«Ֆեյսբուքյան մեկ կամ երկու գրառումը կարելի է ենթադրություն համարել». Մենուա Սողոմոնյանը՝ դասախոսներին հրահանգավորելու լուրերի մասին
«Ինչպես մեծ բանաստեղծն է ասում՝ ազատության ճանապարհը փշոտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ակադեմիական ազատությունների մասին՝ ասաց ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ կա ձգտում՝ կատարելագործելու այն մեխանիզմները, որով պետք է այդ ազատություններին հասնենք:
«Չեմ կիսում այն միտքը, որ ակադեմիական ազատությունները Հայաստանի բուհական համակարգում 0-ի են հասցված: Կանոնադրական նպատակներին առնչվող ազատությունների առումով՝ ասել, որ բուհերը չեն կարողանում ազատորեն սահմանել իրենց հետազոտական գերակայությունները, սահմանել ուղղությունները և եղած ռեսուրսների պայմաններում դրանք իրականացնել, ասել, որ չեն կարողանում սահմանել իրենց կրթական ծրագրերի կառուցվածքը և բովանդակությունը, ասել, որ նման ազատություններ չկան, համաձայն չեմ»,- նշեց Մ. Սողոմոնյանը:
Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող ուսանողների բողոքի ակցիաներին՝ Մ. Սողոմոնյանն ասաց, որ, եթե դասախոսը խոսում է կամ չի խոսում, դա դասախոսի խնդիրն է. «Դասախոսները փաստում են, որ իրենք խնդիր չունեն՝ ազատ խոսելու հետ կապված: Այն, որ ասում են՝ հրահանգավորվում է խոսել կամ չխոսել ինչ-որ բանի մասին, ֆեյսբուքյան մեկ կամ երկու գրառումը կարելի է ենթադրություն համարել: Եթե դեկանը կամ մեկ այլ պաշտոնյա հորդորում է այնպես անել, որ չհրահրեն, չուղղորդեն ուսանողներին դասադուլի, դա շատ հանգիստ կարելի է ներկայացնել՝ որպես կենտրոնից եկած հրահանգ»:
Խոսելով բուհերի քաղաքականացած լինելու մասին՝ Մ. Սողոմոնյանն ասաց, որ պետք է բուհերն ակտիվ մասնակցություն ունենան տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությանը, բայց նաև նկատեց, որ policy-ն չպետք է politics-ի հետ խառնել. «Ես կողմ եմ, որ բուհերն իրենց կանոնադրական նպատակներով պետք է առաջնորդվեն»: