«Էրդողանին չի հաջողվի ԼՂ հիմնահարցը մտցնել Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման օրակարգ». թուրքագետ
Սոչիում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ղարաբաղյան հարցը բարձրացնելու ցանկությունն ընթացք չի ստանա: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ղարաբաղյան հարցի բարձրացման մասին հայտարարությունները նորություն չեն:
«Էրդողանը նմանատիպ հայտարարություն արել էր դեռ մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, սակայն դրանից հետո հարցը չի քննարկվել կամ էլ ընթացք չի տրվել: Հիմա մենք տեսնում ենք, որ Էրդողանը իրեն հատուկ համառությամբ, խորամանկությամբ փորձում է խնդիրը բարձրացնել: Համոզված եմ, որ չի հաջողվի հարցը մտցնել 3 նախագահների քննարկման օրակարգ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի խոսքով՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններն իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, որը պահպանում է իր կարևոր նշանակությունը:
«Կարծում եմ ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի նախագահները չեն արձագանքի Էրդողանի խորամանկությանը: Էրդողանի այս քայլը նորություն չէ, նա պարբերաբար բարձրացնում է Ղարաբաղի հարցը, փորձում է ցույց տալ, որ կարևոր դեր ունի տարածաշրջանում, փորձում է խցկվել համանախագահների շրջանակ, բայց այդ բոլոր փորձերը ապարդյուն են եղել»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետը նշեց, որ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահների օրակարգում Սիրիայի հարցն է: Սիրիայում սկսվում է խաղաղ կարգավորման փուլը, որում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահների դերակատարությունը մեծ է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 22-ին կրկին հայտարարել էր, որ Իրանի, Ռուսաստանի նախագահների հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրացնել ղարաբաղյան հարցը: «Ռուսաստանը միակ ուժն է, որ կարող է լուծել այս խնդիրը»,- ասել էր նա: