«Դասադուլ հայտարարած ուսանողների առաջարկների մի մասը զինծառայության մասին օրենքի կարգավորման դաշտից դուրս է». Ա. Զաքարյան. tert.am
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, որ այս օրերին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիա է կազմակերպել և հանդես է եկել դասադուլ կազմակերպելու նախաձեռնությամբ, նախօրեին հրապարակավ առաջարկներ է ներկայացրել, որոնց շուրջ Tert.am-ը մեկնաբանություններ է խնդրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանից:
-Պարո՛ն Զաքարյան, տեղյա՞կ եք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության առաջարկների մասին: Երիտասարդները, մասնավորապես, համարում են, որ անհրաժեշտ է օրենքի նախագծում բակալավրի կրթական աստիճանում ընդունելության համար սահմանել չափորոշիչներ տաղանդաշատ աշակերտներին տարկետում տրամադրելու համար, և հաշվի առնելով պետության պահանջարկը, որը պիտի ձևավորվի իրական հետազոտությունների հիման վրա՝ բակալավրի կրթական աստիճանում անհրաժեշտ է տրամադրել սահմանափակ քանակությամբ տարկետման տվող տեղեր։ Ի՞նչ կարծիք ունեք այս առաջարկի վերաբերյալ:
– Անշուշտ, թե՛ ես, թե՛ իմ գործընկերները ծանոթացել ենք հնչած առաջարկներին: Այդ կապակցությամբ նախ կցանկանայի ողջունել կառուցողական քննարկման ձգտումն ու վերահաստատել վարչապետի մոտ կայացած հանդիպման ժամանակ հնչած առաջարկը` ներգրավվել օրենքի ընդունումից հետո ներդրման կարգերի քննարկման գործընթացին:
Ինչ վերաբերում է մեջբերված առաջարկին, ապա պետք է նշեմ, որ բակալավրի կրթության աստիճանում ընդունելության համար չափորոշիչների սահմանումն այս օրենքի կարգավորման խնդիր չէ: Այդուհանդերձ, ինչպես վարչապետի մոտ երկու օր առաջ՝ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպման ընթացքում նշեց պաշտպանության նախարարը, նախաձեռնող խմբի անդամներն անպայման կհրավիրվեն սույն օրենքի ընդունումից հետո կարգավորող ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացին՝ որոնց մեծ մասն իրականացվելու է օրենքի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: Հենց այդպիսի ակտերով պետք է սահմանվեն չափորոշիչները: Ընդ որում, կարելի է արդյունավետ քննարկել այնպիսի չափանիշներ, որոնք հաշվի կառնվեն բակալավրիատուրա ընդունված երիտասարդների կողմից «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում առաջնահերթությունները որոշելիս: Կարևոր է հիշել, որ խոսքը չի վերաբերում որևէ խմբի առհասարակ ծառայությունից ազատելու մասին, ինչը կարող է արվել բացառիկ տաղանդավոր քաղաքացիների պարագայում ՀՀ կառավարության որոշմամբ, այլ միմիայն ծառայության տեսակն ու միջոցը ընտրելուն:
Այստեղ կցանկանայի կանգ առնել նաև պետական պատվեր հասկացության վրա: Պետք է ընդգծեմ, որ այն չի ենթադրում պետության կարիքների համար մասնագետի պատրաստում՝ ազատելով նրան երկրի պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականությունից: Պետական պատվեր նշանակում է՝ աջակցություն այն քաղաքացուն, ով ընտրում է պետության համար առաջնահերթ մասնագիտություն՝ նրա ուսման վարձի փոխհատուցման միջոցով: Այն նաև կարող է հատկացվել այլ մասնագիտությունների գծով՝ անկախ սոցիալական վիճակից քաղաքացուն անվճար բարձրագույն կրթություն ստանալու մրցակցային հնարավորություն տալու համար: Կցանկանայի նշել, որ պետական պատվերը պահպանվում է և առհասարակ քննարկվող օրենսդրական նախագծի կարգավորման առարկա չէ:
