2025թ. համաշխարհային պարենային գները բարձրացել են 4,3 տոկոսով
Հիմնական պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը 2025թ․ միջինը կազմել է 127.2 միավոր, ինչը 4.3 տոկոսով ավելի է, քան 2024թ․, տեղեկացրել է ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO): Այստեղ նշել են, որ աճը հիմնականում պայմանավորված է բուսական յուղերի եւ կաթնամթերքի ավելի բարձր գնանշումներով: Կազմակերպության գնահատականների համաձայն՝ բուսայուղի գները 2025թ․ 2024թ․ համեմատ աճել են 17.1 տոկոսով՝ հասնելով երեք տարվա ամենաբարձր մակարդակնի՝ համաշխարհային մատակարարման պակասի պայմաններում:
Կաթնամթերքի գները անցյալ տարի աճել են 13.2 տոկոսով՝ «պայմանավորված տարվա սկզբին համաշխարհային ներմուծման մեծ պահանջարկով եւ արտահանման սահմանափակ մատակարարումներով», հաղորդել է «Агроэкспорт»-ը: Բացի այդ, մսի համաշխարհային գները անցյալ տարի աճել են 5.1 տոկոսով: Միեւնույն ժամանակ, հացահատիկի գների ինդեքսը նախորդ տարվա ընթացքում նվազել է 4.9 տոկոսով, իսկ շաքարի գների ինդեքսը՝ 17 տոկոսով, գրանցելով 2020-ից ի վեր ամենացածր տարեկան արժեքը:
