Ռեկորդային անկումից՝ ռեկորդային աճ

Վերջին օրերի տնտեսական լրահոսի գլխավոր թեման ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից 3 օր առաջ հրապարակված մակրոտնտեսական տվյալներն են, որոնց համաձայն՝ տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ, աճել է 7%-ով։ Իսկ այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճն ավելի տպավորիչ է՝ 17%։

Այս ցուցանիշները բավականին ոգևորել են տնտեսական բլոկի ղեկավարներին, ինչը զարմանալի չէ, որովհետև 7% տնտեսական ակտիվության աճը ռեկորդային է ոչ միայն՝ ընթացիկ տարվա, այլև՝ վերջին 4 տարվա կտրվածքով (ավելի բարձր աճ վերջին անգամ գրանցվել է 2013 թվականի հունվար-ապրիլին՝ 7.2%): 7%-անոց աճը նաև թույլ է տալիս ենթադրել, որ տարվա կտրվածքով տնտեսական աճը կլինի ավելի բարձր, քան կառավարության կողմից կանխատեսվող 4.3%-ը։

Տարբեր գերատեսչություններ և կառույցներ մեկը մյուսից գեղեցիկ ինֆոգրաֆիկաներ են հրապարակում, որպեսզի ավելի լավ երևա, թե նախորդ տարիների համեմատ տնտեսական ակտիվության աճն ինչ տպավորիչ է։ Ոչ պակաս գեղեցիկ ինֆոգրաֆիկաներով ցույց են տալիս, թե ինչով է պայմանավորված այդ աճը՝ ներկայացնելով առանձին ոլորտների ցուցանիշները։

Այս ամենը՝ թե՛ աճը, թե՛ տվյալների վիզուալիզացիան ու ներկայացումը, իհարկե, լավ է։ Սակայն, երբ ասում ենք, որ տնտեսական աճը գրանցվել է այսինչ ոլորտի հաշվին, դա բավարար չէ։ Բավարար լինելու համար պետք է նաև հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված կոնկրետ այդ ոլորտի աճը, և որքանո՞վ է այն առողջ։

Կարդացեք նաև

Հոկտեմբեր ամսվա տպավորիչ աճը հասկանալու համար ուղիղ մեկ տարի ետ գնանք։ 2016 թվականի այս օրերին մակրոտնտեսական ցուցանիշների առումով հակառակ տրամադրություններ էին. հունվար-հոկտեմբերի ցուցանիշներն ամենավատն էին վերջին մի քանի տարիների կտրվածքով։ Տնտեսական ակտիվության նվազումը սկսվել էր դեռ 2016-ի հուլիսից, սակայն անկումն առավելագույնի հասավ հենց հոկտեմբերին։ Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերին՝ 2015-ի հոկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունը նվազեց 7,7%-ով։ Իսկ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով (աճողական) տնտեսական ակտիվության աճը կազմեց ընդամենը 0,3%։

Տնտեսական անցուդարձով հետաքրքրվողները կհիշեն, որ անկման հիմնական մեղավորը գյուղատնտեսությունն էր։ Նախ` 2016-ի սեպտեմբերին (նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ) գրանցվեց 20% անկում, իսկ հոկտեմբերին անկման տեմպը հասավ 30%-ի։ Այս անկումը բուռն քննարկման թեմա դարձավ։ Գյուղոլորտի ցուցանիշների անկման մասին լրագրողները հետաքրքրվեցին վարչապետ Կարեն Կարապետյանից. նախ՝ 2016-ի դեկտեմբերին` ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ, իսկ հետո արդեն՝ հունվարի 13-ին, վարչապետի ասուլիսի ժամանակ։ Վարչապետն այս անկումն այն ժամանակ պայմանավորեց 2 գործոններով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։

Օբյեկտիվը եղանակային պայմաններն էին, իսկ սուբյեկտիվը՝ վիճակագրական տվյալների հավաքագրման հետ կապված խնդիրները, քանի որ գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական տվյալների հավաքագրումը կազմակերպվում է համայնքապետերի, մարզպետների միջոցով։ Ասել է թե՝ գյուղոլորտի ցուցանիշները կարող են իրականությունից էապես շեղված լինել։ Հետո Գյուղնախարարությունն ու ԱՎԾ-ն հանդես եկան պարզաբանումներով՝ գյուղոլորտի անկումը պայմանավորելով գլխավորապես կլիմայական պայմաններով և գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի հասունացման վեգետացիոն ժամանակաշրջանի կրճատմամբ։

Ինչո՞ւ այսքան մանրամասն կանգ առանք գյուղատնտեսության վրա։ Որովհետև այս տարվա հոկտեմբերի աճի չեմպիոնը հենց այս ոլորտն է։ Իսկ դա լիովին հասկանալի է։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2017 թվականի հոկտեմբերին՝ 2016-ի հոկտեմբերի համեմատ, աճել է 34.7%-ով և հավասարվել արդյունաբերական արտադրանքի ծավալին՝ 153,2 մլրդ դրամ։ Ամենից շատ հենց գյուղատնտեսությունն է նպաստել տնտեսական ակտիվության աճի արագացմանը։ Իսկ ինչի՞ հաշվին է գրանցվել գյուղոլորտի այս տպավորիչ աճը։ Ճիշտ է, նախորդ տարվա անկման. 2015 թվականի հոկտեմբերին գյուղոլորտի արտադրանքի ծավալը 147,3 մլրդ դրամ էր, 2016-ի հոկտեմբերին նվազել էր մինչև 102,7 մլրդ դրամ։ Չնայած այս հանգամանքին՝ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով գյուղատնտեսության ցուցանիշը դեռ անկումային է (-4.1%), և դժվար թե հաջողվի տարին փակել թեկուզ զրոյին մոտ աճով։

Տնտեսական ցուցանիշների հաջորդ տհաճ կետը, իհարկե, շինարարությունն է. այս ոլորտում նույնպես անկումը շարունակվում է, սակայն անկման տեմպը գնալով նվազում է։ 2017 թվականի հունվար-հոկտեմբերին շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0,9%-ով և կազմել 274,6 մլրդ դրամ։

Ըստ ամիսների դիտարկելու դեպքում, սակայն, որոշակի դրական դինամիկա է նկատվում։ Այսպես, եթե մինչև հունիս ամիսը շինարարությունն ամսական կտրվածքով նվազում էր (օրինակ՝ 2017-ի հունիսը՝ 2016-ի հունիսի համեմատ, անկումը 4,4% էր ), ապա հուլիսից սկսած՝ շինարարության ոլորտում դինամիկան դրական է (հոկտեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ՝ 5,7%-անոց աճ)։ Թերևս, հենց այս պատճառով է կառավարությունը կարծում, որ շինարարությունը տարին կփակի զրոյից բարձր աճով։ Այս առումով էլ նշենք, որ շինարարության աճի մեջ բավականին մեծ է հանքարդյունաբերության ոլորտում ընթացող շինարարության կշիռը։ Ըստ մարզերի դիտարկելու դեպքում էլ երևում է, որ շինարարության ամենատպավորիչ աճը (մոտ 4 անգամ) գրանցվել է Վայոց ձորի մարզում, ինչը նշանակում է, որ շինարարության ակտիվացմանը հիմնականում նպաստել է Ամուլսարի ծրագրի մեկնարկը։

Իհարկե, կան նաև լուսավոր կետեր՝ արդյունաբերությունը և ծառայությունները։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը տարվա առաջին 10 ամիսներին կազմել է 1 տրիլիոն 338 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճը երկնիշ է՝ 12,4%։ Հանքարդյունաբերությունից բացի, տպավորիչ աճ է գրանցել մշակող արդյունաբերությունը, հատկապես՝ ծխախոտի և ալկոհոլային խմիչքների արտադրությունը։

Սակայն աճի առաջատարը ծառայությունների ոլորտն է։ 2016 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ՝ ծառայությունների ոլորտի աճը կազմել է 13,9%, ծավալը՝ 1 տրիլիոն 182 մլրդ դրամ։

Տնտեսական ոլորտի պատասխանատուները հաճախ են շեշտում՝ տնտեսական աճը պայմանավորված է հիմնականում արդյունաբերության և ծառայությունների ոլորտներով։ Սակայն պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ ծառայությունների ոլորտն աճել է հիմնականում խաղատների և բուքմեյքերական ընկերությունների գործունեության հաշվին։ Մասնավորապես, շահումով խաղերի գործունեությունը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 18%-ով և կազմել մոտ 197 մլրդ դրամ։

Այս ամենը ոչ խորքային վերլուծություն է, որը թույլ է տալիս գոնե մոտավոր պատկերացում կազմել տնտեսական աճի որակի մասին։

Ամփոփելով՝ նշենք, որ, իհարկե, ավելի լավ է ունենալ 7% աճ, քան զրոյին մոտ աճ կամ անկում՝ անկախ նրանից, թե աճը որ ոլորտների հաշվին է։ Սակայն չափից դուրս ոգևորվել այս թվերով և ընդհանրապես մակրոտնտեսական ցուցանիշներով՝ չի կարելի։

Տեսանյութեր

Լրահոս