ՀՆԱ աճի դանդաղման գլխավոր մեղավորը
Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի ծավալը 2017 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 1 տրիլիոն 583.8 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ ՀՆԱ-ի իրական աճը 3.5% է։ Առաջին եռամսյակում (նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ) ՀՆԱ աճը 7% էր, երկրորդ եռամսյակում՝ 5.5%: Այսինքն, տնտեսական աճի տարեսկզբյան բարձր տեմպը դանդաղել է՝ հիմնականում օգոստոս և սեպտեմբեր ամիսների համեմատաբար ցածր տնտեսական ակտիվության հետևանքով։
Ինչի պատճառով է դանդաղել ՀՆԱ-ի աճը։ Ազգային վիճակագրական ծառայությունը շատ կոնկրետ տալիս է այդ հարցի պատասխանը՝ մանրամասն ներկայացնելով, թե տնտեսության առանձին ճյուղերն ինչ չափով են նպաստել ՀՆԱ-ի 3.5% հավելաճին։
Ինչպես տեսնում եք ներկայացված աղյուսակում, այդ 3.5%-ից 0.8 տոկոսային կետն արտադրանքի հարկերն են (հանած սուբսիդիաները), իսկ ավելացված արժեքը հիմնական գներով կազմում է 2.7 տոկոսային կետ։
Իսկ ինչից է բաղկացած այս 2.7 տոկոսային կետը։
Ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները (ՖՄԱՉԾ) ունեցել են -0,1 տոկոսային կետի նպաստում։
Երրորդ եռամսյակի ցուցանիշին ամենից շատ՝ 3.8 տոկոսային կետով, նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Արդյունաբերությունը (ներառյալ՝ էներգետիկան) երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի հավելաճին նպաստել է 1.5 տոկոսային կետի չափով։
Երրորդ եռամսյակում տնտեսական աճին նպաստել է նաև շինարարությունը՝ 0.6 տոկոսային կետով։ Պատճառն այն է, որ, եթե տարվա առաջին և երկրորդ եռամսյակներում՝ նախորդ տարվա նույն եռամսյակների նկատմամբ, նվազել էր համապատասխանաբար՝ 9.6%-ով և 11.7%-ով, երրորդ եռամսյակում աճել է 8.3%-ով։
ՀՆԱ-ի ցուցանիշի վրա բացասական իմաստով ամենից շատ ազդել է գյուղատնտեսության ոլորտը (ներառյալ՝ անտառային տնտեսությունը և ձկնորսությունը)՝ 3.1 տոկոսային կետով։ Սա նշանակում է, որ, եթե գյուղատնտեսությունը «համը չհաներ» և գոնե զրոյական աճ ունենար, ապա 2017 թվականի երրորդ եռամսյակում 3.5% տնտեսական աճի փոխարեն՝ կունենայինք ավելի քան 6.5% տնտեսական աճ։
Ընդ որում, ինչպես տեսնում եք աղյուսակում, գյուղատնտեսական ոլորտի բացասական նպաստումը ՀՆԱ-ի հավելաճին բացասական է եղել նաև առաջին և երրորդ եռամսյակներում, սակայն, ոչ այնքան կտրուկ, որքան երրորդում։ Պատճառն այն է, որ գյուղոլորտի անկումը տարվա ընթացքում խորացել է. եթե 2017 թվականի առաջին եռամսյակում՝ 2016-ի առաջին եռամսյակի համեմատ, անկումը 3.8% էր, ապա երկրորդ եռամսյակում կազմեց 4.1%, իսկ երրորդ եռամսյակում հասավ 9.2%-ի։ Եվ տնտեսական աճի դանդաղումը՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակի 5.5%-ից մինչև 3.5% (երրորդ եռամսյակում) գրեթե ամբողջությամբ պայմանավորված է գյուղատնտեսության անկումային ցուցանիշներով։
Եվ այսպես՝ 7.5% տնտեսական աճ (1-ին եռամսյակում), 5.5% տնտեսական աճ (երկրորդ եռամսյակում) և 3.5% տնտեսական աճ (երրորդ եռամսյակում)։ Ազգային վիճակագրական ծառայությունը հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար ՀՆԱ աճը չի հրապարակել, սակայն այս թվերի հիման վրա կարելի է հաշվել, որ այն 5.5%-ի սահմաններում է։ Հաշվի առնելով հենց այս նվազող դինամիկան՝ կառավարությունը կանխատեսել էր, որ տարին կփակենք 4.3% տնտեսական աճով։
Այսինքն՝ հավանականությունը, որ տարվա վերջին եռամսյակում գյուղատնտեսությունը դուրս կգա անկումային փուլից, խիստ ցածր էր գնահատվում։
Սակայն հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին գյուղատնտեսության ոլորտը ռեկորդային աճ գրանցեց. 2017 թվականի հոկտեմբերին՝ 2016 թվականի հոկտեմբերի համեմատ, աճեց 34.7%-ով։
Սրա արդյունքում՝ ընդհանուր 10 ամիսների համար գյուղատնտեսության անկման ցուցանիշը նվազեց և -12.9%-ի փոխարեն կազմեց -4.1%։ Գյուղոլորտի այս թռիչքի արդյունքում էլ բարելավվեց տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Հոկտեմբերին՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունն աճեց 17.6%-ով, իսկ հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ՝ 7.1%-ով, ինչը ռեկորդային աճ է՝ վերջին 4 տարիներին կտրվածքով։
Թե ինչով էր պայմանավորված գյուղատնտեսության հոկտեմբերյան աճը՝ դժվար է միանշանակ ասել։ Պատճառներից մեկը, իհարկե, այն է, որ 2016 թվականի հոկտեմբերին գյուղատնտեսությունը 30%-անոց անկում էր ունեցել։ Այսինքն՝ բազիսային (համեմատվող) ցուցանիշը ցածր էր։ Սակայն կլինեն նաև այլ՝ զուտ տեխնիկական պատճառներ։ Շատ ավելի դժվար է ասել, թե ինչ միտումներ կունենանք այս ոլորտում՝ նոյեմբերին և դեկտեմբերին։
Մեկ ամիս առաջ քիչ հավանական էր համարվում, որ գյուղատնտեսության ոլորտը տարին կփակի ոչ բացասական ցուցանիշով։
Սակայն պաշտոնական վիճակագրությունը ստիպում է վերագնահատել գյուղատնտեսության նկատմամբ հոռետեսական վերաբերմունքը։
Ու եթե գյուղոլորտում տարվա վերջին երկրորդ ամիսներին հաջողվի աճ ապահովել, չի բացառվում, որ 2017 թվականին ունենանք 6-6.5% տնտեսական աճ։