Աննախադեպ, հավակնոտ, խոշոր ձեռքբերում…
Ազգային ժողովի դահլիճը երեկ բավականին ջերմ էր. ԱԺ Արտաքին հարաբերությունների և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, անցկացվեցին «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այս կարևոր համաձայնագրի հետ կապված՝ դրված է 3 նպատակ, առաջինը՝ մեկնարկել հանրային իրազեկման արշավ, ապահովել հասարակական ներառում, սահմանել խորհրդարանական վերահսկողություն։
Ըստ նրա՝ ՀՀ ԱԺ-ն պետք է նպաստի համաձայնագրի վավերացմանը ԵՄ անդամ պետություններում, ինչը երկար ու դժվար պրոցես է. «Վերջիվերջո, այս համաձայնագրով ևս մեկ անգամ փաստում ենք, որ արտաքին հարաբերություններն ընդհանրապես, իսկ Հայաստանի քաղաքական օրակարգը՝ մասնավորապես, վաղուց գծային չեն, այլ դառնում են տարածական։ Այս գաղափարն ընդգծվում է դեսպանների մասնակցությամբ, հրավիրվել են ոչ միայն ԵՄ, այլև ԵԱՏՄ, Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի դեսպանները»։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հավաստիացրեց, որ Հայաստան-Եվրոպա պատմական կապի նոր էջի ստեղծման համար կա անհրաժեշտ քաղաքական կամքը։
«Սակայն մենք նպատակ չունենք մեր հարաբերությունները կառուցել որևէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին»,- ասաց նա՝ նշելով, որ ՀՀ-ն երբեք չի հակադրել բարեկամների շահերը, այլ փորձել է համադրել դրանք։
Ըստ նրա՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը եզակի է, քանի որ Հայաստանն իր պատմական ու աշխարհագրական դիրքով կամրջում է Եվրոպական ու Եվրասիական միությունները։ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևորում է եվրոպական անվտանգության համակարգը, որը հիմնվում է յուրատեսակ եռանկյունու վրա` Եվրամիություն, ԵԱՀԿ և ՆԱՏՕ։ Ա.Բաբլոյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունի նաև ՀԱՊԿ-ին անդամակցումը.
«ՀՀ-ն լավագույնս կարող է հավասարակշռել համագործակցությունն ավտանգության այս երկու համակարգերի հետ՝ միաժամանակ որոշակի դեր ունենալով նաև նրանց միջև առկա խնդիրների հարթեցմանը նպաստելու գործում»։
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը խոշոր ձեռքբերում անվանեց.
«Փաստաթուղթը պարունակում է իրապես համատեղելիություն Հայաստանի բոլոր առկա պարտավորությունների հետ, և այս համատեղելիության շրջանակներում հնարավորություն է տալիս զարգացնելու հարաբերությունները թե՛ ԵԱՏՄ շրջանակներում, թե՛ Եվրոպայի հետ առավել խորը համաձայնագրում»։
Ըստ նրա՝ ՀՀ-ն կարող է մերձեցնել Եվրոպական և Եվրասիական միությունների փոխգործակցության հնարավորությունները և կլինի այն առաջամարտիկը, որն այդ ձևաչափերը կփորձի առաջինը ներդնել, և այս առումով համաձայնագիրը կարևոր է միջազգային տեսակետից։
ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը համաձայնագիրը հավակնոտ կոչեց. «ԵՄ-ն հանդիսանում է մեր քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկը, և նրա հետ մեր հարաբերությունների օրակարգը շարունակում է մնալ բավականին հագեցած»։
Նա նշեց, որ փաստաթուղթը հաստատում է ԵՄ հանձնառությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքների նորմերի սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքի չկիրառման ու ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, տարածքային ամբողջականության վրա. «Այս փաստաթուղթը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք»։
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ եվրոպական քաղաքական միտքը պատրաստ էր այս մակարդակով համագործակցությանը, իսկ ՀՀ-ն ամենայն հստակությամբ կատարել է ստանձնած պարտավորությունները, որը քիչ է հատուկ փոքր պետություններին, քանի որ նրանք ենթարկվում են մեծ ճնշումների. «Մենք մտնում ենք մի այնպիսի արտաքին քաղաքականության ոլորտ, որը կարելի է բնութագրել՝ որպես կոնկորդիա քաղաքականություն, այսինքն՝ համաձայնության և հարմոնիայի վրա հիմնված քաղաքականություն»։
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման նոր փուլի համատեքստում կարևորեց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում Հայաստանի աշխարհառազմավարական ներգրավումը. «Այս խնդրի շուրջ Իրանի և Չինաստանի հետ միջպետական բանակցությունների հետագա ձգձգումը կարող է էական նվազեցնել այդ ծրագրի իրականացման հնարավորությունը»։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց տնտեսական համագործակցության ուղղությունները։ «Այս համաձայնագիրն ունի լրջագույն ծածկույթ և՛ առևտրային, և՛ տնտեսական հարաբերությունների մասով: Համաձայնագիրն արտոնյալ առևտրի ռեժիմ չի նախատեսում, բայց ոլորտային և թեմատիկ ծածկույթի առումով ունի անհամեմատ ավելի մեծ և խորը ծածկույթ, քան ներկայումս ունենք ԵՄ-ի հետ գործող համագործակցության համաձայնագրով»,- ասաց Գ. Մելքոնյանը՝ նշելով, որ ապրանքային առևտրում համագործակցությունը կանոնակարգվելու է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա: Հայաստանը ներկայումս եվրոպական շուկա արտահանելիս օգտվում է GSP+-ի արտոնությունից, որն ունեն ընդամենը 9 երկրներ, իսկ հաջորդ տարվանից կգործի նաև արտահանողների գրանցված համակարգը՝ REX-ը:
Ըստ նրա՝ այս համակարգը ՀՀ-ում գործող կազմակերպություններին հնարավորություն կտա ԵՄ ապրանք արտահանելիս 1 անգամ գրանցվել համակարգում և դրա արդյունքում ապրանքն արտահանել դեպի ԵՄ՝ առանց ծագման փաստաթղթի, և օգտվել տրվող արտոնություններից:
Ըստ փոխնախարարի՝ համաձայնագրով փոխգործակցություն կա մաքսային ոլորտում, պետական գնումների, առևտրի տեխնիկական խոչընդոտների վերաբերյալ, մրցակցության բարձրացման ուղղությամբ, ծառայությունների մասով նախատեսվում է որոշակի ազատականացում, և այլն։ ԵՄ-ն կշարունակի նաև Հայաստանին բյուջետային աջակցության հատկացումը, մասնավորապես՝ 2016 թվականին այն կազմել է 27.5 մլն եվրո, այս տարի նախատեսվում է 15-17 մլն եվրո բյուջետային հատկացում, հետագա տարիների հատկացումների հարցը քննարկվում է: