«Այն իշխանությունը, որն այսօր գործում է ՀՀ-ում, մարդկանց մոբիլիզացնելու իրավունքը պետք է դեռևս վաստակի». Ավետիք Չալաբյան
«Հայաստանի անվտանգության խնդիրները. բարեփոխումների արդյունավետությունը պաշտպանության ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը տեսակետ հայտնեց, որ մեզ բարձր մոբիլիզացիա պետք է ոչ թե՝ նրա համար, որ մենք պատերազմենք և հաղթենք, այլ նրա համար, որ մեզ հետ չուզենան պատերազմել:
Նա նշեց, որ «Զինծառայության մասին» օրենքի քննարկումը ցույց տվեց, որ հիմնական բաժանարար գիծը ոչ թե այն է՝ մենք մոբիլիզացվո՞ւմ ենք, թե՞ ոչ, այլ՝ մոբիլիզացվում ենք ո՞ւմ շուրջ, ո՞վ է հանդիսանում այն առաջնորդական ուժը, որն իր բարոյական նկարագրով, իր բարոյական օրինակով իրավունք ունի կոչ անելու մոբիլիզացիայի.
«Այն իշխանությունը, որն այսօր գործում է ՀՀ-ում, այդ իրավունքը պետք է դեռևս վաստակի, որովհետև լինելով իշխանության մեջ բավական երկար տարիներ՝ նա իր հետևից թողել է, շարունակում է թողնել գործողությունների մի շարք, որն իր այդ իրավունքը դեգրադացնում է: Շատ մարդիկ արդարացիորեն հարցականի տակ են դնում այդ իշխանության իրավունքը՝ անվտանգության շուրջ մոբիլիզացիա իրականացնելու:
Ես հակված չեմ մտածելու, որ մեզ մոբիլիզացիան պետք չէ, միևնույն է, պետք է, որովհետև մեզ, միևնույն է, պետք է պաշտպանվել, բայց նաև համաձայն եմ, որ այդ մոբիլիզացիան ավելի արդյունավետ կլինի, որ այդ մոբիլիզացիան իրականացվի այն ուժի շուրջը, որն այդ բարոյական իրավունքը վաստակել է: Ցավոք, պետք է ասեմ, որ այդ ուժը դաշտում չկա, այնպես չէ, որ կա, ու իշխանության մեջ չէ, այդ ուժը մեր իրականության մեջ չկա»:
Ա. Չալաբյանի կարծիքով՝ Հայաստանում կոռուպցիան համակարգային է, ինչպես աշխարհի բոլոր տեղերում.
«Կոռուպցիան համակարգային խնդիր է, անձերի խնդիր չէ: Տարբեր երկրներ տարբեր չափով կարողացել են այդ համակարգային քաղցկեղը պակասեցնել: Հայաստանը միջին դիրք է գրավում, ինչը վատ է, մենք պետք է ձգտենք՝ լավագույն 30-40 երկրների մեջ լինենք կոռուպցիայի ցածր մակարդակով:
Ունենալ մի համակարգ, որը բացարձակ կոռուպցիայից զերծ է մի իրավիճակում, երբ մնացած կառույցներում կա կոռուպցիա, հնարավոր չէ: Այն պայմաններում, որ մեզ ընդհանրապես պետք է կոռուպցիայի մակարդակը երկրում պակասեցնել, բանակն այն կառույցն է, որը կարող է լինել դրա առաջամարտիկը, որովհետև բանակը, ի տարբերություն այլ կառույցների, այն առերեսվում է ավելի սուր, կտրուկ վտանգի հետ: Բանակում կոռուպցիայի գինը մարդկանց կյանքն է: Բանակը կարող է լինել առաջամարտիկը, ճիշտ է, նա չի կարող լինել բացարձակ սպիտակ, երբ մնացած ամեն ինչը սև է, բայց պետք է հասկանալ, որ այնպես էլ չէ, որ մեր երկրում ամեն ինչ սև է»: