«Լավ կլիներ, եթե Ադրբեջանի խոսքը համապատասխաներ գործին». Նալբանդյան

«Տրամարդված ենք Ռուսաստանի և համանախագահ երկրների հետ շարունակել ջանքերը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար»,- այս մասին  այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, թե Ադրբեջանը ձգտում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ խնդիրն այն է, որ գործը և խոսքը չհակասեն:

Նախարարը փորձեց մի քանի փաստեր հիշեցնել:

«Կազան: Մենք Կազանից առաջ հանդիպել ենք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ մակարդակով երեք-չորս անգամ, որպեսզի համաձայնեցնենք  հիմնարար սկզբունքների տեքստը, որը հետագայում  պետք է ներկայացվեր  նախագահներին և գագաթնաժողովից առաջ, այսինքն`  10 օր առաջ ստացանք, ինչպես և պայմանավորվել էինք, ուղեկցող  նամակ, այդ թվում՝ տեքստ, որում հստակ գրված էր մեր միջնորդներին, ՌԴ ԱԳ նախարարին, որ  ինչպես որ պայմանավորվել էինք տեքստում փոփոխություններ չեն մտցվելու:

Այնինչ դրա մասին բազմիցս խոսել ենք, որ ադրբեջանցիները Կազան էին եկել 10, այսինքն`  12 փոփոխություններով, այսինքն` Կազանում ետքայլ կատարեցին:

Կազանից առաջ Սոչի 2011 թվականի մարտին, դրանից առաջ հոկտեմբերին Աստրախան, դրանից առաջ հունիսին 2010 թվականի Սանկտ-Պետերբուրգ, նման բաներ եղել են հետո ևս: Որպեսզի բոլոր հանդիպումներին և գագաթնաժողովներին չանդրադառնամ հիշեցնեմ, որ վերջին հանդիպումների ընթացքում Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում պայմանավորվել ենք ինչ որ բանի շուրջ, Ադրբեջանը այս դեպքում ևս ետ քայլ  կատարեց, Վիեննայի հանդիպումից վերադառնալով Ադրբեջանը հայտարարեց, որ ոչինչ չեն պայմանավորվել, իսկ հանդիպումը եղել էր ԱԳ նախարարների մակարդակով` ՌԴ ԱԳ նախարար, ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարարը, այսինքն` նրանք ինչ որ բան սխալ են հասկացել և հայտարարություն են տարածել մեխանիզմների ստեղծման, Կասպշիկի առաքելության  ընդլայնման մասին:

Կրկին ետ քայլ, նույնիսկ դրանից հետո համանախագահող երկիրը ԵԱՀԿ-ում կապ է հաստատել  բարձր մակարդակով ադրբեջանական կողմի հետ, ամեն անգամ հաստատել են, որ կհամաձայնեն Կասպշիկի առաքելության ֆինանսավորման հարցում և չորս անգամ արգելափակել են ԵԱՀԿ բյուջեի հանձնաժողովի ֆինանսավորումը, կրկին ետ քայլ»,- մանրամասնեց Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքներին, որպես հիմք, Նալբանդյանի խոսքով, այդ երեք սկզբունքներով  պայմանավորվել են Ադրբեջանի հետ և կա Ադրբեջանի ստորագրությունը:

Նա նաև հիշեցրեց 1994-1995 թթ. կրակի դադարեցման  համաձայնագրերի մասին, որոնցից ադրբեջանցիները, նախարարի խոսքով, հնարավորինս փորձում են հեռանալ:

«Իհարկե, լավ կլիներ, եթե խոսքերը համապատասխանեին գործերին հատկապես Ժնևում, երբ խոսում էինք, որ պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկվեն լարվածության նվազեցման համար, սա վերաբերում է այն համաձայնություններին, որոնք եղել են Սանկտ-Պետերբուրգում ու Վիեննայում, նրանք դա չեն անում կամ երբ ասում ենք, որ պետք է ինտենսիվացնենք բանակցությունները այն  սկզբունքների և էլեմենտների վրա, որոնք հնչեցվել են ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների մակարդակով 5 հայտարարություններում, Հայաստանը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք  շարունակել այդ հիմքի վրա ԼՂ հակամարտության կարգավորումը:

Ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ չհիշել այդ հինգ հայտարարությունների մասին:  Սա է գործերի ներկայիս դրությունը: Հույս ունենք, որ ադրբեջանցիները կփոխեն իրենց դիրքորոշումը և ցանկությունը  գործի կվերածեն: Ինչ վերաբերում է Հայաստանին մենք երբեք չենք  հրաժարվել մեր պայմանավորվածություններից և տրամարդված ենք այսուհետ ևս Ռուսաստանի և համանախագահ երկրների հետ  շարունակել ջանքերը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար»,- ասաց նախարար Նալբանդյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս