«Գիտությանը հատկացվող պետական միջոցների առումով Հայաստանը տարածաշրջանում ամենավերջին տեղում է». Ռադիկ Մարտիրոսյան
Հրատապ թեմա ծրագրի շրջանակներում այսօր լրագրողների հետ հանդիպած ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն անդրադառնալով գիտելիքահենք պետություն ունենալու մասին իշխանությունների պարբերաբար բարձրաձայնումների հարցին՝ նկատեց, որ գիտությանը հատկացվող պետական միջոցների առումով Հայաստանը տարածաշրջանում ամենավերջին տեղում է.
«Որպեսզի գիտությունը զարգացում ապրի, առաջին հերթին մենք պետք է ունենանք տնտեսություն, և այնպիսի՛ տնտեսություն, որը կարիք կունենա նոր գաղափարների: Կոպիտ ասած՝ եթե չկա այդպիսի տնտեսություն, ապա այդ գաղափարները կիրառելու տեղ չկա: Մենք պետք է ունենանք մշակող գործարաններ, տնտեսական հստակ համակարգ, որը կարիք կունենա նոր գաղափարների: Տնտեսության մասով՝ մենք ունենք այն, ինչ ունենք: Առավել մասնագիտորեն ձեզ կարող է պատասխանել տնտեսության մասնագետը, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ չկա այդ տնտեսությունը»:
Համեմատականներ անցկացնելով հարևան երկրներում գիտության զարգացմանը տրամադրվող պետական միջոցների հետ՝ ակադեմիկոսը բացահայտեց հետևյալ պատկերը. «Ադրբեջանը, օրինակ, երեք անգամ ավելի գիտնականների թիվ ունի և գիտությանը տրամադրվող չորս անգամ ավելի ֆինանսավորում, իսկ արդյունքների հարցում՝ հինգ անգամ զիջում է մեզ: Իսրայելը գիտության վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 4.5 տոկոսը, մենք` 0.25 տոկոսը, Ադրբեջանը` 0.6 տոկոսը, այն դեպքում, երբ Ադրբեջանի ՀՆԱ-ն մեզանից մեծ է մոտ 10 անգամ: Մեր տարածաշրջանում չկա մեկ այլ երկիր, որը գիտությանը տրամադրի այնքան քիչ պետական միջոցներ, որքան մեզ են տրամադրում, մեզանից քիչ չկա, գոյություն չունի: Մենք պետությունից չստացող ֆինանսական բացն աշխատում ենք լրացնել մեր միջազգային կապերով, իսկ մեր գիտնականները շատ ուժեղ միջազգային կապեր ունեն: Բացի այդ, մենք շատ ակտիվ մասնակցում ենք միջազգային դրամաշնորհային ծրագրերին, անում հնարավոր ամենը՝ եղած բոլոր միջոցներով ֆինանսական ստաբիլություն ձեռք բերելու համար»:
Հայաստանում գիտության այսօրինակ պատկեր գրանցելուն նպաստում է նաև գիտության մենեջմենթի ակնհայտ բացը: Դա էլ իր հերթին՝ հատուկ գիտություն է, որը մեզանում չկա, թեև այս ուղղությամբ մենք աշխատանքներ ենք կատարում, ընդհուպ մինչև՝ ԳԱԱ նախագահության կազմում ստեղծել ենք միավոր՝ հատուկ բաժին, որը, ըստ բանախոսի՝ աշխատում է հենց այդ ուղղությամբ:
Անդրադառնալով մեկ այլ ցավոտ թեմայի՝ պետպատվերին, Ռ. Մարտիրոսյանը նկատում է. «ԳԱԱ-ն ինովացիայի ասպարեզում այսօր ձևավորված պետական պատվեր չունի, այսինքն, գիտության արդյունքները կիրառելու համար նախատեսված դաշտ չկա: Հիմա պաշտպանության ասպարեզում նոր համակարգ է ստեղծվում: Պաշտպանության նախարարության կազմում՝ ռազմաարդյունաբերական համալիրի հիմքի վրա, ստեղծվում է հատուկ ինստիտուտ, որը պետք է զբաղվի պաշտպանության խնդիրների ասպարեզում պետական պատվերի ձևավորման գործով: Այս օրինակով բոլոր նախարարությունները կարող էին պատվերների ձևավորման հատուկ ծրագիր կազմել՝ այսպիսով նպաստելով երկու համակարգերի խթանմանը»:
Որպեսզի երիտասարդը գա գիտության ոլորտ, գիտությունը պետք է լինի գրավիչ՝ հաստատում է բանախոսը. «Որպեսզի գիտությունը լինի գրավիչ, երկու խնդիր պետք լուծել՝ աշխատանքը, որ մենք պետք է առաջարկենք երիտասարդին, պետք է հետաքրքրի նրան, և, որպեսզի մարդը դրանով զբաղվի, պետք է գոնե մինիմալ սոցիալական պահանջները բավարարված լինեն: Այս ամենը լուծելու համար ներգրավված երկու կողմ կա՝ մենք և պետությունը: Մենք պետք է այդ աշխատանքն առաջարկենք հնարավորինս հետաքրքիր մոտեցումներով, որպեսզի երիտասարդը ցանկանա մուտք գործել այդ ոլորտ, իսկ պետությունն էլ իր հերթին՝ պետք է սոցիալական խնդիրների վրա ուշադրություն դարձնի:
Հակառակ դեպքում, եթե անգամ երիտասարդը բանակ գնալ-չգնալու խնդիր էլ չունի, նա, միևնույն է, չի ցանկանում մտնել այս ոլորտ, որովհետև Հայաստանում գիտությունը գրավիչ չէ: Հետո շատ կարևոր է, որ մեր գիտության հենքը՝ բազան, նոր լինի, որը մեզ մոտ շատ է հնացել: Մեր գիտնականներն աշխատում են շատ հին սարքավորումներով, որոնք ուրիշ երկրներում վաղուց արդեն փոխված են:
Եթե մենք չունենայինք այլ երկրների հետ գիտական կապեր, ապա մեր գիտական արդյունքները մեր ունեցած տեխնիկական հնարավորություններով հնարավոր չէր լինի ներկայանալի համարել: Հետևաբար՝ հրատապ պահանջ է՝ արդիականացնել մեր գիտական հենքը, իսկ դրա համար կրկին միջոցներ են պետք: Այստեղ պետք է նկատեմ, որ շատ վատ են մասնավոր սեկտորի և գիտության հարաբերությունները: Նրանք ևս գիտությունը շահավետ և գրավիչ ոլորտ չեն համարում, այդ իսկ պատճառով երկխոսություն մեր միջև, որպես այդպիսին, չի կայանում»:
Պատասխանելով 168.am-ի հարցին՝ Կառավարության հետ բանակցությունների առիթով ի՞նչ զարգացումներ են նկատվում ԳԱԱ-ում, բանախոսը նկատեց.
«Վարչապետը երբեք այս կամ այն կերպ չի գնահատել մեր աշխատանքը, այլ ասել է մեկ այլ բան, որին ես անձամբ հակադրվել եմ: Երբ քննարկվում էր 2017 թվականի բյուջեի նախագիծը, նա հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են բաշխվելու պետության կողմից տրամադրվող գումարները: Պետական կոմիտեի նախագահն ասաց՝ այսքան մասը գնալու է հիմնարար հետազոտություններին, այնքան մասը՝ կիրառական պահանջների համար:
Վարչապետն ասաց, որ մենք հիմնարար գիտությամբ չենք զբաղվում, մեզ դա պետք չէ, փոխարենը՝ նախապատվությունը պետք է տալ կիրառական բնույթի ձեռքբերումներին, որպեսզի այսպիսով զարկ տրվի նաև տնտեսությանը: Ես չեմ հերքում, որ ինքն իր տեսակետից ճիշտ է, բայց մյուս կողմից՝ հայտնի է, որ, եթե չկա հիմնարար գիտություն, կիրառական արդյունքներ չեն կարող ակնկալվել: Դրանից հետո մենք մի կարճ հանդիպում էլ ունեցանք նրա հետ, կրկին ԳԱԱ-ում, և հասկացանք իրար»: