«Հայաստանի քաղաքական օրակարգը վաղուց գծային չէ, այլ դառնում է տարածական». Արմեն Աշոտյան
Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, խորհրդարանում կազմակերպվել են «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով լսումներ, որին մասնակցում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ դիվանագիտական կորպուսի, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ դրված է 3 նպատակ, առաջինը՝ մեկնարկել հանրային իրազեկման արշավ այս կարևոր համաձայնագրի հետ կապված. «Կարծում եմ, որ քաղաքական հարթության մեջ հանրային իրազեկումը կարևոր նախապայման է հաջող աշխատանքի համար։ Այս համաձայնագրի հիմնական նպատակն է բարելավել և հեշտացնել ՀՀ քաղաքացիների կյանքը»։
Երկրորդ կարևոր նպատակը, ըստ նրա, հասարակական ներառումն է, որովհետև ՀՀ քաղաքացիական հասարակությունն ունի հսկայական պոտենցիալ և համաձայնագրի դրույթների կյանքի կոչելու արդյունավետությունը բարձրացնելու համար կարևոր է նաև ապահովել հասարակական հնարավորինս լայն ներառումն այս գործըթացների մեջ։
«Երրորդ ՝այս միջոցառումը կարելի է համարել խորհրդարանական վերահսկողության մեկնարկ այս համաձայնագրի կատարման հանդեպ։ Նոր համաձայնագիրը տալիս է խորհրդարանական ձևաչափի խորացման հնարավորություններ եվրոպական խորհրդարանի հետ մեր հարաբերություններում»,- ասաց Ա.Աշոտյանը՝ նշելով, որ այդ ձևաչափն անվանափոխվելու է՝ դառնալով գործընկերության հանձնաժողով և իրավունք է տրվելու ունենալ նաև ոլորտային ենթահանձնաժողովներ։
Ա.Աշոտյանը նշեց, որ Հ ԱԺ-ն նաև կնպաստի համաձայնագրի վավերացմանը ԵՄ անդամ պետություններում, ինչը երկար ու դժվար պրոցես է։
«Վերջ ի վերջո, այս համաձայնագրով ևս մեկ անգամ փաստում ենք, որ արտաքին հարաբերություններն ընդհանրապես, իսկ Հայաստանի քաղաքական օրակարգը մասնավորապես, վաղուց գծային չեն, այլ դառնում են տարածական։ Այս գաղափարն ընդգծվում է դեսպաների մասնակցությամբ, հրավիրվել են ոչ միայն ԵՄ, այլև ԵԱՏՄ, Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի դեսպանները»,- նշեց Ա.Աշոտյանը։