Բաժիններ՝

«Ասենք, մարդը Թբիլիսիի մեծածախ շուկայից գնեց մանդարին, ինքը որտե՞ղ պետք է գնա, ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերի». Նիկոլ Փաշինյանը՝ Վախթանգ Միրումյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովում քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ունի կարգավորումներ, որոնք այսօր փաստացի չեն գործում.

«Դա վերաբերում է, մասնավորապես, այդքան քննարկված վարորդական իրավունքով ՌԴ-ում աշխատելու խնդրին: Նույնիսկ ԵԱՏՄ խորհուրդը սահմանել է, որ ՌԴ-ում գործող կարգավորումը հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, բայց փաստ է, որ այդ կարգավորումը չի փոխվում: Դուք այդքան դրական բաներ նշեցիք, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ դրական բաները գործելու են, և մեր գործարարները նույնպիսի խոչընդոտների չեն հանդիպելու, ինչպիսին հանդիպում են մեր վարորդները»:

Ի պատասխան՝ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ երաշխիքն իրավական հարթությունում խաղի այն կանոններն են, որոնք սահմանվում են Մաքսային օրենսգրքով.

«Երաշխիքը նաև այն փոխհարաբերություններն են, որ մաքսային մարմիններն իրավական հարթությունում պետք է ունենան միմյանց հետ: Այսինքն՝ եթե որևէ անդամակցող երկրի մաքսային մարմին տեսնում է, որ իր տնտեսվարող սուբյեկտը խնդիր ունի մեկ այլ երկրում, ապա, բնականաբար, պետք է շատ արագ արձագանքի այդ ամենին, ու փոխադարձ փոխգործակցության արդյունքում՝ այդ ամենը կարգավորվի, որովհետև միշտ էլ սուբյեկտիվ դրսևորումներ կարող են լինել»:

Ն. Փաշինյանը նաև բարձրացրեց մանդարին ներմուծելու խնդիրը՝ ասելով. «Հիմա, ասենք, մարդը Թբիլիսիի մեծածախ շուկայից գնեց մանդարին, ինքը որտե՞ղ պետք է գնա, ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերի: Դուք կարո՞ղ եք ասել, դա ի՞նչ գործընթաց է»:

Վ. Միրումյանը պարզաբանեց, որ մանդարինի հետ կապված հարցը կապված է ոչ թե ԵԱՏՄ նոր օրենսգրքի հետ, այլ գործող օրենսդրության դրույթ է, որովհետև ԵԱՏՄ հանձնաժողովը սահմանել է այն ապրանքների ցանկը և դրանց առավելագույն քանակությունը, որը կարող են ներմուծվել ֆիզիկական անձանց անձնական օգտագործման նպատակով, և որոնց համար չի պահանջվում համապատասխան ֆիտոսանիտարական հավաստագիր.

«Կարծում եմ՝ մեր քաղաքացիներն այդ ֆիտոսանիտարական հավաստագիրը կարող են ստանալ ոչ միայն Վրաստանի համապատասխան ծառայությունից, այլև մեր Սննդամթերքի անվտանգության ծառայությունից, և, եթե 5 կիլոգրամից ավելի է, ապա ստանալ այդ հավաստագիրը ու ներմուծել Հայաստան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս