«Second track diplomacy»-ն՝ ընդդեմ Անկարայի լռության
Շուրջ 2.5 ամիս է անցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանից, որտեղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջնաժամկետ տվեց պաշտոնական Անկարային` դեռ 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար:
«Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով»,- հայտարարել էր Ս.Սարգսյանը` տեղեկացնելով, որ պատրաստ է առոչինչ համարել այդ փաստաթղթերը մինչև հաջորդ գարուն, երբ լրանում է իր պաշտոնավարման ժամկետը:
Մինչ օրս Թուրքիան, ըստ էության, չի պատասխանել Սերժ Սարգսյանին, եթե հաշվի չառնենք ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանի նամակը՝ ուղղված ՄԱԿ գլխավոր քարտուղարին։ Դրանում նշվում է, որ վերջին 25 տարիներին Հայաստանը չի ցանկացել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, շարունակում է ապօրինի գրաված պահել Ադրբեջանի տարածքը, և, որ այս հարաբերությունների բացակայությունը բացառապես Հայաստանի անհեռատեսության վկայությունն է։ Եթե արտակարգ ոչինչ չլինի, Անկարան, հնարավոր է, բավարարվի իր դեսպանի նամակով, այլևս որևէ պաշտոնական պատասխան չհնչեցնի ու շարունակի փակ պահել սահմանները։
Սակայն, ԱՄՆ «Թաֆթս» համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի մագիստրոս, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գտնում է, որ կարելի է սահմանները բացել՝ առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, այսինքն՝ առաջ մղել «second track diplomacy»-ն (ոչ պաշտոնական դիվանագիտություն)։
Սա ոչ պետական մարմինների կողմից տարվող բանակցային հարթակ է, որի նպատակն է՝ խնդիրների խաղաղ կարգավորման համար լրացուցիչ մեխանիզմներ ստեղծել և ներկայացնել քաղաքական իշխանություններին։ Ընդ որում՝ «second track» նախաձեռնելու առաջարկություն նա արել է ամերիկյան պետական գործիչ, միջազգային հարաբերությունների փորձագետ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերին, և վերջինս համաձայնել է։
«Ես Քիսինջերին առաջարկել եմ փորձել նման գործունեություն ծավալել նաև աշխարհի այս հատվածում, քանի որ սա Եվրոպայի վերջին փակ սահմանն է, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի կողմից Հայաստանի նկատմամբ արդեն 25 տարի իրականացվող բլոկադայի քաղաքականություն է։
Կարծում եմ, եթե «second track»-ը չօգնի, ապա բացարձակ չի խանգարելու։ Թուրքիան այսօր լուրջ խնդիր ունի՝ իր գրեթե բոլոր հարևանների հետ ունի շատ բարդ ու վատ հարաբերություններ։ Դրանցից գոնե մեկի՝ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորումը կարող է Թուրքիայի համար շատ օգտակար լինել թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի համար»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Ս. Սարգսյանը։
Ըստ նրա՝ Հ.Քիսինջերը, որ ներկայումս զբաղվում է քաղաքական խորհրդատվությամբ և ակտիվ ներգրավվածություն ունի քաղաքական գործընթացների մեջ այս ձևաչափով, վերջերս ԱՄՆ նախագահի օվալաձև աշխատասենյակում հանդիպել էր գործող նախագահ Թրամփի հետ, կարող է ինչ-որ մեխանիզմներ ներկայացնել 2 պետությունների հասարակությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, որը կարող է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծել։
Քաղաքագետը շեշտեց, որ խոսքը գնում է ոչ թե հաշտեցման, այլ բացառապես հարաբերությունների կարգավորման մասին. «Հարաբերությունները կարող են տարբեր ձևերով կարգավորվել, կարող է լինել դիվանագիտական հարաբերությունների հաստատում, բայց սահմանները չբացել, կամ՝ սահմանները բացել, բայց դիվանագիտական հարաբերություններ չհաստատել՝ և այլն։ Այսինքն՝ տարբեր մեխանիզմներ կան, ընդհուպ՝ մինչև երրորդ երկրների ապրանքների համար սահմանների բացում, և այլն»։
Այժմ, եթե հասարակական դաշտում կլինեն կազմակերպություններ կամ գործիչներ, որոնք կարծում են, որ «second track diplomacy»-ն կամ Հ. Քիսինջերը կարող են օգտակար լինել այս գործընթացում, ապա կարող է նոր գործընթաց սկսվել։ Ս
.Սարգսյանի խոսքով՝ սա, բնականաբար, շատ լավ հարթակ կլինի, և Քիսինջերի անձն էլ կարող է շատ լավ ֆիգուր լինել, որպեսզի 2 երկրների միջև թեկուզ «second track» խոսակցություն կամ քննարկում ձևավորվի։
Ս.Սարգսյանը նկատեց, որ տարբեր տարիներ հայ-թուրքական տարբեր նախաձեռնություններ եղել են՝ բիզնես և այլն, բավականին ակտիվ, բայց ոչ էֆեկտիվ գործել է Հայ-թուքական հաշտեցման հանձնաժողովը, իսկ այս պահի դրությամբ որևէ գործընթաց հայտնի չէ.
«Բայց «second track»-ը մշտապես կարելի է պահել իբրև ֆոն, և հասարակությունների միջև այս երկխոսությունը կարելի է իրականացնել եթե ոչ՝ քաղաքական վերնախավի, ապա գոնե՝ հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնված»։