«Հայաստանում մոտ 6000 մարդ տեսողական լուրջ խնդիր ունի, որոնցից 250-ը երեխաներ են». Ակնաբույժ

«2020 թվականին մոլորակի վրա կունենանք մոտավորապես 75 միլիոն կույր մարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ-ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Կույրերի միջազգային օրն է: Լ. Բեկիրսկա-Թամազյանի խոսքով՝ Հայաստանում մոտ վեց հազար մարդ տեսողական լուրջ խնդիր ունի, որոնցից 250-ը երեխաներ են:

Նա նկատեց, որ կա կուրության երկու տեսակ՝ ամբողջական և ժամանակավոր, վերականգնելի: Բանախոսի խոսքով՝ ժամանակավոր կուրության պատճառ կարող է լինել կատարակտը, որի դեպքում տեսողությունը վերականգնելի է. «Ժամանակավոր կուրության օրինակներ են կարճատեսությունը, աստիգմատիզմը, հեռատեսությունը: Սրանք ևս հիվանդություններ են, որոնք երիտասարդացել են: Այս խնդիրների առաջացման հիմնական պատճառներից են հեռուստացույցը, համակարգիչներն ու բջջային հեռախոսները: Եթե նախկինում այս խնդիրները սկսվում էին 13-14 տարեկանից և կոչվում էին «դպրոցական», ապա այժմ սկսվում են 5-6 տարեկանից, քանի որ փոքրիկ բալիկներն անգամ մանկապարտեզում 5-6 տարեկանից մուլտֆիլմեր են դիտում հեռախոսով, խաղեր են խաղում, ինչը կարճատեսության կարող է հանգեցնել: Կարճատեսության դեմ պայքարել չենք կարող, որովհետև երեխայի բոյ քաշելուն համընթաց՝ իր ակնագունդը ևս երկարում է: 17-18 տարեկանում նոր կարելի կլինի լազերային վիրահատությամբ շտկել, իսկ մինչ այդ ցանկալի է՝ երեխան լինի հսկողության տակ: Սննդակարգը հրաշքներ չի գործում, որովհետև հայ բալիկները հիմնականում լավ են սնվում, բայց ես հիմնականում խորհուրդ եմ տալիս երեխաներին կալցիումով հարուստ սնունդ տալ»:

Բանախոսը նշեց, որ վերջին տարիներին աչքի լազերային վիրահատությունների համար դիմողների թիվը շատացել է. «Կարող եմ վստահ ասել, որ մարդիկ, ովքեր անցել են այդ վիրահատությունը, երբ տեսնում են ինչ-որ ընկերոջ, ծանոթի ակնոցով, ստիպում են, որ նա էլ այդ վիրահատությունն անի, որովհետև նշում են, որ ամբողջությամբ փոխվում է իրենց կյանքը»:

Կարդացեք նաև

Ասուլիսին ներկա հոգեբան Աննա Բադալյանը նշեց, որ տեսողական խնդիրները հոգեբանական առումով ազդում են մարդու վրա: Նրա խոսքով՝ եթե տեսողական ընկալումները՝ երևույթների, պատկերների, գույների, բացակայում է, դրանից արդեն ծնվում է մարդու հույսերի, որոշակի էմոցիաների պակաս, արդյունքում՝ մարդու մոտ սկսվում է նյարդային վիճակ:

«Եթե մարդն ի ծնե կույր է, կարողանում է այդ ամենի հետ հարմարվել, բայց որոշակի զրկվածության գործոն կա: Թույլ տեսողության դեպքում հոգեբանական խնդիր է առաջանում պատկերն ամբողջովին չընկալելու պատճառով: Տեսողական խնդիրներ կարող են լինել նաև հոգեբանական գործոնների հիմքով: Կա խնդիր, հատկապես՝ անչափահասների շրջանում, երբ թույլ տեսողությամբ երեխան պետք է դպրոցում ակնոց կրի, և սկսվում են երեխայի նկատմամբ ինչ-որ ճնշումներ: Իր մոտ առաջանում է թերարժեքության բարդույթ»,- նշեց հոգեբանը:

Տեսանյութեր

Լրահոս