-Հասկանալի է, որ խնդիրների զգալի մասը կարգավորվում են այլ հարթության մեջ՝ մասնավորապես կրթության ոլորտում, և նախաձեռնող խումբը, հաշվի առնելով սա, առաջարկում է հետաձգել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումը և դրա ընդունումը համահունչ դարձնել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունմանը: Այսինքն՝ առաջարկվում է գնալ համալիր քննարկման: Այս մասին ի՞նչ կարծիքի եք:
-Այս երկու օրենքների կարգավորումները չեն բացառում միմյանց, և դրանց փոխշաղկապման փորձը որևէ արդյունքի չի հանգեցնելու: Հասկանալի չէ դրանց փոխշաղկապման գործընթացը նաև խորհրդարանական քննարկումների փուլում:
-Նախաձեռնությունը նաև առաջարկում է, որ քանզի բակալավրի կրթական աստիճանում և մագիստրոսի կրթական աստիճանում արդեն սովորողների մոտ առկա է լեգիտիմ ակնկալիք հետագա աստիճաններում տարկետում ստանալու հետ կապված, անհրաժեշտ է ապահովել նախկին՝ տարիներով ձևավորված տարկետման տեղերը: Այսինքն՝ պետք է ենթադրել, առաջարկվում է նոր կարգավորումները չտարածել այն անձանց վրա, ովքեր արդեն գտնվում են ուսումնառության գործընթացում: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այս առաջարկին:
-Նպատակահարմար չէ, քանի որ լեգիտիմ ակնկալիքը որևէ իրավական կարգավորում չունի: Պետությունը չի ստանձնել որևէ պարտավորություն այդ «ակնկալիքի» համատեքստում: Ավելին, այդ ուսանողներին տրամադրվում է «Պատիվ ունեմ» ծրագրի արտոնյալ լուծում, որով բակալավրիատուրան կամ մագիստրատուրան ավարտելուց հետո նրանք կարող են մեկ տարի ուսման միջոցով պատրաստվել և անցնել երկտարեցի սպայի ծառայություն:
– Իսկ ասպիրանտուրայի՞ պարագայում: Նախաձեռնողները համարում են, որ այս պահին ասպիրանտական կրթությամբ սովորողներին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո (անկախ այն հանգամանքից, որ վերջիններս 27 տարին չի լրացել) չպետք է զորակոչել բանակ, քանի որ վերջիններս արդեն իսկ գիտական արդյունք ստեղծողներ են: Այս կատեգորիայի անձանց դեպքում ևս տարկետումը բացառվո՞ւմ է:
– Այս պահին ասպիրանտուրայում սովորողներն առաջարկված օրենքի նախագծով մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը օգտվում են գործող օրենքի բոլոր արտոնություններից՝ անկախ տարիքից։ Հետևաբար այդ խնդիրը կարելի է համարել դրական լուծված:
-Նաև ևս մեկ անգամ, խնդրում եմ, պարզաբանեք պարտադիր զինվորական ծառայության ժամկետների հետ կապված, որովհետև այս հարցում կարծես թե հանրության մոտ կան թյուրըմբռնումներ:
-Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը չի փոփոխվում, այն շարունակվում է մնալ 24 ամիս՝ այսինքն այնպես, ինչպես եղել է: Ընդ որում` մի շարք նոր արտոնություններով` այլևս պարտադիր չէ տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելը: Ծառայող եղբայր ունեցող նորակոչիկները կարող են իրենց ցանկությամբ ծառայությունն անցնել նույն զորամասում, իսկ ընտանեկան դրությամբ արտոնություն ունեցողները ստանում են երկու լրացուցիչ արձակուրդ և չեն ներգրավվում մարտական հերթապահության մեջ:
Իսկ այն երիտասարդներն, ովքեր նպատակահարմար կգտնեն օգտվել «Ես եմ» կամ «Պատիվ ունեմ» արտոնյալ ծրագրերի հնարավորություններից և կկնքեն պայմանագիր նախարարության հետ, ապա նրանց համար՝ որպես զինծառայության այլ կարգավիճակում գտնվող անձինք, կսահմանվեն ծառայության այլ ժամկետներ: