«Արդեն 10 տարուց ավելի մենք ԳՄՕ պարունակող պտուղ-բանջարեղեն ենք ուտում, ո՞վ է տալու դրա պատասխանը». Մելիտա Հակոբյան
«Եթե ԳՄՕ սերմ են ցանում, ապա տվյալ վայրում առնվազն 7-10 տարի նորմալ բուսատեսակ չի աճում։ Արդեն 10 տարուց ավելի մենք ԳՄՕ պարունակող պտուղ-բանջարեղեն ենք ուտում, ո՞վ է տալու դրա պատասխանը»,- այսօրվա ասուլիսին նման հայտարարություն արեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
«Մեծ-մեծ խոսում են, բայց չունենք օրենք։ Ունենք օրենքի նախագիծ, որտեղից հանված է սննդամթերքի մեջ եղած ԳՄՕ չափաբաժինը, և վերջ։ Մենք չունենք օրենք, հետևաբար՝ ինչի՞ հիման վրա են թույլ տալիս, որ Monsanto-ն մտնի Հայաստան։ Թեպետ, ասում են՝ 20 տարուց ավելի է՝ նա այստեղ է։ Գյուղացին նորմալ սերմ չի վերցնի, կասի՝ մեծ-մեծ պոմիդորներ եմ ստանում, որոնք ուշ են փչանում և լավ վաճառվում են։ Ո՞վ պետք է գնի մեր ապրանքը»,- պարզաբանեց նա։
Մելիտա Հակոբյանը նկատեց՝ Ռուսաստանը լրիվ արգելել է ԳՄՕ պարունակող ապրանքների ներմուծումը. «2017թ. Պուտինը հատուկ ասաց՝ օրենք գրեք, և հիմա ԳՄՕ պարունակող որևէ սերմատեսակ իրավունք չունի մտնի Ռուսաստան, քանի որ դրանք ազդում են ազգաբնակչության վրա և աղտոտում միջավայրը»։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում օրգանիկ մթերքների արտադրություն էլ չի կարող լինել. «Օրգանիկ սննդամթերք որտեղի՞ց մենք ունենանք, դրա համար առողջ միջավայր է պետք։ Եթե մենք այսօր ցանենք Monsanto-ի սերմերը, դրանք փոշու, քամու հետ միասին՝ աղտոտելու են նաև մաքուր հողերը։ Մենք նորմալ մթերք չենք ունենա։ Ի՞նչ ենք ուզում մենք։ Եվրոպական և այլ երկրներում եթե պատրաստի սննդամթերքի մեջ մինչև 0.9% ԳՄՕ կա, ապա կարող են չնշել, բայց եթե դրանից ավելի է, անպայման պետք է նշել։ Մեր երկիրը չի պահանջում, որ գրված լինի դա։ Մեր ժողովուրդն իրավունք չունի՞ իմանալու՝ ինչ է ուտում»։