրանից կարող են օգտվել։ Հանձնաժողովի գործը պետք է լինի այն, որ հաշվի առնելով ընթացիկ պահանջարկը, դոլար-եվրո կուրսը, արհեստական հաշվարկները՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի։

Հիմա կարող է՝ երկու օր հետո կառավարությունում ահազանգեն, թե՝ ձուն ինչո՞ւ է թանկացել, հանձնաժողովին հանձնարարեն զբաղվել դրանով, բայց մինչև հանձնաժողովը զբաղվի՝ դեկտեմբերը կավարտվի։

Այսինքն՝ մենք չենք շահում ինչ-որ բան, ներկրողն էլ թանկ գնով կվաճառի, մարդիկ կգնեն, հունվարին գները կնվազեն, նոր հանձնաժողովը ինչ-որ բան կասի։ Հանձնաժողովը դեռ մի 4 շաբաթ առաջ պետք է այդ հաշվարկները սկսած լիներ, եթե չի սկսել, հիմա արդեն ուշ կլինի»։

Տեսանյութեր

Լրահոս