Ինչ է սպասվում նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանին

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական միության Արևելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթաժողովը, որը գործընկերներին խոստանում է բոլորովին այլ որակ, քանի որ 2015թ. մայիսին Ռիգայում կայացած գագաթաժողովից և 2016թ. նախարարական հանդիպումից հետո Եվրահանձնաժողովը ծրագրի համար նոր նպատակներ ու առաջնահերթություններ է սահմանել, որոնցում մեկնարկային կետ է սահմանվել 2020 թվականը. «2020 թվականը՝ 20 առանցքային արդյունքները»:

Սահմանված են 20 առաջնահերթ նպատակներ, սակայն ԱլԳ 6 երկրներից յուրաքանչյուրի հետ Եվրամիությունն ունի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից բաղկացած առանձնահատուկ օրակարգ:

«Արևելյան գործընկերությունը թևակոխում է մի փուլ, որում մեր բոլոր գործընկերների հետ, առանց բացառության, մենք ունենք կոնկրետ օրակարգ, որը բաղկացած է կոնկրետ միջոցներից ու ծրագրերից, որոնք քաղաքացիների օգտին են: Ուստի մեր միջև գործընկերային հարաբերություններն այլևս առանցքային գործոն չեն: Առաջին պլանում են այն կոնկրետ արդյունքները, որոնց մենք կարող ենք հասնել, լինի դա առևտրի, շարժունակության կամ այլ ոլորտներում»,- վերջերս նշել էր ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Եվրահանձնաժողովում որոշել են, որ քաղաքացիների համար տեսանելի արդյունքների հասնելու նպատակով անհրաժեշտ է նպատակաուղղված մոտեցում, հիմնված այն պարտավորությունների վրա, որոնք ստանձնել են Եվրամիությունն ու Արևելյան գործընկերությունը: Սակայն կան 4 ոլորտներ, որոնց ուղղությամբ ԵՄ-ն վճռական միջոցներ է ներդնելու և ակնկալելու, դրանք են` տնտեսական զարգացում և առևտրային հնարավորություններ, ինստիտուտների ամրապնդում և կառավարման որակների բարձրացում, էկոլոգիա և կլիմայի փոփոխություն, շարժունակություն և մարդկանց միջև կապեր: Այս ամենում Հայաստանի համար կարևորը երկու հանգամանք է` Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որի ժամկետները դեռ անորոշ են, սակայն կողմերը չեն բացառում, որ համաձայնագիրը ստորագրվի Բրյուսելյան գագաթաժողովի շրջանակում, և «Արևելյան գործընկերության» եզրափակիչ հռչակագիրը, որում սովորաբար անդրադարձ է լինում հակամարտություններին, այդ թվում՝ ԼՂ հակամարտությանը, և ներառվում են Հայաստանի դիրքորոշմանը հակասող գնահատականներ: Լուրեր են շրջանառվում, որ հռչակագրում տհաճ անակնկալներ կլինեն հայկական կողմի համար, քանի որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատել է դրա համար:

Հարցի շուրջ «168 Ժամը» զրուցեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, լեհ քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկիի հետ: Նա նշեց, որ ցանկացած երկու կողմ ունեցող հարցի դեպքում Եվրոպական միությունը փորձում է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել:

Նրա որակմամբ՝ սա Եվրամիության համար առանցքային հանգամանք է: «Եվրամիությունը փորձում է հաշվի առնել բոլոր կողմերի շահերը՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքները: Եվրամիությունը հաշվի է առնում նաև միջազգային հարթակներում երկրների վարած քաղաքականությունը՝ չտրվելով սադրանքներին: Հռչակագրի տեքստը կազմվում է՝ հաշվի անելով ԱլԳ բոլոր երկրների շահերը, իսկ ԱլԳ երկրների մեծ մասը տարածքային հակամարտություններ ունեն Ռուսաստանի հետ, սա որոշիչ հանգամանք է, որն իր անդրադարձն է ունենում նաև ԼՂ հակամարտության վրա, քանի որ ԵՄ-ն չի կարող երկակի չափանիշեր կիրառել: Սա խնդիր է դիտարկվում Հայաստանի կողմից, համաձայն եմ, բայց տարեցտարի այդ հարցին Եվրամիությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում՝ փորձելով հարգել երկու կողմին էլ»,- ասաց Ռիչարդ Չարնեցկին:

