«Երբ իշխանությունը կանգնում է ինչ-որ խնդրի առջև, դա փորձում է լուծել հասարակության հաշվին». Միքայել Հովհաննիսյան

Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի ղեկավար, «Հանուն գիտության զարգացման» 2004թ. նախաձեռնության անդամ Միքայել Հովհաննիսյանն այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում կազմակերպված «Տարկետման իրավունք․ կրթության և գիտության զարգացման վրա ազդեցության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ հիշեցրեց, որ ՊՆ-ի հիմնական փաստարկները երկուսն էին՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում և սոցիալական արդարության հաստատում, որոնք, ըստ նրա՝ քննադատության չեն դիմանում:

«Եթե կոռուպցիոն ռիսկից ենք խոսում, ապա այն մի տիրույթից տեղափոխվում է մեկ այլ տիրույթ՝ առողջապահություն, զինկոմիսարիատ և այլն: Եթե ուզում եք կրթության ոլորտում կոռուպցիան նվազեցնել, ապա դասախոսների աշխատավարձը բարձրացրեք: Երբ խոսում ենք սոցիալական արդարության մասին, ապա աբսուրդ է, որ ՀՀ-ում սոցիալական արդարության հարցի լուծումը սկսվում է պարտադիր զինվորական ծառայության հարցից, այլ ոչ թե՝ մենաշնորհների վերացումից, ընտրական գործընթացների բարելավումից: Բնականաբար, սրանով ոչ մի սոցիալական արդարության հարց չի լուծվելու»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ սովորաբար իշխանությունները սարսափելի ինչ-որ քայլ են ձեռնարկում, հետո հասարակությունը փորձում է հասկանալ, թե ինչպես դրա բացասական էֆեկտները նվազեցնի:

«Երբ երկրում պակասում են մարդիկ, պակասում են նաև զինվորները: Սա հետևանք է տարիներ շարունակ իրականացվող քաղաքականության, որի արդյունքում արտագաղթը հասել է սարսափելի աստիճանի, մարդկանց հիասթափությունը հասել է սարսափելի աստիճանի, և իշխանություն-հասարակություն անջրպետն էլ հսկայական է դարձել: Այստեղ մենք ունեն իրավիճակ, որ, երբ իշխանությունը կանգնում է ինչ-որ խնդրի առջև, դա փորձում է լուծել հասարակության հաշվին»,- նշեց նա:

Հովհաննիսյանն ընդգծեց՝ հասարակությունն անսպառ ռեսուրս չէ. «Ինչ-որ փուլից հետո հասարակության ռեսուրսն էլ չի բավարարելու պաշտպանության գործառույթներն իրականացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս