«ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կլինի ԵԱՏՄ մյուս երկրների և միության համար». Արտաշես Գեղամյան

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կլինի ԵԱՏՄ մյուս անդամների, ինչպես նաև միության համար: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, նման կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, Երևանում կայացած «Ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը ԱՊՀ և ԵԱՏՄ տարածաշրջանում» մեդիաֆորումի շրջանակներում:

Շրջադարձային շրջանում, ըստ Արտաշես Գեղամյանի, Հայաստանի ղեկավարությունը ցուցաբերել է բացառիկ իմաստություն, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, 2013 թ. սեպտեմբերին հայտարարելով Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին:

Նրա խոսքով, եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացված անդամակցության մասին փաստաթուղթը, ապա այդ համաձայնագրի տնտեսական բաղադրիչը կհանգեցներ Հայաստանի տնտեսության բացարձակ անկման: Այժմ, Արտաշես Գեղամյանի կարծիքով, այդ հարցն ինքնին զգալի փոփոխություններ է կրել և ԵՄ բարձր պաշտոնյաները համաձայն են նրա հետ, որ Եվրամիության հետ նոր գործընկերային համաձայնագիրը կազմվել է` հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները ԵԱՏՄ-ում:

«Սա հայկական դիվանագիտության և նախագահ Սերժ Սարգսյանի անվիճելի հաղթանակն էր: Չնայած լուրջ ճնշմանը, նախագահն ուժ գտավ հետևողականորեն առաջ տանելու այս գաղափարը, զինաթափիչ հայտարարություն անելով այն մասին, որ Հայաստան-ԵՄ ասոցացված համաձայնագրին մոտ նոր համաձայնագրի օրինակով երկիրը կստանա ունիկալ հնարավորություններ, հաշվի առնելով բացասական կողմերը: Դրանք կապված են այն հանգամանքի հետ, որ լինելով մեկ տնտեսական կազմակերպության (ԵԱՏՄ – խմբ.) և անվտանգության համակարգի (ՀԱՊԿ – խմբ.) անդամ, Հայաստանը միաժամանակ կուժեղացնի իր գործընկերությունը ԵՄ հետ»,-ասել է Արտաշես Գեղամյանը:

Ըստ նրա` դրանով Հայաստանը հայտարարեց աշխարհին, որ ԵԱՏՄ առանձին վերցրած անդամը կարող է «ասոցացված հարաբերություններ» ունենալ ԵՄ հետ, առանց վնասելու իր պարտավորությունները, ինչը լավ օրինակ կարող է լինել Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների, այդ թվում` Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ համար

«Այս փաստը դեռ պետք է իմաստավորեն մեր ոչ բարեկամները, քանի որ Հայաստանը կատարեց իրական հեղափոխական քայլ: Որպես արդյունք, ԵԱՏՄ և ԵՄ անհամատեղելիության մասին բոլոր փաստարկները, որոնք ներկայացվում էին երրորդ երկրների կողմից, ըստ էության, դարձան հերյուրանք», – նշել է Արտաշես Գեղամյանը:

Նրա կարծիքով, տրամաբանությունը ցույց է տալիս, որ երկու միությունների` ԵԱՏՄ և ԵՄ միջև տնտեսական համագործակցության նոր որակի զարգացման հնարավորությունը բավական իրատեսական է: «Եվրոպան, կամ գոնե որոշ եվրոպական երկրներ, խորապես հասկանում են այդ համագործակցության անխուսափելիությունը», – նշել է պատգամավորը:

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսված է, որ Հայաստանը կստորագրի նոր համաձայնագիրը ԵՄ հետ: Այն կփոխարինի գործընկերության և համագործակցության մասին ընթացիկ համաձայնագրին:

ԵՄ հետ ընդլայնված գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր ԵԱՏՄ երկրներից ունի Ղազախստանը, որը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին: Համաձայնագիրը ժամանակավորապես և մասամբ կիրառվում է 2016-ի մայիսից, և եվրոպական փորձագետների կարծիքով, արդեն նպաստել է երկկողմ հարաբերություններին, որակապես բարձրացնելով նոր մակարդակի, և դրա վավերացումը ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից և լիարժեք ուժի մեջ մտնելը կշարունակի ընդլայնել և ամրապնդել փոխգործակցության շրջանակը: Միևնույն ժամանակ, Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Ղազախստանի ամենամեծ առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը և երկկողմ առևտրի ծավալը, երկու տարվա անկումից հետո, ցույց է տալիս դրական միտում, 2017 թվականի առաջին յոթ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 27 տոկոս աճ:

Տեսանյութեր

Լրահոս