Նրա կարծիքով՝ Հայաստանը ևս պետք է միջազգային հարթակներում ակտիվություն ցուցաբերի և բացատրի իր դիրքորոշումը, արդարացնի այն: «Սա շատ կարևոր է: Պետք է ոչ միայն հայտարարել, այլ բացատրել` ինչու է դիրքորոշումն այսպիսին, աշխատել համախոհներ գտնել այդ դիրքորոշման համար, քանի որ իրականում այդ համախոհները շատ են, էլ ավելի ակտիվ աշխատանքի դեպքում էապես կշատանան: Նույնը վերաբերում է հռչակագրի տեքստին, այդ ուղղությամբ պետք է հայկական կողմը ևս աշխատի և բացատրի իր դիրքորոշումը»,- ասաց եվրոպացի քաղաքական գործիչը:

Սակայն, նրա կարծիքով, հայկական կողմը չպետք է հռչակագրում ներառված ձևակերպումները կապի ստորագրվելիք համաձայնագրի հետ, քանի որ գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրն այնքան կարևոր չէ, որքան երկկողմ համաձայնագիրը, որի ստորագրմանը կողմերը երկար են պատրաստվել: «Երկար ասելով` նկատի ունեմ՝ 2011-ից սկսած մինչ այսօր, երբ Հայաստանն ու Եվրոպական միությունը սկսել են աշխատել համատեղ փաստաթղթի վրա, այն 2013-ին տապալվեց, բայց Հայաստանը հնարավորություն ունեցավ ևս մեկը բանակցել, և այս հնարավորությունն այլևս կորցնել չի կարելի: Ուստի կհորդորեմ կենտրոնանալ համաձայնագրի ստորագրման վրա, քանի որ դրա համար խոչընդոտներ չկան»,- ասաց Չարնեցկին:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովն անդրադառնալով հարցին, թե ստորագրվելիք համաձայնագիրն ինչպե՞ս կանդրադառնա Երևան-Մոսկվա հարաբերությունների վրա, պատասխանեց, որ ամեն բան վաղուց պարզ է` Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միությունն այս համաձայնագիրը մարտահրավեր չեն դիտարկում, ինչպես 2013թ., երբ Հայաստանը պատրաստվում էր Եվրամիության հետ բոլորովին այլ որակի համաձայնագիր` Ասոցացման համաձայնագիր ստորագրել:

«Ռուսաստանը գուցե ունի որոշակի անհանգստություններ, որոնք չի արտահայտում: Դա կապված է ոչ թե Հայաստանի, այլ Եվրամիության հետ, քանի որ այդ հարաբերությունները վստահության դեֆիցիտ ունեն: Այդ դեֆիցիտի պատճառն ուկրաինական ճգնաժամն է, իրավիճակը Սիրիայում, ԵՄ-ի պատժամիջոցների քաղաքականությունը: Այնուամենայնիվ, այս ամենը հաշվի առնելով՝ գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն փոխվի այս համաձայնագրի ստորագրումից հետո, և սա մարտահրավեր չի դիտարկվում»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ համաձայնագիրն ընկալելու հարցում բարդություններ է ստեղծում միայն ՌԴ-ԵՄ հարաբերությունների ներկայիս բնույթը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը հասկանում է, որ այս հարցը Հայաստանում դիտարկվում է՝ որպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հնարավորություն: Նա նշեց, որ Ուկրաինան «կամ-կամ»-ի քաղաքականության սպառվածության ամենավառ օրինակն է: «Հետսովետական հասարակությունները բաժանված են, ինչը ենթադրում է, որ երկիրը պետք է աշխատի տարբեր ուղղություններով՝ բավարարելու համար սեփական հասարակության տարբեր շերտերի հավակնություններն ու նախասիրությունները: 2013 թվականին Հայաստանը հրաժարվեց նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, քանի որ մեծապես Եվրամիության կողմից առաջ էր մղվում «կամ-կամ»-ի քաղաքականություն, թեև նախագահ Սարգսյանը պնդում էր, որ Հայաստանն առաջնորդվում է «և-և»-ով: ներկայումս իրավիճակն այլ է, բոլոր կողմերն են հասկացել, որ չի կարելի երկրին պարտադրել ընթանալ զարգացման միայն մեկ ուղղությամբ: Դա անհնար է»,- նման տեսակետ հայտնեց Դուբնովը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի այս օրինակը կարող է ուղենիշային դառնալ մի շարք այլ հետսովետական երկրի համար ևս: Նրա խոսքով՝ ԵՄ-ն ևս դրա ակնկալիքն ունի:

«Եվրասիական տնտեսական միությունը ևս դեմ չէր լինի օգտվել այս օրինակից և համագործակցել Եվրոպական միության հետ, քանի որ իզոլյացված հնարավոր չէ զարգացնել միություն»,- ասաց նա: Դուբնովի կարծիքով՝ այն, թե որքանով է հաջողված Հայաստանի քաղաքականությունը և Եվրասիական տնտեսական միություն ու Եվրամիություն համատեղումը, ցույց կտա հաջորդ տարին, երբ Հայաստանը կսկսի իրականացնել ԵՄ-ի պահանջները, որոնք ներառված են համաձայնագրում:

Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը մեզ հետ զրույցում նկատեց, որ 2013 թվականին սկիզբ առած ուկրաինական ճգնաժամից հետո «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ըստ էության կորցրել է իր նշանակությունը, քանի որ ԱլԳ ոչ բոլոր երկրներն են շարժվել ԵՄ-ի առաջարկած ասոցիացման ուղով: Առանց ասոցիացման, նրա կարծիքով, այս ծրագիրը չի ծառայում իր նպատակին, քանի որ ԱլԳ չասոցիացված երկրներն իրենց հարաբերությունները ԵՄ-ի հետ զարգացնում են երկկողմ փոխշահավետ սկզբունքով:

«ԵՄ-ն այս երկրներին ոչինչ չի պարտադրում, Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը զարգացնում են իրենց հարաբերությունները ԵՄ-ի հետ այնպես, ինչպես հնարավոր է, այնպես, ինչպես ցանկանում են: Իսկ ԱլԳ-ն մեկ միասնական փաթեթ էր, ԱԼԳ-ն ստեղծվել էր հենց դրա համար, որպեսզի էլ ավելի սերտ համագործակցության ձգտող երկրները ներառվեն մեկ փաթեթի մեջ և ԵՄ-ի հետ զարգացնեն իրենց հարաբերությունները հավասարաչափ: Բայց այս նպատակը չիրականացավ, ուստի ԱլԳ-ն պետք է վերափոխվի: Ես կարծում եմ, որ տարբերակման քաղաքականությունն անիմաստ է, սա պարզապես քողարկում է այն փաստը, որ ԱլԳ-ն տապալվել է, նախնական բոլոր նպատակները տապալվել են»,- ասաց Ռարը:

Նրա դիտարկմամբ՝ սա նաև ապացուցում է, որ այն քաղաքականությունը, որն ընդհանուր առմամբ ԵՄ-ն է կիրառում, դատապարտված է տապալման, իսկ քաոտիկ ընթացքը լավ արդյունքների չի հանգեցնի: Ալեքսանդր Ռարը կարծում է, որ առաջիկա գագաթաժողովի շրջանակում Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ պատրաստած համաձայնագիրը:

Տեսանյութեր

Լրահոս