ԱԷՄԳ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Սիրիայի հնարավոր միջուկային օբյեկտներին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ակնկալում է 2026 թվականին մուտքի հնարավորություն ստանալ Սիրիայի այն օբյեկտներ, որոնք, ենթադրաբար, կարող են ներգրավված լինել միջուկային զենքի ստեղծման գործում: Այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին էմիրաթական The National թերթին տված հարցազրույցում:
Իսրայելի բանակը 2018 թվականին առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքի Դեյր էզ Զոր քաղաքում 2007 թվականին ռմբակոծել է ենթադրյալ գաղտնի միջուկային ռեակտոր, որն այդ ժամանակ, իբր, գտնվել է մշակման վերջնական փուլում: Այժմ ԱԷՄԳ-ն ցանկանում է վերադառնալ այդ օբյեկտ՝ տեսչական ստուգումների համար:
«Ինչպես հայտնի է, նախորդ կառավարության օրոք կատարվել են գործողություններ, որոնք կարող էին կապված լինել միջուկային զենքի մշակման հետ: Այդ ծրագրի ոչ բոլոր մնացորդներն են հաշվառվել և ստուգվել: Հույս ունենք, որ դա այդպես չէ, բայց դա կարող է լինել (միջուկային զենքի) տարածման հնարավոր աղբյուր, հատկապես ոչ ամենաանվտանգ իրավիճակում, երբ շուրջը գործում են զանազան ռազմական խմբավորումներ», – ասել է նա:
Գրոսին Սիրիայի նոր իշխանությունների կողմից արձագանքը որակել է կառուցողական: Նա հիշեցրել է, որ 2025 թվականին այցելել է միջուկային ծրագրի հնարավոր օբյեկտներից մեկը՝ անցումային շրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ:
«Այս տարի դա կլինի մեր գլխավոր խնդիրներից մեկը», – եզրափակել է ԱԷՄԳ ղեկավարը:
